Նորություններ
ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի...

ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենն այցելեց ՀԿԽԸ

23.10.2015
ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենն այցելեց ՀԿԽԸ

Հոկտեմբերի 22-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր գրասենյակում էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Պատրիկ Վիալը, որին ուղեկցում էին ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը և ԿԽՄԿ համագործակցության բաժնի ղեկավար Դավիթ Շահվերդյանը:

Այստեղ նրանց ողջունեց ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը, հանդիպմանը ներկա էին նաև Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, Միջազգային բաժնի վարիչ Մարիանա Հարությունյանը և Լրատվական և լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը:

Պարոն Վիալը ներկայացրեց, որ այս այցը տարածաշրջան առաջինն է` իր նոր պաշտոնում նշանակվելուց հետո, և ճանաչողական բնույթ է կրում:

- Մեծապես կարևորում եմ մեր համագործակցությունը և համատեղ իրականացվող ծրագրերը Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ, - ասաց նա:

ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը ներկայացրեց կազմակերպության անցած ուղին, կառուցվածքը և գործունեության ռազմավարական ուղղությունները` սոցիալական աջակցություն և առողջապահություն, աղետների կառավարում և բնակչության տեղաշարժ, Որոնում ծառայություն և Առաջին օգնություն, Կարմիր խաչի սկզբունքների և մարդասիրական արժեքների տարածում, Երիտասարդական Կարմիր խաչ և միջազգային գործունեություն:

- Այս տարի լրացավ Հայկական Կարմիր խաչի ընկերության գործունեության 95-ամյակը: 1988թ.- ից հետո է սկսվել մեր գործունեության ակտիվ շրջանը, որից հետո կազմակերպությունը մեծ զարգացում ապրեց` օգնության ծրագրերից անցնելով զարգացման ծրագրերի: Այժմ գրեթե բոլոր նախարարությունների հետ ունենք Համագործակցության համաձայնագրեր, աշխատում ենք նաև մասնավոր սեկտորի հետ: Կամավորական մեծ ներուժ ունենք` տարեկան կտրվածքով` 3500 կամավոր, որոնց շնորհիվ ենք նաև իրականացնում մեր լայնածավալ գործունեությունը և որակյալ ծառայություններ մատուցում մեր շահառուներին, - նշեց նա:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկրում և տարածաշրջանում Կարմիր խաչի դերի ու իմիջի, ԿԽՄԿ և ՀԿԽԸ համագործակցությանը վերաբերող, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ս.թ. դեկտեմբերի 8-10 Ժնևում կայանալիք 32-րդ միջազգային համաժողովի օրակարգային և այլ հարցեր: