Նորություններ
«Կլիմայի արևելյան հարթակ II» ծրագրի...

«Կլիմայի արևելյան հարթակ II» ծրագրի շրջանակներում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր և հայտարարվեց դրամաշնորհների մրցույթի մասին

08.08.2015

Օգոստոսի 7-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակում «Կլիմայի արևելյան հարթակ II» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Կլիմայի հայկական հարթակ»-ի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր՝ հարթակի անդամ կազմակերպությունների միջև: Ընդհանուր առմամբ 16 հասարակական կազմակերպություն կշարունակեն իրենց աշխատանքը՝ 2013թ. ստեղծված «Կլիմայի հայկական հարթակ»-ի շրջանակներում՝ Կլիմայի փոփոխության ոլորտում տեղի ունեցող համաշխարհային զարգացումներին համահունչ, այդ թվում նաև կլիմայի փոփոխության հարմարվողականության բնագավառում համագործակցության միջոցով համայնքների կայուն զարգացման ապահովման խնդիրը լուծելու համար:

Հանդիպման ընթացքում «Կլիմայի հայկական հարթակ»-ի անդամ կազմակերպությունների համար հայտարարվեց «Կլիմայի արևելյան հարթակ II» ծրագրի շրջանակներում նախատեսված երեք դրամաշնորհային մրցույթների մասին՝ «Տեղական մակարդակում Կլիմայի փոփոխության հարմարվողականության գործողությունների պլանի մշակում», «Կլիմայի փոփոխության և առողջապահության ոլորտների ռազմավարության վերլուծություն» և «Ազգային երկխոսության, բնակչության իրազեկման բարձրացման և կրթական ոլորտներում նյութերի նախապատրաստում» թեմաներով: Հարթակի բոլոր անդամ կազմակերպությունները տեղեկացել և իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցելու մրցույթներին:

«Կլիմայի արևելյան հարթակ» ծրագիրը, որը իրականացնում է Հայկական կարմիր խաչի ընկերությունը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Լրացուցիչ ֆինանսավորումը տրամադրվել է Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական Կարմիր խաչի ընկերության կողմից: Ծրագրի նպատակն է ընդլայնել ԿՓՀ ոլորտում գործող առկա 6 Ցանցերի և դրանց անդամ կազմակերպութոյւնների կարողությունները՝ ԱԳ տարածաշրջանում ազգային և տեղական մակարդակում քաղաքականության ձևավորման գործընթացին, հանրային իրազեկման բարձրացմանը և Կլիմային փոփոխության ու բնապահպանության կառավարման ոլորտում կրթությանը նպաստելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության վեց երկրներում: Ծրագրի տևողությունն է 2015թ. հունվարից մինչև 2017թ. հունիսը: