Նորություններ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը...

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակում է օգնել կարկուտից տուժածներին

24.01.2014

Հունվարի 17-ից  24-ը Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արդեն երկրորդ անգամ մարդասիրական օգնություն   բաշխեց Արմավիրի մարզի կարկուտից առավել տուժած 15 համայնքներում: Շուրջ 1100 ընտանիք ստացան  հիգիենիկ պարագաների փաթեթներ:

Մարդասիրական օգնության տրամադրումն այս անգամ իրականացվեց Դանիական Կարմիր խաչի ֆինանսական աջակցությամբ, որն այդ նպատակով հատկացրել էր 49 000 եվրո:

Մայիսի 12 -17-ը տեղի ունեցած աղետալի կարկուտը մեծ վնաս հասցրեց Արմավիրի մարզի 46 համայնքների: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հետևանքների գնահատման հանձնաժողովի հաշվետվությունների համաձայն` ամբողջովին կամ մասնակի վնասվել են 46 համայնքների գյուղատնտեսական դաշտերը և այգիները,  տուժել է 12 800 ընտանիք, իսկ վնասի մոտավոր չափը կազմել է 25.268.56 մլրդ. ՀՀ դրամ կամ 60 մլն. ԱՄՆ դոլլար:

Աղետից հետո, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` հետևելով իր մարդասիրական առաքելությանը և ելնելով Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի հիմնարար սկզբունքներից, ակտիվ գործունեություն սկսեց աղետից տուժած համայնքներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: ՀԿԽԸ Արմավիրի մարզային մասնաճյուղի հետ միասին ստեղծված Աղետներին արձագանքման թիմն իրականացրեց արագ գնահատում, որի արդյունքում հստակեցվեցին վնասների մոտավոր չափերը, անհրաժեշտ օգնության տեսակը և առավել խոցելի խմբերը: Այդ ընթացքում կազմակերպվեցին բազմաթիվ հանդիպումներ Արմավիրի մարզային իշխանությունների, համայնքապետերի, բնակչության, ինչպես նաև` այլ միջազգային կառույցների հետ:

Արդյունքում, ՀԿԽԸ-ն որոշում կայացրեց դիմել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին` կարկուտից առավել տուժած 14 գյուղական համայնքներին, որտեղ վնասը կազմում է 100 % և բնակվում են տուժած 7131 ընտանիք, մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Հայկական Կարմիր խաչի ընկերության դիմումն ստացավ դրական արձագանք և հատկացվեց մոտ 100 մլն. ՀՀ դրամ կամ` 224 400 շվեյցարական ֆրանկ:

ՀԿԽԸ-ի կողմից, հաշվի առնելով միջազգային չափորոշիչները, մշակվեցին բաշխման սկզբունքները, յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը և շահառուների ընտրության սկզբունքները՝ առավել խոցելիներին աջակցելու համար:

Աղետից տուժածներին օգնության հասավ նաև Ավստրիական Կարմիր խաչը, որը, 5000 եվրոյի աջակցություն տրամադրեց Բամբակաշատ գյուղում`ՀԿԽԸ-ի միջոցով 112 սննդային փաթեթ բաշխելու համար: