Նորություններ
Սոցիալ-առողջապահական խնամքի նոր մոդելի...

Սոցիալ-առողջապահական խնամքի նոր մոդելի քննարկում Շիրակի մարզի մարզպետարանում

14.05.2015
Սոցիալ-առողջապահական խնամքի նոր մոդելի քննարկում Շիրակի մարզի մարզպետարանում

Մայիսի 13-ին, Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը հանդիպեց ՀՀ Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչներ Սյուզաննա Էգլոֆֆը, Ռաիսա Սինելնիկավան և Լենա Կռիլովան: Հանդիպման նպատակն էր քննարկել «Համայնքային տնային խնամքի, ադվոկացիայի և առողջապահության խթանում՝ մեծահասակների և կարիքավորների շրջանում» ծրագիրը, որը, Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ մոտ ապագայում կներդրվի Շիրակի մարզում:

ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, ներկայացրեց Շիրակի մարզում Հայկական Կարմիր խաչի գործունեությունն ու ձեռքբերումները, նշելով նաև մարզպետարանի հետ արդյունավետ համագործակցությունը.

- Շնորհակալ ենք մարզպետարանին` երկար տարիների համագործակցության համար: Մեզ համար կարևոր է պետական կառույցների հետ աշխատանքը, որպեսզի վստահ լինենք, որ ճիշտ ենք արձագանքում կարիքներին:
Մարզում մեր գործունեությունը մի շարք ուղղություններով է ընթանում` աղետների կառավարում, սոցիալական աջակցություն և առողջապահություն: Առողջապահության ոլորտում իրականացնում ենք հիմնականում առողջ ապրելակերպի, իրազեկվածության բարձրացման և վնասի նվազեցման աշխատանքներ, մարզը ներգրավված է տուբերկուլյոզի կանխարգելման ծրագրում, իսկ աղետների կառավարման ոլորտում հատկապես համայնքների դիմակայունության բարձրացման լուրջ արդյունքների ենք հասել:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, համայնքների հետ աշխատանքի երկար տարիների փորձ ունի: Աշխատելով տարբեր ուղղություններով կկարողանանք ապահովել կոմպլեքս մոտեցում` այդպիսով նպաստելով համայնքի կայուն զարգացմանը:

Ազգային ընկերությունը, հանդիսանալով օժանդակ կառույց կառավարությանը` մարդասիրական ոլորոտում, ամեն ինչ անում է աջակցելու և թեթևացնելու պետության հոգսն այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը կա: Այս ծրագիրը երկարաժամկետ է` մոտ տասը տարվա, բայց մենք ակնկալում ենք, որ ֆինանսական միջոցների բացակայության դեպքում պետությունը կապահովի դրա կայունությունը:

Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչ Լենա Կռիլովան ներկայացրեց «Համայնքային տնային խնամքի, ադվոկացիայի և առողջապահության խթանում՝ մեծահասակների և կարիքավորների շրջանում» ծրագրի մեթոդաբանությունը.

- Ծրագիրը ենթադրում է մեծահասակների տնային խնամքի նոր մոդել, որն արդեն հաջողությամբ կիրառվում է Շվեյցարիայում: Այստեղ ներգավվում են տարեցները, ովքեր դուրս են մնում պոլիկլինիկաներից և սոցիալական աջակցության այլ ծրագրերից: Ծրագրում ներգրավվելու արդյունքում մարդիկ իրենց տանն են մնում, բայց մեկուսացված չեն հասարակությունից:

Փորձագետները նշեցին, որ այս ծրագիրն անհրաժեշտություն է, քանի որ պետությունը միայնակ չի կարող տանել այդ բեռը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ, երբ մարդկանց ուշադրություն են դարձնում, ներգրավում են համայնքնային աշխատանքներում, և երբ նրանք իրենց բեռ չեն զգում, նրանց կյանքը երկարում է: Մեթոդը համակարգային է` բոլորը միասին են աշխատում, և արդյունքները զգալի են: Բելառուսում, օրինակ, ծրագրում ներգրավված են ՄԻԱՎ-ով, տուբերկուլյոզով, քաղցկեղի վերջին փուլում գտնվող և հոգեկան շեղումներով մեծահասակներ:

ՀՀ Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանն ասաց, որ ողջունում է Կարմիր խաչի մուտքը մարզ.

- Կարմիր խաչն արդեն իր ձեռագիրն ունի մարզում և մեծ հեղինակություն է վայելում: Աղետների կառավարման, առողջապահության ուղղությամբ իրականացվող ծրագրերի շնորհիվ աղետների ռիսկի նվազեցումն արդեն մեր համայնքներում մշակույթ է դարձել: Կարմիր խաչի աշխատանքը տարբերվում է նրանով, որ մարդասիրական արժեքների վրա է հիմնված: Դեռ 1988թ.-ից Կարմիր խաչը լայնածավալ գործունեություն ծավալեց Շիրակում: Մարզում այդ գործունեության, իրականացվող ծրագրերի արդյունքներն ակնհայտ են ու շոշափելի: Մենք զգում ու տեսնում ենք այդ արդյունքները:
Նոր ծրագրի համար մեր Շիրակում աշխատանքի լայն դաշտ կա: Մենք կարևոր ենք համարում, որ ծրագիրը ոչ թե մեկանգամյա օգնություն է ենթադրում, այլ նպատակն ունի շահառուներին ներգրավելու հասարակություն և լիարժեք անդամ դարձնելու: Մարզպետարանը պատրաստ է ամեն կերպ աջակցել ծրագրին` դրա հաջողությունն ապահովելու համար:

Համայնքային տնային խնամքի, ադվոկացիայի և առողջապահության խթանում՝ մեծահասակների և կարիքավորների շրջանում ծրագիրն իրականացնելու նպատակով դեռ 2014 թվականի մայիսի 12-16-ը Հայկական Կարմիր խաչի ընկերություն էին այցելել Շվեցարական և Ավստրիական Կարմիր խաչերի ներկայացուցիչների պատվիրակությունը, որի կազմում էին ՇԿԽ ծրագրերի ղեկավար և առողջապահության հարցերով փորձագետ Քրիստինե Ռութչմանը, ՇԿԽ Սոցիալական սեկտորի և համայնքների զարգացման փորձագետ Ռաիսա Սինելնիկովան և ԱԿԽ Առողջապահական և սոցիալական ծառայությունների ղեկավար Մոնիկա Ուիլդը:

Այցի նպատակն էր ուսումնասիրել դաշտը և ծանոթանալ երկրի սոցիալ - առողջապահական իրավիճակին՝ տվյալ ոլորտում, Հայկական Կարմիր խաչի հետ համատեղ գործունեություն սկսելու նպատակով: Այցի շրջանակներում, փորձագետները հանդիպեցին դաշտում գործող տարբեր շահագրգիռ կողմերի հետ, այցելեցին Լոռի և Տավուշ: Դրան հաջորդեց ևս մեկ աշխատանքային այց:
Արդյունքում այդ երկու մարզերն ընտրվեցին «Համայնքային տնային խնամքի, ադվոկացիայի և առողջապահության խթանում՝ մեծահասակների և կարիքավորների շրջանում» ծրագիրն իրագործելու համար: