Նորություններ
Դասընթացներ` Անհայտ կորած անձանց ընտանիքների...

Դասընթացներ` Անհայտ կորած անձանց ընտանիքների համար

17.06.2015
Դասընթացներ` Անհայտ կորած անձանց ընտանիքների համար

Արարատի և Արմավիրի մարզերի` Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների համար Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, կազմակերպել էր խոհարարական, ասեղնագործության և հելունագործության դասընթացներ: Դասընթացների ժամանակ ձեռք բերված գիտելիքների շնորհիվ մասնակիցները հնարավորություն կունենան նաև աշխատանք գտնել:

ԿԽՄԿ գրասենյակներում Ղարաբաղյան հակամարտության հետևանքով 4541 անհայտ կորած անձի վերաբերյալ որոնման հայտեր են գրանցված, որոնցից 400-ը` Հայաստանում: Նույնիսկ տասնյակ տարիներ անց անհայտ կորածների ընտանիքներն (ԱԿԸ) ունեն տնտեսական, իրավական, հոգեբանական և/կամ սոցիալական կարիքներ:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, 2011 թվականից մինչ այժմ իրականացնում է «Սատարում անհայտ կորածների ընտանիքներին»:

Այս ծրագրի շրջանակներում անհայտ կորածների ընտանիքների համար կազմակերպվում են հանդիպումներ առողջապահական, սոցիալական, իրավաբանական ոլորտի մասնագետների հետ, ինչպես նաև մշակութային միջոցառումներ, դասընթացներ: Հանդիպումներն ու միջոցառումները ՀՀ մարզերում իրականացվում են ՀԿԽԸ մարզային և տարածքային մասնաճյուղերի միջոցով:

Մեկնարկից մինչ օրս ծրագրում ներգրավվել են 47 ընտանիք Սյունիքից, 5 ընտանիք` Վայոց ձորից, 15 ընտանիք` Գեղարքունիքից, 12 ընտանիք Շիրակից, 23 ընտանիք` Լոռիից, 41 ընտանիք` Արմավիրից, 32 ընտանիք` Արարատից, 11 ընտանիք` Տավուշից: