Նորություններ
Մեկնարկում է Հարավային Կովկասում ԴԻՊԵԿՈ ծրագրի...

Մեկնարկում է Հարավային Կովկասում ԴԻՊԵԿՈ ծրագրի 4-րդ փուլը

26.06.2016
Մեկնարկում է Հարավային Կովկասում ԴԻՊԵԿՈ ծրագրի 4-րդ փուլը

Հունիսի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ` «Աջակցություն Հարավային Կովկասի խոցելի համայնքներում և հաստատություններում աղետների ռիսկի նվազեցմանը» ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառումը, որը վարում էին Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Քեթևան Լոմսաձեն և ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը: Հանդիպմանը մասնակցում էին ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները:

Ծրագիրը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը` աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ԴԻՊԵԿՈ ծրագրի ներքո, և իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԶԾ, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի և «Սեյվ դր չիլդրեն» կազմակերպության կողմից:

Գործընկերներն են ՀՀ ԱԻ, ԿԳ և ՏԿԶ նախարարությունները, ԱՌՆԱՊ հիմնադրամը, մարզային և համայնքային կառույցներ, կրթական մարմիններ, ինչպես նաև համայնքների դպրոցական երեխաներն ու ընտանիքները:

ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի և իր անունից ողջունելով հյուրերին՝ ԱԻ փոխնախարար Հ. Հակոբյանը նշեց, որ ընդամենը մի քանի ամիս առաջ նույն դահլիճում գործընկեր կազմակերպություններն ամփոփեցին ԴԻՊԵԿՈ ծրագրի 3-րդ փուլը, որի արդյունքում ծրագիրն իրականացնողների ձեռքբերումներն արժանացան բարձր գնահատականի: Փոխնախարարն ընդգծեց, որ առանձնակի ուշադրություն է արժանի նաև համագործակցության այն ձևաչափը, որ ձևավորվել էր գործընկեր կազմակերպությունների միջև:

- Աղետների ռիսկի կառավարմանն ուղղված մեր համատեղ ջանքերը կունենան շարունակություն և ավելի կընդլայնվեն: ԴԻՊԵԿՈ-ի գործընկերների իրականացվող ծրագրերն ամբողջությամբ արտահայտում են ԱԻ նախարարության մոտեցումները, համահունչ են ԱՌՆ ազգային ռազմավարության առաջնահերթություններին և լիովին համընկնում են ԱԻ նախարարության ռազմավարության հետ: Ուստի՝ մենք կներդնենք մեր ողջ ներուժը, որպեսզի աջակցենք դրանց արդյունավետ իրականացմանը: Հաճելի է նշել, որ ծրագրի այս փուլում մեզ են միացնել նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը: Սա նշանակում է, որ կարող ենք ակնակալել ավելի մեծ արդյունքներ՝ տարատեսակ աղետների դեմ պայքարի և կանխարգելման տեսանկյունից, - եզրափակեց Հ. Հակոբյանը:

Հանդիպմանը ներկա ՀՀ ԿԳ փոխնախարար Մ. Մկրտչյանն ընդգծեց, որ ԴԻՊԵԿՈ 4 ծրագրի հաջողության տեսլականը և գրավականը նախորդ փուլերի ընթացքում արձանագրված նշանակալի ձեռքբերումներն են:

Հայաստանում ԵՄ համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աջեմյանը նշեց, որ ԵՄ-ը Հայաստանում օժանդակում է բազմաթիվ ծրագրերի, բայց այս մեկն առանձնանում է իր կարևորությամբ, քանի որ այն մեծ ուշադրություն է դարձնում ուսումնական հաստատություններին:

Հայկական Կարմիր խաչի ընկերության Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը ներկայացրեց ծրագրի նախորդ երեք փուլերի ընթացքում գրանցված ձեռքբերումներն ու նոր փուլում ծրագրված քայլերը:

ԴԻՊԵԿՈ 4 ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել աղետավտանգ համայնքների խոցելիությունը և ամրապնդել դրանց դիմակայունությունը բնական և մարդածին աղետների նկատմամբ: Ծրագիրը կիրականացվի Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Արմավիրի, Սյունիքի մարզերում և Երևանում՝ որպես առաջնահերթ թիրախ ընտրելով երեխաներին, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց: Այն կոչված է նաև բարելավելու դպրոցների և նախադպրոցական հաստատությունների ԱՌՆ կարողությունները և արդյունքում նվազեցնելու աղետների ռիսկը: Իրականացնելով ծավալուն գործողություններ՝ ծրագիրը կխթանի ԱՌՆ ոլորտում աշխատող առաջատար կազմակերպությունների, պետական կառույցների, ԱՌՆ ազգային պլատֆորմի և Հարավային Կովկասում այլ ազգային և տարածաշրջանային կառույցների միջև համագործակցությունը:

ԴԻՊԵԿՈ ծրագրերի շրջանակում 2010 թ. ի վեր զգալի ջանքեր են ներդրվել ներառական, հատուկ դպրոցների ու նախադպրոցական հաստատությունների, ինչպես նաև երեխաների խնամքի կենտրոնների խոցելիության նվազեցման գործում: Աջակցություն է տրամադրվել թիրախային համայքներին՝ բարձրացնելու նրանց դիմակայունությունը, մարդկային կյանքեր ու կենսապահովման միջոցները փրկելու կարողությունները, ինչպես նաև մեղմելու աղետների և կլիմայի փոփոխության ազդեցությունները: Համայնքային դպրոցներում իրականացվել են տարհանման, հրշեջ պաշտպանության, ԱՌՆ այլ դասընթացներ և ուսուցողական միջոցառումներ: