Առողջապահական բաժին

Attachments

Մեր մասին


   Այսօր մարդկության առջև ծառացած են մի շարք արդիական առողջապահական խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ անդրադարձ և լուծում: Այդ խնդիրներից են տուբերկուլոզը, ՁԻԱՀ-ը և թմրամոլությունը: Հայկական Կարմիր խաչի ընկերության Առողջապահական բաժինն ակտիվ պայքար է մղում այս ուղղություններով: Պայքարի նպատակն է կանխարգելել նշված հիվանդությունները և նվազեցնել թիրախ խմբերի խոցելիությունը դրանց նկատմամբ, աջակցել շահառուների բուժման ընթացքին` խթանելով բուժման հետևողականությունը: Կանխարգելիչ միջոցառումներից են լուսաբանումը և կրթումը, որոնք բարձրացնում են իրազեկվածության մակարդակը թե՛ հանրության, և թե՛ շահառուների շրջանում և նվազեցնում են խարանը և խտրականությունը:

Մարտի 24-ը տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է


   Տուբերկուլոզ հիվանդությունը մարդկությանը հայտնի է անհիշելի ժամանակներից: Չնայած այսօր այն բուժելի է, սակայն շարունակում է միլիոնավոր մարդկանց կյանք խլել: Ամբողջ աշխարհում տարեկան հիվանդանում է 8-10 միլիոն մարդ և մահանում է 2.7 - 3 միլիոն մարդ: Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություններից մահվան հիմնական պատճառն է ողջ աշխարհում:
    Հայաստանում այն ևս լուրջ առողջապահական խնդիր է հանդիսանում: Տուբերկուլոզի տարեկան հիվանդացությունը կազմում է մոտ 80 նոր դեպք 100 հազար բնակչի հաշվով: Տուբերկուլոզը 87% դեպքերում ախտահարում է 15-55 տարեկան աշխատունակ տարիքի մարդկանց, ներառյալ 30%-ը, որը բաժին է ընկնում մինչև 24 տարեկան տարիքային խմբին:
    Մարտի 24-ը տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հայկական Կարմիր խաչի ընկերության համար արդեն ավանդույթ է դարձել գործընկերների հետ միասին այս օրը կազմակերպել հանրային միջոցառումներ` ընդգրկելով թե երիտասարդությանը, և թե ընդհանուր բնակչությանը: Այս տարի ևս ՀԿԽԸ-ն, տուբերկուլոզի խնդրով զբաղվող մի շարք կազմակերպությունների հետ համատեղ, որոնք են` ՀՀ Առողջապահության նախարարության Տուբերկուլոզի ազգային գրասենյակը, <<Բժիշկներ առանց սահմանների - Ֆրանսիա>> (ԲԱՍ) կազմակերպությունը և Վորլդ Վիժն Հայաստան հասարակական կազմակերպությունը, կազմակերպել էին միջոցառումներ` բարձրացնելու բնակչության իրազեկվածությունը տուբերկուլոզի խնդրի վերաբերյալ և կոչ անելու դադարեցնել խարանը և խտրականությունը:
   Նախօրեին, ամսի 23-ին, ՀԿԽԸ կամավորները և նշված կազմակերպությունների ներկայացուցիչները շրջեցին Երևանի խոշոր բուհերով և ուսանողության շրջանում բաժանեցին տուբերկուլոզի վերաբերյալ տպագրանյութեր, լուսաբանեցին խնդիրը: ՀԿԽԸ կամավորները նաև հանդիպումներ ունեցան ԲՈՒՀ-երի ուսխորհուրդների հետ և քննարկեցին հնարավոր համագործակցության եզրերը:
   Այնուհետև, ամսի 24-ին, Երևանի ամենաբանուկ մասերից երեքում` Իսահակյանի արձանի, <<Ռոսիա>> կինոթատրոնի և <<Գարեգին Նժդեհ>> մետրոյի հարևանությամբ, տեղադրվեցին տաղավարներ և փակցվեցին տուբերկուլոզի կարգախոսներ կրող պաստառներ: ՀԿԽԸ կամավորները, անձնակազմը և մյուս կազմակերպությունների ներկայացուցիչները հանրությանը բաշխեցին տուբերկուլոզի վերաբերյալ բուկլետներ և տեղեկատվական թերթիկներ, ներկայացրին օրվա ուղերձը և պատասխանեցին թեմայի շուրջ բնակչությանը հուզող հարցերին: Միջոցառումն աշխուժություն մտցրեց և հետաքրքրություն առաջացրեց բնակչության շրջանում: Շատեն իրենք էին մոտենում տաղավարներին` ցանկանալով ստանալ տեղեկատվություն: Որոշներն էլ մանրամասն հարցադրումներ էին կատարում` առավելագույնս իրազեկվելու տուբերկուլոզի վերաբերյալ:
    Նույն օրվա երկրորդ կեսին Սիրահարների այգում կազմակերպվել էր բացօթյա համերգ հանրահայտ <<Ռեինկարնացիա>> ռեգգի խմբի մասնակցությամբ: Համերգի նպատակն էր երաժշտության միջոցով իրազեկել բնակչությանը տուբերկուլոզի խնդրի վերաբերյալ: Երաժիշտները բեմից հղեցին այս տարվա տուբերկուլոզի կարգախոսը, որն է` <<Նոր մոտեցումներ տուբերկուլոզի դեմ պայքարում>>, խոսեցին տուբերկուլոզով մարդկանց իրավունքների պաշտպանությունից և կոչ արեցին մասնակիցներին միավորվել` նվազեցնելու խարանը և խտրականությունը: Համերգն այգի էր բերել հատկապես երիտասարդների մի ստվար խմբի, ովքեր մեծ ոգևորությամբ էին արձագանքում երաժիշտների կոչերին: Համերգի ընթացքում նաև մասնակիցներին բաժանվեցին տեղեկատվական նյութեր տուբերկուլոզի վերաբերյալ: Ողջ այգում փակցված էին տուբերկուլոզի կարգախոսներ կրող, ինչպես նաև <<Ճիշտ է, սխալ է>> պաստառներ:




[ Top ]

Նորություններ

30.06.10
  <<Կողմնորոշվելու ժամանակն է>> ծրագրի...
read more>>

Առավել կարևոր տեքստ

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական կազմակերպություն է, որի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ:     Այն նախապատրաստվում է...
read more>>