Նորություններ
«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում»...

«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

21.07.2015
«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

Հունիսի 25-ին, ժամը 12:00-ից 20:00-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Աջակցություն սիրիահայերին և նրանց կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում ՀՀ Սփյուռքի նախարարության և Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի հետ համատեղ, Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած նորաբաց պուրակում կազմակերպել էր «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ սիրիահայերը ցուցադրեցին իրենց արտադրանքը:
ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, լրագրողների հետ զրույցում նշեց.

- Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), հանդիսանալով օժանդակ կառույց կառավարությանը` մարդասիրական ոլորտում և առաջնորդվելով իր առաքելությամբ, այն է` կանխարգելել և թեթևացնել մարդկային տառապանքները, չէր կարող անմասն մնալ Սիրիայի պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրներին արձագանքելուց` աջակցելով նրանց ժամանման առաջին իսկ օրվանից:Հաշվի առնելով իրավիճակն ու աջակցության կարիք ունեցող սիրիահայերի մեծ թիվը, ՀԿԽԸ-ն ձեռնամուխ եղավ Հայաստան տեղափոխված սիրիահայերի կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի իրագործմանը: Այդ ծրագրերում մենք ներառել ենք եկամտաբեր գործունեության բաղադրիչը, որպեսզի մեր շահառուներն իրենց աշխատանքի շնորհիվ կարողանան ապահովել իրենց արժանապատիվ կենսակերպը:

Տոնավաճառի այցելուները հնարավորություն ունեցան գնելու քաղցրավենիք, ձեռագործ աշխատանքներ և ծանոթանալու տարբեր ոլորտների մասնագետների հետ. այս նախաձեռնությունն այցելուներին անհրաժեշտ տեղեկություն կտա սիրիահայերի հմտությունների վերաբերյալ՝ տեսանելի դարձնելով դրանք, իսկ վերջիններիս համար իրենց գործունեությունն ընդլայնելու խթան կհանդիսանա:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Սփյուռքի նախարարը Հրանուշ Հակոբյանը: