Նորություններ
«Օգնել. Ես կարող եմ, Դու կարող ես, Մենք կարող...

«Օգնել. Ես կարող եմ, Դու կարող ես, Մենք կարող ենք…»

28.10.2013

Հայկական Կարմիր խաչի ընկերության ուշադրության կենտրոնում հաշմանդամների խնդիրներն են

Հոկտեմբերի 26-31-ը  Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Գերմանական Կարմիր խաչի հետ համատեղ`  Գերմանական` Եվրոպական Խաղաղության հիմնադրամի ֆինանսավորմամբ, իրականացրեց «Օգնել. Ես կարող եմ, Դու կարող ես, Մենք կարող ենք…» ծրագրի առաջին փուլը:

Ծրագրի նպատակն էր գերմանացի և հայ 23 երեխաներին (այդ թվում նաև` հաշմանդամ) տեղեկացնել հաշմանդամ մարդկանց առջև ծառացած սոցիալական, հոգեբանական և կենցաղային խնդիրների մասին:

Գերմանական Կարմիր խաչի հետ համագործակցությունը սկսվել է շատ վաղուց` Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո, վերջին տարիներին իրականացվում են մասնավորապես կամավորների փոխանակման ծրագրեր:

Գերմանիայի Բադեն-Վյուրթենբերգի երկրամասից ժամանած 14-17 տարեկան 11 գերմանացի պատանիներ և նրանց 12 հայ հասակակիցները միասին մեկ շաբաթ անցկացրեցին, որի ընթացքում մասնակցեցին առաջին օգնության, առողջ ապրելակերպի և հաշմանդամների խնամքի  դասընթացների, եղան Ծիծեռնակաբերդում, Էջմիածնում, Արմավիրի հատուկ դպրոցում:  

Երեխաներն այցելեցին նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակ, որտեղ նրանց ողջունեց ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը:

Հայ և գերմանացի երեխաները հասցրեցին ընկերանալ: Առաջին օրը մշակութային տարբերությունները դեռ խանգարում էին, բայց կամավորների աջակցությամբ և ուղղորդմամբ նրանց հաջողվեց մեկ թիմ դառնալ ու շփվել նույնիսկ առանց թարգմանչի օգնության:

Գերմանացի խմբին ուղեկցում էր Թամար Բետրոսյանը, որը ծագումով հայ է, բայց ծնվել ու մեծացել է Գերմանիայում:

 

Թամարը Կարմիր խաչում կամավոր է 2001թ.-ից, առաջին օգնության հրահանգիչ է, նաև ուսուցչուհի է` աշխատում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ: Ներառական կրթությունը Գերմանիայում 1987-88թթ.-ից է ներդրված: Աշակերտները առաջին օգնության դասընթացներ են անցնում և սովորում են ամեն պահի օգնել իրար.

Խնդիրն այն չէ, որ երեխան վիրակապ անել իմանա կամ արհեստական շնչառություն, կարևորն այն է, որ մենք սովորեցնենք կարեկցել դիմացինին, զգալ նրա հոգսն ու ցավը, հոգ տանել նրա մասին: Այս գաղափարն ենք ուզում սերմանել մեր աշակերտների մեջ: Եվ այս ծրագիրն էլ մի հնարավորություն է մեր փորձը փոխանցել մեր հայ գործընկերներին,  -  ասում է Թամարը:

  

Ծրագրի մասնակից երեխաները, որոնք Արմավիրի դպրոցներից էին, պատմեցին, որ ծրագրի ընթացքում անցած դասընթացները շատ օգտակար են եղել իրենց համար:

Ջուլիան ու Անին հատկապես տպավորվել էին «Փարոս» հաշմանդամների երգչախմբի ներկայացուցիչների հետ հանդիպումից, որոնք չեն հուսահատվում կամ հանձնվում ու շարունակում են ապրել սովորական կյանքով:

-  Ինձ նաև դուր եկավ գերմանացիների այն մոտեցումը, որ այնտեղ հաշմանդամ մարդիկ չեն քաշվում իրենց թերությունից, ու շրջապատն էլ անընդհատ չի ընդգծում հանգիստ է վերաբերվում դրան: Եթե նման ծրագիր էլի լինի, ես մեծ հաճույքով կմասնակցեմ, - պատմեց Ջուլիան:

Ծրագրի ավարտին` հոկտեմբերի 31-ին, Ջոն Կիրակոսյանի անվ. Թիվ 20 դպրոցում կազմակերպվեց գերմանացի և հայ երեխաների համատեղ ուսուցման ու ժամանցի վերաբերյալ լուսանկարների ցուցահանդես, որին հրավիրված էին մասնակցելու նաև դպրոցի աշակերտները, քանի որ դպրոցում նույնպես ներառական կրթություն է իրականացվում և հատուկ կարիքներ ունեցող երեխաներ են սովորում:

«Օգնել. Ես կարող եմ, Դու կարող ես, Մենք կարող ենք…»  ծրագրի երկրորդ փուլը կանցկացվի Գերմանիայում:

Ծրագրի իրականացմանն աջակցել են. Երևանի քաղաքպետարանը, «Կոկա-Կոլա բոթլինգ» ՓԲԸ-ն, «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն, Նոյան Տապան» ՍՊԸ-ն, «Մհեր-Արա» ՍՊԸ-ն, ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանությունը, «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ն: