Նորություններ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը...

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հյուրընկալեց ավստրիական պատվիրակությանը

19.02.2014

Փետրվարի 18-ին, Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր գրասենյակում հյուրընկալվել էր Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարաբերությունների դաշնային նախարարության Արևելյան Եվրոպայի  համագործակցության զարգացման ծրագրերի ղեկավար դոկտոր Շտեֆան Շոլցի գլխավորած պատվիրակությունը:  

Պատվիրակության կազմում էին  Ավստրիայի դեսպանատան Տեխնիկական համագործակցության համակարգման գրասենյակի ղեկավար Գյունտեր Զիմերը, Ավստրիայի զարգացման գործակալության միջազգային ծրագրերի ղեկավար Ռոբերտ Զեյները, Ավստրիայի զարգացման գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի մասնագետ  Նիկոլոս Գրդելիձեն և Ավստրիական Կարմիր խաչի Հարավային կովկասում պատվիրակության ղեկավար Սոնյա Գրեյները:

Այցի նպատակն էր ծանոթանալ Հայկական Կարմիր խաչի գործունեությանը, մասնավորապես` Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական Կարմիր խաչի աջակցությամբ իրականացվող ծրագրերին:

Ողջունելով հյուրերին` ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, ներկայացնելով Հայկական Կարմիր խաչի ընկերության պատմությունն ու գործունեության ուղղությունները, նշեց, որ 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո ազգային ընկերությունը նոր թափով ծավալեց իր գործունեությունը, և օգնության ծրագրերից անցավ զարգացման ծրագրեր իրագործելուն և այսօր գործընկերների ծավալուն ցանկ ունի: Հին ու նոր գործընկերների թվում են նաև մյուս ազգային ընկերությունները, որոնց աջակցությամբ բազմաբնույթ ծրագրեր են իրականացվում: Անդրադառնալով Ավստրիական Կարմիր խաչի հետ համագործակցությունը Գլխավոր քարտուղարը  նշեց.

- Մեր համագործակցությունը Ավստրիական Կարմիր խաչի հետ սկսվեց 2011թ.: Մենք սկսեցինք աշխատել միանգամից մի քանի ուղղություններով`ծրագրեր իրականացնելով սոցիալ-հոգեբանական աջակցություն, կլիմայի փոփոխության և աղետների կառավարման ոլորտներում: Թույլ տվեք, առիթն օգտագործելով, շնորհակալություն հայտնել նաև այն մեծ գործի համար, որ դուք արել եք 1988թ.-ի երկրաշարժից հետո` Գյումրիում հատուկ թաղամաս կառուցելով կառուցելով հաշմանդամների համար, որ մինչև հիմա էլ այդպես էլ կոչվում է` «Ավստրիական թաղամաս»:

Ավստրիական պատվիրակության անդամներին հետաքրքրեցին փախստականների համար Հայկական Կարմիր խաչի կողմից իրականացվող ծրագրերը` հատկապես, որ 2013թ. հոկտեմբերից  Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Ավստրիական Կարմիր խաչի օժանդակությամբ  իրագործվում է «Աջակցություն սիրիահայերին» ծրագիրը:

ՀԿԽԸ Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը  ներկայացրեց ծրագրի շրջանակներում սիրիահայերին տրամադրվող աջակցության բնույթը, շեշտելով, որ, բացի սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներից ու դեղամիջոցներից, առանձանահատուկ ուշադրություն է դարձվում նրանց համար ինտեգրման հնարավորությունների ստեղծմանը` մասնավորապես,   սեփական փոքր բիզնես սկսելու համար գործիքների և համապատասխան խորհրդատվության տրամադրմանը: Հետագայում նախատեսվում է ծրագրերում ներառել նաև մի քանի շահառուների կողմից համատեղ բիզնես սկսելուն աջակցելու բաղադրիչ:

Ծրագրում ներգրավված շահառուների խնդիրներին ու կարիքներին առավել մոտիկից ծանոթանալու համար, ավստրիական պատվիրակության ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին հանդիպել նրանցից մի քանիսի հետ: Հայաստանում հաստատված չորս սիրիահայերի հետ զրույցից պարզվեց, որ նրանք, շնորհակալ լինելով արդեն տրամադրվող օգնության համար, կնախընտրեին, որ իրենց համար սեփական գործով զբաղվելու հնարավորություններ տրվեին` որպեսզի իրենք կարողանան արժանապատիվ կյանքով ապրել այստեղ: Ըստ այդմ, ծրագրում ներառված` սեփական բիզնեսին աջակցելու գաղափարը հետագայում ընդլայնելու և զարգացնելու  առաջարկ արվեց:

Սիրիահայերի խնդիրների քննարկմանը հաջորդեց Ավստրիական Կարմիր խաչի և Ավստրիական զարգացման գործակալության  ֆինանսական աջակցությամբ իրականացվող  «Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ» ծրագրի ձեռքբերումների ներկայացումը: Ծրագիրն սկսվել է 2012 թվականի դեկտեմբերի 1-ին և շարունակվելուէ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 1-ը: Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել գյուղական և քաղաքային համայնքների բնակչության խոցելիությունը աղետների նկատմամբ:

Ասվտրիական պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` ծրագերի վերաբերյալ տրամադրված տեղեկատվության և շահառուների հետ շփվելու ու նրանց կարիքների հասկանալու հնարավորության համար: Նրանք վստահություն հայտնեցին, որ երկու կողմերի արդյունավետ  համագործակցությունը շարունակական կլինի: