Նորություններ
Մայիսի 19-ը ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի...

Մայիսի 19-ը ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրն էր

20.05.2013
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մայիսի 19-ին` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրը, չնայած տեղացած հորդառատ անձրևին ու քամուն, իրականացրեց մոմավառության երթ: Երթին մասնակցեցին ՀԿԽԸ կամավորները: Կարապի լճին հարող տարածքում` դասական երաժշտության ներքո, կազմակերպվեց մոմավառության արարողություն:

ՄԻԱՎ վարակի համաճարակն իր ներգործությամբ և կործանարար չափերով աշխարհում արտակարգ իրավիճակ է ստեղծել: Առաջին անգամ արձանագրվելով 1981թ.-ին ԱՄՆ-ում, այսօր ՄԻԱՎ վարակը տարածվել է աշխարհի բոլոր մայրցամաքներում ու երկրներում` վերաճելով գլոբալ համաճարակի: 2011թ. դրությամբ աշխարհում արդեն ապրում էր մոտ 34 մլն ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: 1988թ. մինչև 2013թ. ապրիլի 30-ը մեր երկրում` ՀՀ քաղաքացիների շրջանում, գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1445 դեպք: ՄԻԱՎ վարակով հիվանդներից 745-ի մոտ (կին` 189, երեխա` 14) ախտորոշվել է ՁԻԱՀ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 328 դեպք: Մահացածների թվում են 57 կին և 6 երեխա: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը 3500 է:

1983թ.-ից ի վեր ողջ աշխարհում մայիսի երրորդ կիրակի օրը նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր: Այդ օրը միլիոնավոր մարդիկ հիշում են ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց, նաև արտահայտում են իրենց համերաշխությունը ՄԻԱՎ-ով ապրողներին: Տարիներ շարունակ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվա շրջանակներում անցկացնում է մոմավառության երթ: Այս արարողությունը կարևոր նշանակություն ունի ՁԻԱՀ-ից մահացածներին հիշատակելու, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցություն ցուցաբերելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու համար: