Նորություններ
ՀԿԽԸ Առաջին օգնության կամավորական խմբերի...

ՀԿԽԸ Առաջին օգնության կամավորական խմբերի տարածաշրջանային մրցումներ Իջևանում

19.10.2014
ՀԿԽԸ Առաջին օգնության կամավորական խմբերի տարածաշրջանային մրցումներ Իջևանում

Հոկտեմբերի 18-ին ՀԿԽԸ Առաջին օգնության կամավորական խմբերի տարածաշրջանային մրցումներ անցկացվեցին Իջևանում, որին մասնակցում էին կամավորական թիմեր սահմանամերձ Այգեհովիտ, Բերդավան, Այգեձոր, Արծվաբերդ գյուղերից, ինչպես նաև Իջևանից, որը ներկայացնում էին «Սոս մանկական գյուղերի» սաները:

Այդ թիմերը ձևավորվել էին ՀԿԽԸ Առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնի կողմից հուլիսից սեպտեմբեր ամիսներին անցկացված "Առաջին օգնության հիմունքների" դասընթացների արդյունքում: Այդ դասընթացների նպատակն է սահմանամերձ առավել խոցելի Տավուշի մարզում զարգացնել բնակչության առաջին օգնության գիտելիքներն ու հմտությունները: 

Մասնակիցների` Առաջին օգնության հմտություններն ստուգելու համար նախապատրաստվել էր 4 կայան, որտեղ ներկայացված էին տարբեր դեպքեր` օտար մարմին, ուժեղ արյունահոսություն, շոկ, գլխի վնասվածք, գիտակցության կորուստ, որովայնի փակ վնասվածք և կոտրվածք: Մրցավարները Հայկական Կարմիր խաչի ընկերության ԱՕ հրահանգիչներն էին:

Թիմերը, որոնք կազմված էին հիմնականում պատանիներից, մեծ պատասխանատվությամբ ու ոգևորությամբ էին մոտեցել առաջադրանքին ու ջանում էին առավելագույնս ցուցադրել դասընթացների ժամանակ ձեռքբերած իրենց գիտելիքներն ու հմտությունները: Նույնիսկ թեթև անձրևը չխանգարեց, որ նրանք հոգատարությամբ զրուցեն «ցավից տառապող» կամ «շոկի» մեջ ընկած «տուժածների» հետ, վիրակապեն կոտրվածքն ու փորձեն կանգնեցնել «արյունահոսությունը»:

Թեժ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց Իջևանի թիմը: «Սոս մանկական գյուղերի» սաների ոգևորությունը սահման չուներ, քանի որ հաղթող թիմը մասնակցելու է ԱՕ հանրապետական մրցումներին:

Երկրորդ տեղը կիսեցին Բերդավանն ու Այգեձորը, իսկ Այգեհովիտն ու Արծվաբերդը` չորրորդ տեղը: 

Միջոցառումը անցկացվել էր ՀԿԽԸ և ԿԽՄԿ համագործակցության ծրագրերի շրջանակներում: