Նորություններ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը...

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շնորհակալագիր ստացավ ՏԿԱԻ նախարարության կողմից

19.10.2015
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շնորհակալագիր ստացավ ՏԿԱԻ նախարարության կողմից

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում կայացավ Եվրոպական հանձնաժողովի՝ Աղետներին նախապատրաստման (ԴԻՊԵԿՈ 3) 3-րդ ծրագրի եզրափակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին տարբեր գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Այն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով վարչության (ECHO) ֆինանսավորմամբ և ՀՀ ՏԿԱԻ, ԿԳ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ու Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ համագործակցությամբ: Ծրագրի կյանքի կոչման գործում ներգրավված են նաև Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Օքսֆամը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, Սեյվ դը չիլդրեն կազմակերպությունը և ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակը: Ծրագրի նպատակն է բարձրացնել աղետներին դիմակայելու կարողությունների մակարդակը և նվազեցնել երեխաների և համայնքների խոցելիությունը բնական աղետներին առավել հակված տարածքներում։


ՏԿԱԻ նախարարի և նախարարության անձնակազմի անունից ողջունելով հյուրերին` ՏԿԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացման գործում ընդգրկված բոլոր կողմերին նշելով.

- Այս ծրագրի նպատակն է նվազեցնել աղետների նկատմամբ խոցելիությունը: Մենք բոլորս գիտենք, որ չնայած նմանատիպ միջոցառումների իրականացմանը և այս ոլորտում հսկայական ներդրումների կատարմանը` աղետները և դրանցից բխող վնասները դեռևս առկա են և նույնիսկ միտում ունեն ավելանալու: Սակայն ծրագրի հիմնական նպատակներից է ձևավորել աղետների դիմակայման մշակույթ, մտածելակերպ և բարձրացնել իրազեկվածության մակարդակը: Մենք բարձր ենք գնահատում բոլոր մասնակից կողմերի աշխատանքը, քանի որ ձեր շնորհիվ կարող ենք նոր սերունդ դաստիարակել և մեծ արդյունք ապահովել աղետների ռիսկի նվազեցման բնագավառում:

ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը ընդգծեց, որ Հայաստանը կարճ ժամանակահատվածում մեծ հաջողություններ է գրանցել ԱՌՆ բնագավառում, ինչը համախմբված և եռանդուն աշխատանքի արդյունք է:

- 25 տարի առաջ մեր երկիրը գրեթե ոչինչ չուներ, բայց այսօր ունենք հզոր նախարարություն, Հյոգոյի գործողությունների ծրագրի շրջանակներում համախմբվել են բոլոր գերատեսչությունները, միջազգային կազմակերպությունները և ընթանում են մեկ ուղղությամբ: Ես համոզված եմ, որ ԴԻՊԵԿՈ 4-րդ ծրագիրը շատ ավելի արդյունավետ է լինելու, ուստի հաջողություն եմ մաղթում հետագա աշխատանքների համար, - եզրափակեց Ն. Գրիգորյանը:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին նշեց, որ թեև ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի ֆինանասվորմամբ, դրան մեծապես աջակցում են ընդգրկված բոլոր շահագրգիռ կողմերը, որոնց միասնական նպատակն է Հայաստանում դիմակայման նոր մշակույթի ձևավորումը:

ԱՌՆ Ազգային պլատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանը ներկայացրեց այս ժականակահատվածում գործընկեր կազմակերպությունների` Հայկական Կարմիր խաչի ընկերության, Օքսֆամի, Սեյվ դը չիլդրենի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակի կողմից իրականացված աշխատանքները, արդյունքներն ու ձեռքբերումները:

Բարձր գնահատելով այդ ԱՌՆ ոլորտում այդ կազմակերպությունների ներդրումը ՏԿԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը նախարարության անունից շնորհակալագրեր հանձնեց ծրագրի շրջանակներում ՏԿԱԻ նախարարության հետ ակտիվորեն աշխատող կազմակերպությունների ներկայացուցիչներին` այդ թվում նաև Հայկական Կարմիր խաչի ընկերությանը:

Միջոցառումը շարունակվեց ՏԿԱԻՆ շարահրապարակում, որտեղ ԴԻՊԵԿՈ III-ի գործընկեր կառույցների շահառուներն իրականացրեցին խաղավարժանքներ` ցուցադրելով այն գիտելիքներն ու հմտությունները, որ ձեռք են բերել ծրագրերի շրջանակներում:

Առաջին կայանում Սեյվ դը Չիլդրըն կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ /օժանդակ/ դպրոցի աշակերտները ներկայացրին Պատանի հրշեջներ փոքրիկ բեմականացումը՝ նվիրված հրդեհի ժամանակ վարքականոններին:

Երկրորդ տաղավարում Հայկական Կարմիր խաչի ընկերության և Օքսֆամի աղետներին արձագանքման համայնքային կամավորական խմբերը դրսևորեցին ՃՏՊ-ի դեպքում ճանապարհային անվտանգության ոլորտում իրենց հմտությունները: Իսկ վերջում, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու թիվ 1 հիմնական դպրոցի երեխաները Գիտելիքը կյանք է խորագրի ներքո ցուցադրեցին ԱՌՆ ֆլեշմոբ:

2014թ. մայիսին մեկնարկած՝ ԴԻՊԵԿՈ III-ը Հայաստանում ներառում էր Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերը և Երևանը: Ծրագրի հիմնական նպատակն էր համայնքների կարողությունների ամրապնդում` աղետների ռիսկի նվազեցման առումով բնակչության խոցելի խմբերի կարիքների հայտնաբերման ու բավարարման միջոցով, աղետներին առավել հակված տարածքներում երեխաների և դպրոցների կարողությունների զարգացում՝ աղետներին առավել լավ պատրաստվելու և արձագանքելու նպատակով, խոցելի խմբերի երեխաների (ներառյալ` հատուկ կարիք ունեցող երեխաների) իրավունքների և կարիքների արտացոլում աղետների ռիսկի նվազեցման ազգային քաղաքականության մեջ և կրթական ծրագրերում աղետների ռիսկերի նվազեցման ուսուցման ներառում։

Մասնավորապես, աղետների նկատմամբ խոցելիության նվազեցմանն ուղղված աշխատանքներ 6 մարզում և Երևանում ընդհանուր առմամբ իրականացվել են 15 հատուկ դպրոցներում, 2 ցերեկային խնամքի կետրոններում, երեխաների խնամքի 6 հաստատությունում, 21 մանկապարտեզում, 10 հանրակրթական և 20 ներառական դպրոցում։

Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում աջակցություն է տրամադրվել 34 համայնքի՝ աղետների և կլիմայի փոփոխության ազդեցություններից քաղաքացիների կյանքն ու կենսապահովման միջոցները պաշտպանելու նրանց կազմակերպչական և տեխնիկական կարողությունները խթանելու նպատակով։ Շիրակի մարզի 86 դպրոցներում իրականացվել են հրդեհներին դիմագրավման կարողությունների խթանման և իրազեկության բարձրացման միջոցառումներ։

Աջակցություն է տրամադրվել ծառայություններ մատուցողներին, համայնքներին և պետական հաստատություններին աղետների ռիսկերի նվազեցման պլաններ մշակելու և իրականացնելու նպատակով։ Բարելավվել է իրազեկության մակարդակը հանրության, մասնավորապես երեխաների շրջանում՝ տարբեր միջավայրերում և տանը աղետների կանխարգելման պարզ անվտանգության միջոցների կիրառումը խրախուսելու նպատակով։