Նորություններ
Անհայտ կորած անձանց հարազատների գոբելենների...

Անհայտ կորած անձանց հարազատների գոբելենների ցուցահանդես Վեդիում

29.09.2015
Անհայտ կորած անձանց հարազատների գոբելենների ցուցահանդես Վեդիում

Սեպտեմբերի 28-ին Վեդի քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների ընտանիքների անդամների կողմից պատրաստված գոբելենները: Ցուցադրված էր 36 աշխատանք`այդ թվում նաև անհայտ կորածների դիմանկարները: Դրանց հեղինակները 8 անհայտ կորածների կանայք էին:

Միջոցառմանը ներկա էին Վեդիի քաղաքապետարանի և դպրոցի աշխատակիցներ, ՀԿԽԸ և ԿԽՄԿ ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի բացումից առաջ անհայտ կորածների ընտանիքների անդամներն այցելեցին Վեդի քաղաքի մշակույթի պալատին կից այգի, որտեղ տեղադրված է հուշաքար, ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին` ի հիշատակ իրենց անհայտ կորած հարազատների:

Կանայք գոբելեն գործել սովորել են ընդամենը երեք ամսում, նպատակ ունեն հետագայում Երևանում էլ ցուցահանդես բացել, ուզում են նաև նկարել սովորել, որպեսզի այդ հարցում էլ ուրիշի օգնությանը չդիմեն: Ցուցահանդեսի օրն էլ պատահական չէր ընտրված` սեպտեմբերի 28-ին են անհայտ կորել Արաբո ջոկատի 8 անդամները: Ամեն տարի այս օրը նրանց հարազատները որևէ կերպ հիշում են այն:

ՀԿԽԸ Վեդիի տարածքային մասնաճյուղի նախագահ Զեմֆիրա Մալխասյանը, բացելով միջոցառումն ու ողջունելով հյուրերին, նշեց.

- Հայկական Կարմիր խաչի ընկերությունը միշտ եղել է այս ընտանիքների կողքին և փորձել օգտակար լինել առաջացած խնդիրների լուծման ժամանակ: Շնորհավորում եմ այսպիսի հիանալի ցուցահանդեսի կապակցությամբ: Ձեր հարազատները պատմություն դարձան, բայց ներկա են ամենուր, նրանք կան, կլինեն և իրենց ոգով կդաստիարակեն մեր նոր սերունդը:

ՀԿԽԸ Որոնում ծառայության բաժնի վարիչ Սամվել Հունանյանը հավելեց, որ աշխատանքներին նայելով հասկանում ես թե ինչ հույզեր ու զգացմունքներ են արտահայտել այս մարդիկ իրենց աշխատանքներում:

- Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, ուսուցիչներին: Սա շատ գեղեցիկ մեկնարկ էր, շնորհավորում եմ բոլորին և ցանկանում նորանոր հաջողություններ:

Վեդիի քաղաքապետարանի ներկայացուցիչ` Անդրանիկ Ավետիսյանը ևս հանդես եկավ խոսքով, նշելով.

- Հիացած ենք տեսնելով այսպիսի աշխատանքեր: Ցանկանում եմ, որ այլևս Հայաստանում ոչ մի ընտանիքում ոչ մի անհայտ կորած չլինի, և, որ ոչ մի զոհ չտանք այսուհետ: Ես խոնարհվում եմ բոլոր անհայտ կորածների և զոհված ազատամարտիկների և մեր վերջին զոհված զինվորի առջև: Համայնքը միշտ սատար է կանգնել և հնարավորության սահմաններում օգնել այս ընտանիքներին:

Կարինե Թովմասյանը` անհայտ կորած Ավետիք Թովմասյանի կինը, որը ունի 5 երեխա, ցուցահանդեսին մասնակցում էր իր 4 աշխատանքներով.

- Ես շատ մեծ ոգևորությամբ աշխատել եմ այս գործերի վրա: Դիմանկարների մասն էր շատ դժվար սկզբում չէինք համաձայնվում, կասկածում էինք, դժվար էր, փորձում էի նկարը ձեռքով թաքցնել, աչքերի մեջ չէի կարողանում նայել, դողդողալով ի մի բերեցինք: Շատ դժվար էր այսքան տարի հետո փորձել իր նկարը հավաքել, խոսքեր չունեմ ասելու: Ինչ վերաբերում է ցուցահանդեսին` շատ գոհ ենք, արդեն ուզում ենք մեր ընտրած նկարների վրա աշխատել: Բոլորն ասում են, որ շատ գեղեցիկ է ստացվել:

ԿԽՄԿ գրասենյակներում Ղարաբաղյան հակամարտության հետևանքով 4541 անհայտ կորած անձի վերաբերյալ որոնման հայտեր են գրանցված, որոնցից 400-ը` Հայաստանում: Նույնիսկ տասնյակ տարիներ անց անհայտ կորածների ընտանիքներն (ԱԿԸ) ունեն տնտեսական, իրավական, հոգեբանական և/կամ սոցիալական կարիքներ:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, 2011 թվականից մինչ այժմ իրականացնում է «Սատարում անհայտ կորածների ընտանիքներին» ծրագիրը, որն ուղղված է արձագանքելու անհայտ կորած անձանց ընտանիքների բազմաբնույթ կարիքներին:

Այդ նպատակով անհայտ կորածների ընտանիքների համար կազմակերպվում են հանդիպումներ առողջապահական, սոցիալական, իրավական և այլ ոլորտների մասնագետների հետ, ինչպես նաև մշակութային միջոցառումներ, դասընթացներ: Հանդիպումներն ու միջոցառումները ՀՀ մարզերում իրականացվում են ՀԿԽԸ մարզային և տարածքային մասնաճյուղերի միջոցով: