Նորություններ
ԱՌԿ ԴԻՊԵԿՈ ծրագրի համակարգող հանձնաժողովի նիստը

ԱՌԿ ԴԻՊԵԿՈ ծրագրի համակարգող հանձնաժողովի նիստը

30.07.2015

Հուլիսի 30-ին, Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով Գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող Աղետների ռիսկի կառավարման տարածաշրջանային ծրագրի հայաստանյան բաղադրիչի (ԴԻՊԵԿՈ) Համակարգող հանձնաժողովի նիստը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ՏԿԱԻՆ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, ՀԳԾ համակարգող Նիկոլայ Գրիգորյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի և կրթության ու գիտության նախարարությունների ներկայացուցիչներ, ՅՈՒՆՍԻԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, “ԱՌՆԱՊ” հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը, Վորլդ Վիժն “Օքսֆամ”, “Սեյվ դը չիլդրեն” կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հարավային Կովկասում Դանիական Կարմիր խաչի ԱՌՆ պատվիրակ Թիմ Մակիլներին և ոլորտի այլ փորձագետներ:

Բացելով հանդիպումը և ողջունելով ներկաներին, ՀԿԽԸ Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը, տեղեկացրեց, որ ԴԻՊԵԿՈ-ի գործընկերների, նախարարությունների և ԱՌՆԱՊ-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում սա արդեն II նիստն է ու ներկայացրեց օրակարգը:

- Այսօր ԴԻՊԵԿՈ ծրագիրն իրականացնող մեր գործընկերների հետ կքննարկենք այս տարվա մարտից հունիս ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու մարտահրավերները: Թիմ Մակիլներին կներկայացնի Ալմաթայում կայացած “Քաղած դասեր” աշխատանքային հանդիպման արդյունքները, որոնք անմիջականորեն մեզ են վերաբերում, - ասաց նա:

ՀՀ ՏԿԱԻՆ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը կարևորեց ծրագրի իրագործման և գործընկերների այս ցանցի կարևորությունը Հայաստանի համար, քանի որ, ըստ նրա, 1988թ. երկրաշարժից հետո ԱՌՆ ոլորտում բոլոր խնդիրները չէ, որ լուծված են.

- Իրավիճակի վերլուծությունը թույլ է տալիս պնդելու, որ դրա հիմնական պատճառը դիմակայունության մշակույթի անբավարար մակարդակն է, և որ ամենակարևորն է՝ դրա ձևավորման ու տարածման միակ ուղին արդյունավետ քաղաքացիության ձևավորումն է կրթական համակարգի միջոցով, ինչը ներառում է՝ քաղաքացիական գիտելիքների մշակույթի ձևավորում ու զարգացում, հմտություններ, մտածելակերպ, ապահովություն և դիմակայունություն, որն էլ պահանջում է համառ, երկարատև ու հետևողական աշխատանք՝ բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի համադրմամբ: Կարելի է փաստել, որ ԱՌՆ կրթության ոլորտում վերջին տարիներին Հայաստանը բավականին մեծ առաջընթաց է գրանցել՝ ներառելով ԱՌՆ բաղադրիչը տարբեր օրենսդրական ու ռազմավարական փաստաթղթերում, ուսումնական ծրագրերում, ինչպես նաև տարբեր մակարդակներում իրակակացվող այլ ծրագրերում:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, նշեց որ մեծ բավականությամբ է աշխատել այստեղ.

- Շատ եմ կարևորում այս համակարգված աշխատանքը: Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուշադրության կենտրոնում են անվտանգ դպրոցները: Մենք պետք է հասկանանք դրանց կառուցվածքը և դպրոցին նայենք անվտանգ համայնքի տեսանկյունից: Շնորհակալ եմ արդյունավետ համագործակցության համար:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ԱՌՆ ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը, շարունակելով, ներկայացրեց, որ աշխատում են ԱՌՆԱՊ-ի և Վորլդ Վիժն Հայաստանի հետ, և որ լուրջ ձեռքբերումներ կան հատկապես ռազմավարական փաստաթղթերի մշակմանն աջակցելու ոլորտում, մասնավորապես Դպրոցների կառուցման ուղեցույցի, ԱՌՆ Ազգային ռազմավարության վերանայման և այլն:

Սեյվ դը Չիլդրենի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արսեն Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին` իրազեկման նյութերի համատեղ պատրաստման համար, ներկայացրեց կազմակերպության իրականացրած աշխատանքը ու նշեց, որ ցանցը դեռ անելիք ունի շահերի արդյունավետ պաշտպանության ոլորտում:

Այնուհետև, ՀԿԽԸ Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը ներկայացրեց ծրագր Ազգային ընկերության գործունեությունը.

- ԴԻՊԵԿՈ-ն իրագործվում է երկու մակարդակով` տարածաշրջանային և ազգային: Առաջին մակարդակում մենք այս ընթացքում Դանիացի 2 փորձագետ հյուրընկալեցինք, որոնք գնահատում իրականացրեցին, ինչպես նաև կոնսորցիումի հանդիպման մասնակցեցինք Թբիլիսիում:

Երկրորդ` ազգային մակարդակում շարունակել ենք Համայնքային կամավորական թիմերի կարողությունների զարգացումը. Նրանց համար այցեր ենք կազմակերպել հրշեջ մասեր, որտեղ թիմի անդամները թարմացրել են իրենց գիտելիքները հրդեհաշիջման վերաբերյալ: Կուզենայի նշել նաև այն քայլերը, որ արվել են Մանթաշի ջրամբարում և վթարի դեպքում հնարավոր ջրածածկման գոտում հայտնվող համայքներում ազդարարման համակարգի հիմնման նախագիծը: Այս կապակցությամբ, ՏԿԱԻ նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի հետ սերտորեն համագործակցում ենք` նախագիծը սեղմ ժամկետներում իրագործելու համար:

“Օքսֆամ” Հայաստանյան գրասենյակի ԱՌՆ ծրագրի ղեկավար Զարուհի Տոնոյանը ներկայացրեց Վայոց ձորում ու Տավուշում` “Հույսի կամուրջ”-ի հետ իրականացվող ծրագրերը, աշխատանքը երիտասարդների ու հաշմանդամություն ունեցող անձանց հետ:

Իրականացված աշխատանքների ներկայացումից հետո ծավալվեց քննարկում ԱՌՆ որոլտում վերջին զարգացումների, մասնավորապես, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. Գործողությունների ծրագրին Հայաստանի ռազմավարությունները և գործողությունների պլանները համապատասխանեցնելու, միջազգային կառույցների հետ միասնաբար աշխատելու, ինչպես նաև ցանցի ներսում համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու վերաբերյալ:

Դանիական Կարմիր խաչի ԱՌՆ պատվիրակ Թիմ Մակիլներնին, ներկայացնելով Ալմաթիում կայացած “Քաղած դասեր” հանդիպման արդյունքները, նշեց, որ Հարավային Կովկասի փորձը օրինակելի է մյուս տարածաշրջանների համար, քանի որ գործընկերների միջև նման արդյունավետ համագործացկություն միայն այստեղ է կայացել:
Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին միմյանց` համագործակցության համար: