Նորություններ
Քննարկում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի...

Քննարկում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում սոցիալական խնամքի նոր մոդելի ներդրման վերաբերյալ

21.05.2015
Քննարկում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում սոցիալական խնամքի նոր մոդելի ներդրման վերաբերյալ

Մայիսի 20-ին Հայկական և Շվեյցարական Կարմիր Խաչի ընկերությունների պատվիրակությունը հանդիպեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանի հետ: Հայկական Կարմիր խաչ ընկերությունը և նախարարությունը երկար տարիներ է, ինչ համագործակցում են՝ համատեղ իրականացնելով սոցիալական պաշտպանության ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրեր:

Պատվիրակության անդամները ներկայացրեցին տարեցների հիմնահարցերի ոլորտում իրականացված հետազոտություններն ու ուսումնասիրությունները, ինչպես նաև տնային խնամքի կազմակերպման նոր մոդելն ու հետագա ծրագրերը: Հայկական կարմիր խաչ ընկերությունը՝ Շվեյցարական կարմիր խաչի օժանդակությամբ նախատեսում է Հայաստանում ներդնել տարեցների տնային խնամքի նոր մոդել: Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել Շիրակի և Լոռու մարզերում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պատրաստակամության համար՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը նշեց.

- Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` հանդիսանալով օժանդակ կառույց կառավարությանը` մարդասիրական ոլորտում, երկար տարիներ գործունեություն է իրականացնում բազմաթիվ ոլորտերում, մոբիլիզացնելով մարդասիրության ներուժը, աջակցելու բնակչության խոցելի խմբերին: Մեր ռազմավարական ուղղություններից է սոցիալ-առողջապահական ուղղությունը, և այժմ Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ մենք ծրագրում ենք ընդլայնել այս ուղղությամբ մեր գործունեությունը և սոցիալ-առողջապահական խնամքի նոր մոդել ներդնել համայնքներում: Պլանավորման այս փուլում կարևորում ենք պետական կառույցների ներգրավումը և շնորհակալ ենք համագործակցության համար:

Իր հերթին շնորհակալություն հայտնեց նաև տիկին Բաղդասարյանը՝ կատարված աշխատանքի, ակնկալվող աջակցության և օգտակար տեղեկատվության համար.

- Տարեցների հիմնահարցերը գտնվում են բարեփոխումների փուլում: Վերանայվում են մատուցվող ծառայությունների որակը, մշակվում են նոր չափորոշիչներ ու մոտեցումներ, ինչպես նաև կիրառվում է միջազգային փորձը: Համոզված եմ, որ հետագա համագործակցության ու համատեղ աշխատանքի արդյունքում տարեցների տնային խնամքի կազմակերպման գործընթացը կարձանագրի լուրջ հաջողություններ:

Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչ տիկին Ռուչմանն էլ հավաստեց, որ ներկայացված մոդելը կներդրվի մեր երկրի ավանդույթների և ձևավորված կենսակերպին համաձայն:

- Ծրագրի մեկնարկից առաջ լրացուցիչ ուսումնասիրություններ կկատարվեն՝ հիմնովին գնահատելով շահառուների կարիքներն ու մատուցվող ծառայությունների որակը: Ըստ անհրաժեշտության կվերապատրաստվեն բոլոր մասնագետները, կմշակվեն նոր չափանիշներ ու գործիքակազմ: Մենք պատրաստ ենք երկարաժամկետ ներդրումներ կատարել՝ շտկելու ոլորտում եղած բացթողումները, - իր խոսքում ընդգծեց տիկին Ռուչմանը:

Նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանն էլ խոսեց ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման գործընթացի, սոցիալական աշխատանքի, սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման ու դերի, մատուցվող ծառայությունների գործում նրանց ակտիվ մասնակցության կարևորության մասին: