Նորություններ
Ավստրիայի զարգացման գործակալության միջազգային...

Ավստրիայի զարգացման գործակալության միջազգային ծրագրերի տնօրեն Ռոբերտ Զեյներն այցելեց ՀԿԽԸ

15.12.2015
Ավստրիայի զարգացման գործակալության միջազգային ծրագրերի տնօրեն Ռոբերտ Զեյներն այցելեց ՀԿԽԸ

Դեկտեմբերի 15-ին, Հայկական Կարմիր խաչի ընկերությունում էր ավստրիական պատվիրակությունը, որը ղեկավարում էր Ավստրիական զարգացման գործակալության միջազգային ծրագրերի տնօրեն Ռոբերտ Զեյները: Պատվիրակության կազմում էին նաև ավստրիական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Այցի նպատակն էր ծանոթանալ "Աջակցություն սիրիահայերին և նրանց կարողությունների հզորացում" ծրագրի Առաջին և երրորդ փուլերի, ինչպես նաև “Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ” ծրագրի ընթացքին:

Ողջունելով հյուրերին ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը շնորհակալություն հայտնեց Ավստրիական կառավարությանը և Ավստրիայի զարգացման գործակալությունը` բարձր մակարդակի համագործակցության և շարունակական աջակցության համար: Գլխավոր քարտուղարը ողջունեց ավստրիական պատվիրակության պարբերական այցերը և գործակալության կողմից ֆինանսավորվող ծրագրերն ուշադրության կենտրոնում պահելը: Նա կարևորեց հատկապես լրագրողների հետ իրականացվող այցելությունները, քանի որ նրանց պատրաստած նյութերը, որոնք տեղ են գտնում մամուլում և հեռարձակվում հեռուստատեսությամբ, հնարավորություն են տալիս հաշվետու լինել Ավստրիայի հանրության առաջ, քանի որ այնտեղ իրականացվող հանգանակությունների շնորհիվ են գոյանում անհրաժեշտ միջոցները:

Այնուհետև, Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը ներկայացրեց ծրագրերի ընթացքը, ձեռքբերումներն ու դժվարությունները:

Հյուրերը հնարավորություն ունեցան զրուցել ծրագրի շահառու սիրիահայերի հետ և լսել նրանց կարծիքը ծրագրերի ընթացքի ու արդյունավետության մասին: Վերջիններս իրենց գոհունակությունը հայտնեցին Հայկական Կարմիր խաչի կողմից սիրիահայերի համար իրագործվող ծրագրերի վերաբերյալ, որոնց շնորհիվ կարողանում են աշխատել, ապրել և ինտեգրվել հասարակությանը:

Ավստրիացի լրագրողներն այցելեցին նաև մի քանի սիրիահայերի տներ` նրանց կենցաղին ու աշխատանքին ավելի մոտիկից ծանոթանալու և ծրագրի ընթացքը լուսաբանելու համար: