Նորություններ
Քննարկում Լոռու մարզի մարզպետարանում`...

Քննարկում Լոռու մարզի մարզպետարանում` սոցիալ-առողջապահական խնամքի նոր մոդելի վերաբերյալ

20.05.2015
Քննարկում Լոռու մարզի մարզպետարանում` սոցիալ-առողջապահական խնամքի նոր մոդելի վերաբերյալ

Մայիսի 15-ին, Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը հանդիպեց ՀՀ Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչներ Քրիստինե Ռութչմանը, Սյուզաննա Էգլոֆֆը, Ռաիսա Սինելնիկավան և Լենա Կռիլովան: Հանդիպման նպատակն էր քննարկել «Համայնքային տնային խնամքի, ադվոկացիայի և առողջապահության խթանում՝ մեծահասակների և կարիքավորների շրջանում» ծրագիրը, որը, Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ մոտ ապագայում կներդրվի Շիրակի մարզում:

ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, ներկայացրեց Լոռու մարզում Հայկական Կարմիր խաչի գործունեությունն ու ձեռքբերումները, նշելով նաև մարզպետարանի հետ արդյունավետ համագործակցությունը.

- Ազգային ընկերությունը, հանդիսանալով օժանդակ կառույց կառավարությանը` մարդասիրական ոլորոտում, անում է հնարավոր ամեն ինչ` թեթևացնելու պետության հոգսը, ինչպես նաև աջակցելու այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը կա: Սոցիալ-առողջապահական այս նոր մոդելի ծրագիրը երկարաժամկետ է, սակայն մենք ակնկալում ենք պետական մարմիններից, որ ֆինանսական միջոցների բացակայության դեպքում դրա կայունությունը կապահովվի:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը երկար տարիներ է, ինչ համագործակցում է Լոռու մարզպետարանի հետ: Այս համագործակցությունը շատ արդյունավետ է եղել, ինչ համար շնորհակալ ենք: Մարզում մեր գործունեությունը մի շարք ուղղություններով է ընթանում` աղետների կառավարում, սոցիալական աջակցություն և առողջապահություն: Առողջապահության ոլորտում իրականացնում ենք հիմնականում առողջ ապրելակերպի, իրազեկվածության բարձրացման և վնասի նվազեցման աշխատանքներ, մարզը ներգրավված է տուբերկուլյոզի կանխարգելման ծրագրում, իսկ աղետների կառավարման ոլորտում հատկապես համայնքների դիմակայունության բարձրացման լուրջ արդյունքների ենք հասել:
Պետական կառույցների հետ աշխատանքը մեզ համար շատ կարևոր է, որպեսզի վստահ լինենք, որ ճիշտ ենք արձագանքում կարիքներին:
ՀԿԽԸ-ն, համայնքների հետ աշխատանքի երկար տարիների փորձ ունի: Աշխատելով տարբեր ուղղություններով կկարողանանք ապահովել կոմպլեքս մոտեցում` այդպիսով նպաստելով համայնքի կայուն զարգացմանը:

ՀՀ Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, իր հերթին ասաց.

- Կարմիր խաչի հետ համագործակցության տարիների մեծ փորձ ունենք, և այս տարիների ընթացքում օգնության ծրագրերից անցել ենք զարգացմանը ծրագրերի: Պատրաստ ենք ամենաբարձր մակարդակով համագործակցել նաև այս ծրագրի շրջանակներում: Շնորհակալ ենք, որ մարզում գործունեություն իրականացնելիս ներկայացնում եք ծրագիրը, որպեսզի մենք էլ մեր մասով ներգրավված լինենք:

Շվեյցարական Կարմիր խաչի ծրագրերի ղեկավար և առողջապահության հարցերով փորձագետ Քրիստինե Ռութչմանը ներկայացրեց «Համայնքային տնային խնամքի, ադվոկացիայի և առողջապահության խթանում՝ մեծահասակների և կարիքավորների շրջանում» ծրագիրը.

- Անցյալ տարի մենք արդեն հանդիպումներ և քննարկումներ ենք ունեցել, գնահատել ենք համակարգն ու առկա կարիքները: Մենք հիմնականում զարգացմանն ուղղված ծրագրեր ենք իրականացնում: 30 երկրում ենք աշխատում, տարածաշրջանում Հայաստանը 6-րդն է: Այստեղ էլ չենք ուզում միայն օգնություն տրամադրող լինել, այլ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ մտադիր ենք ստեղծել որակյալ ծառայություններ: Մենք հասկացել ենք, որ կա այդ մոդելն ստեղծելու պատրաստակամություն, և կարևոր է, որ համայնքներն էլ ներգրավված լինեն: Այժմ դիտարկում ենք 2016թ.-ից առաջին 4 տարվա պիլոտային ծրագիր իրականացնելու հնարավորությունը:

Ծրագիրը ենթադրում է մեծահասակների տնային խնամքի նոր մոդել, որն արդեն հաջողությամբ կիրառվում է Շվեյցարիայում: Այստեղ ներգավվում են տարեցները, ովքեր դուրս են մնում պոլիկլինիկաներից և սոցիալական աջակցության այլ ծրագրերից: Ծրագրում ներգրավվելու արդյունքում մարդիկ իրենց տանն են մնում, բայց մեկուսացված չեն հասարակությունից:

Փորձագետները նշեցին, որ այս ծրագիրն անհրաժեշտություն է, քանի որ պետությունը միայնակ չի կարող տանել այդ բեռը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ, երբ մարդկանց ուշադրություն են դարձնում, ներգրավում են համայնքնային աշխատանքներում, և երբ նրանք իրենց բեռ չեն զգում, նրանց կյանքը երկարում է: Մեթոդը համակարգային է` բոլորը միասին են աշխատում, և արդյունքները զգալի են: Դրա սկզբունքներն են օգնությունը, ինքնօգնությունը և փոխօգնությունը:
Բելառուսում, օրինակ, ծրագրում ներգրավված են ՄԻԱՎ-ով, տուբերկուլյոզով, քաղցկեղի վերջին փուլում գտնվող և հոգեկան շեղումներով մեծահասակներ:

Համայնքային տնային խնամքի, ադվոկացիայի և առողջապահության խթանում՝ մեծահասակների և կարիքավորների շրջանում ծրագիրն իրականացնելու նպատակով դեռ 2014 թվականի մայիսի 12-16-ը Հայկական Կարմիր խաչի ընկերություն էին այցելել Շվեցարական և Ավստրիական Կարմիր խաչերի ներկայացուցիչների պատվիրակությունը, որի կազմում էին ՇԿԽ ծրագրերի ղեկավար և առողջապահության հարցերով փորձագետ Քրիստինե Ռութչմանը, ՇԿԽ Սոցիալական սեկտորի և համայնքների զարգացման փորձագետ Ռաիսա Սինելնիկովան և ԱԿԽ Առողջապահական և սոցիալական ծառայությունների ղեկավար Մոնիկա Ուիլդը:

Այցի նպատակն էր ուսումնասիրել դաշտը և ծանոթանալ երկրի սոցիալ - առողջապահական իրավիճակին՝ տվյալ ոլորտում, Հայկական Կարմիր խաչի հետ համատեղ գործունեություն սկսելու նպատակով: Այցի շրջանակներում, փորձագետները հանդիպեցին դաշտում գործող տարբեր շահագրգիռ կողմերի հետ, այցելեցին Լոռի և Տավուշ: Դրան հաջորդեց ևս մեկ աշխատանքային այց:
Արդյունքում այդ երկու մարզերն ընտրվեցին «Համայնքային տնային խնամքի, ադվոկացիայի և առողջապահության խթանում՝ մեծահասակների և կարիքավորների շրջանում» ծրագիրն իրագործելու համար: