Նորություններ
Ներկայացվեց ՀԿԽԸ գործունեությունը Կլիմայի...

Ներկայացվեց ՀԿԽԸ գործունեությունը Կլիմայի փոփոխության ոլորտում

06.11.2015
Ներկայացվեց ՀԿԽԸ գործունեությունը Կլիմայի փոփոխության ոլորտում

Նոյեմբերին 5-ին “Անի պլազա” հյուրանոցում տեղի ունեցավ “ԴԵՊԻ ՓԱՐԻԶ"` Հայաստանը Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմերի 21–րդ նստաշրջանի նախաշեմին՚ կոնֆերանսը, որը կազմակերպվել էր “Խազեր” էկոլոգամշակութային ՀԿ-ի կողմից:
Կոնֆերանսը նպատակաուղղված էր Փարզում կայանալիք կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովի խնդիրների լուսաբանմանն ու կոնվենցիայի դրույթների իրականացման Հայաստանի ապագա անելիքների քննարկմանը:

Բացմանը ելույթ ունեցան ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ, Սիմոն Պապյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության խորհրդական`պարոն Ժան-Միշել Կասբարեան, ոլորտի այլ մասնագետներ:

Հայկական Կարմիր խաչի ընկերության «Կլիմայի արևելյան հարթակ» ծրագրի ազգային համակարգող Սուրեն Մովսիսյանը ներկայացրեց ծրագիրն ու Հայկական Կարմիր խաչի ընկերության հետագա գործունեությունը Կլիմայի փոփոխության հարմարվողականության ոլորտում:

Կոնֆերանսի անցկացմանն աջակցել էին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը և ֆրանսիայի դեսպանատունը Հայաստանում:

Կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջազգային ջանքերը սկիզբ առան 1994թ.-ին, երբ ուժի մեջ մտավ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան: Սակայն մինչ այժմ մթնոլորտում ջերմոցային գազերի պարունակության աճը և դրա հետևանքով գլոբալ ջերմաստիճանի աճը չի հաջողվում զսպել: Ներկայումս այն հասել է 0.85 աստիճանի: Հայաստանում այն գերազանցել է մեկ աստիճանը:

Կլիմայի փոփոխության հիմնախնդրի շուրջ 20 տարուց ավել միջպետական սուր և անզիջում բանակցությունները, որոնք դիվանագիտորեն կոչվում են “միջազգային”, վկայում են, որ ներկայումս աշխարհում հաստատված սոցիալական ու տնտեսական զարգացման համակարգում խնդրի լուծումը կասկած է հարուցում: Բավական է նշել, որ տնտեսապես ամենահզոր պետությունները հակառակ նույնիսկ իրենց քաղաքացիների և նրանց ապագա սերունդների շահերի, չեն ցանկանում մասնակցել ջերմոցային գազերի արտանետումների կրճատման նույնիսկ ամենահամեստ համամոլորակային ջանքերին, որոնք նախատեսված են Կիոտոյի արձանագրությամբ:

Հաշվի առնելով, որ ի տարբերություն միջպետական, երբեմն միմյանցից տրամագծորեն տարբերվող շահերից, այդ երկրների քաղաքացիական հասարակության շահերը կլիմայի փոփոխության կանխման հարցում համընկնում են, գտնում ենք, որ պետք է ձևավորել քաղաքացիական հասարակության ներգրավման ու մասնակցության գործուն մեխանիզմ՝ իր հստակ, օբյեկտիվորեն գործող լծակներով:

Փարիզում կայանալիք Կոնվենցիայի Կողմ երկրների 21-րդ համաժողովում նախատեսվում է ընդունել իրավական ուժ ունեցող միջազգային համաձայնագիր, ըստ որի աշխարհի բոլոր պետությունները պետք է ստանձնեն Կլիմայի փոփոխության զսպմանը նպատակաուղղված պարտավորություններ (կամ ինչպես որոշված է անվանել՝ ներդրումներ):

Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը («Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող ներդրումները» INDC-ն) հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2015թ.-ի սեպտեմբերի 10-ի N41 արձանագրային որոշմամբ ու 2015թ.-ի սեպտեմբերի 28-ին ներկայացվել «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի քարտուղարությանը: