Նորություններ
2015թ. մարտի 19-ին Հայկական Կարմիր խաչի...

2015թ. մարտի 19-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը տոնում է իր գործունեության 95-ամյակը

19.03.2015

Մեզ հավատում եւ վստահում են արդեն 95 տարի

ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանի ուղերձը,

1920 թվականից ի վեր, գրեթե մեկ դար, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն (ՀԿԽԸ) իրականացնում է իր առաքելությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում` համախմբելով մարդասիրության ուժը` ազգաբնակչության խոցելիությունը նվազեցնելու նպատակի շուրջ:

Ազգային ընկերությունը տարիներ շարունակ ակտիվ եւ լայնածավալ գործունեություն է իրականացնում, հանդիսանալով օժանդակ կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում, եւ ցուցաբերելով իր անաչառ օգնությունը բազմազան ուղղություններով, ինչպիսիք են` սոցիալ-առողջապահական, առաջին օգնության, աղետների կառավարման, բնակչության տեղաշարժի, որոնման եւ ընտանեկան կապերի վերականգնման, Երիտասարդական եւ այլն: ՀԿԽԸ գործունեությունը եւ մատուցած ծառայությունները նպաստում են շահառուների եւ խոցելի համայնքների կարիքների թեթեւացմանն ու կայուն զարգացմանը:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ 1995 թվականից եւ նույն թվականին ճանաչվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Այս տարիների ընթացքում, մեր անձնակազմի ու կամավորների նվիրումի եւ անշահախնդիր աշխատանքի շնորհիվ ավելացել է մեզ վստահողների ու մեզ հետ համագործակցողների թիվը: Այդ կապակցությամբ, շնորհակալություն են հայտնում բոլոր կամավորներին, բարերարներին ու գործընկերներին, որոնց մարդասիրական ոգու շնորհիվ է իրականացվում մեր առաքելությունը: Մենք օգնում ենք Ձեր օգնությամբ:

Այս պահին աշխարհի տարբեր ծայրերում շարունակվում են պատերազմներն ու ճգնաժամերը: 21-րդ դարում մարդիկ դեռ շարունակում են տառապել բռնությունից, սովից ու հիվանդություններից:

Մարդասիրությունն է այն միակ ուժը, որի շնորհիվ հնարավոր է, եթե ոչ լիովին կանխարգելել, ապա գոնե մեղմել մարդկային տառապանքները: Բոլորս ենք պարտավոր միավորվել այդ գաղափարի շուրջ` մեր կողքին ապրող եւ օգնության կարիք ունեցող մարդկանց ձեռք մեկնելու համար: