Նորություններ
Անհայտ կորած անձանց միջազգային օր

Անհայտ կորած անձանց միջազգային օր

28.08.2015
Անհայտ կորած անձանց միջազգային օր

ԿԽՄԿ-ն կոչ է անում առավել ջանք գործադրել անհայտ կորածների ճակատագրերի մասին տեղեկություններ գրանցելու գործում

28-ը օգոստոսի 2015թ.

Կառավարությունները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է անեն ավելին՝ հակամարտության կամ այլ հանգամանքներում անհայտ կորած անձանց հետ կատարվածը կամ նրանց գտնվելու վայրի մասին տեղեկությունները փաստագրելու ուղղությամբ և աջակից լինեն նրանց ընտանիքներին, - հորդորում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)։

«Ընտանիքների վիշտը նույնն է, անկախ այն բանից՝ իրենց հարազատն անհայտ կորել է պատերազմի, արտագաղթի թե աղետի ժամանակ», - ասում է Մարիան Պիկասուն՝ անհայտ կորածների հարցերով զբաղվող ԿԽՄԿ խմբի ղեկավարը։ «Հույժ կարևոր է հավաքագրել անհայտ կորածների վերաբերյալ այսօր հասանելի բոլոր տեղեկությունները (օրինակ՝ թե երբ և ինչ հանգամանքներում են կորել)՝ hետագայում ընտանիքներին պատասխան տրամադրելու ժամանակ օգտագործելու նպատակով»,- ասում է տիկին Պիկասուն օգոստոսի 30-ի՝ Անհայտ կորած անձանց միջազգային օրվան ընդառաջ։

Սակայն պատասխան տրամադրելու համար երկար ժամանակ է պահանջվում, իսկ երբեմն էլ դա անհնար է լինում՝ շարունակվող հակամարտության պայմաններում։ Որոշ ընտանիքներ, հնարավոր է, որ երբեք հստակ պատասխան չստանան։ Իսկ մինչ այդ, նրանք ունեն մի շարք կարիքներ, որոնք հոգալու համար աջակցություն է անհրաժեշտ։

«Հաճախ, հատկապես հակամարտության իրավիճակներում, անհայտ կորածների խնդիրն ուշադրությունից դուրս է մնում։ Կառավարությունները և մյուս դերակատարները պետք է ապահովեն, որ այս հիմնախնդիրը մշտապես լինի օրակարգում, և անեն ավելին՝ ընտանիքների նյութական և հոգեբանական կարիքները հոգալու ուղղությամբ», - նշում է տիկին Պիկասուն։

Հարազատի անհայտ կորելու պատճառով երբեմն ընտանիքը զրկվում է տնտեսական աջակցությունից և հաճախ ստիպված է լինում ունեցած սակավ միջոցները ծախսել հարազատին որոնելու վրա։ Շատ դեպքերում ընտանիքները չեն ցանկանում իրենց անհայտ կորած հարազատին մահացած ճանաչել, այդպիսով չեն կարողանում օգտվել նրա սեփականությունից կամ էլ աշխատավարձից։

Ընտանիքները նաև հուզական և սոցիալական տառապանքներ են կրում՝ իրենց զգալով մեկուսացած, ընկճված և անտեսված, իսկ այդ խնդիրները հաղթահարելու և իրենց կյանքը կրկին տնօրինելու համար նրանք հաճախ կարիք են ունենում երկարատև աջակցության։

ԿԽՄԿ-ի տվյալներով Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների թիվը գերազանցում է 4500-ը, որից շուրջ 400-ը գրանցված են Հայաստանում։ ԿԽՄԿ-ն աջակցում է իշխանություններին՝ անհայտ կորածների ճակատագրերը պարզելու և ընտանիքներին աջակցելու ուղղությամբ՝ Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում։ Այն ներառում է նաև անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներից կենսաբանական նմուշների հավաքումը, ինչը հետագայում կօգտագործվի նույնականացման գործընթացում և կմեծացնի աճյունների ինքնության ճանաչման հավանականությունը։

Համագործակցելով Հայկական կարմիր խաչի ընկերության և տեղական այլ գործընկերների հետ՝ ԿԽՄԿ-ն, ելնելով այս ընտանիքների կարիքներից, առաջարկում է բազմաբնույթ աջակցություն։ ԿԽՄԿ-ն տրամադրում է տնտեսական աջակցություն՝ ընտանիքների ապրուստի միջոցները բարելավելու կամ նոր միջոցներ ստեղծելու համար, իրավաբանական, առողջապահական և վարչական խորհրդատվություն է ցուցաբերում, տրամադրում է նաև հոգեբանական աջակցություն և օգնում կազմակերպել անհայտ կորած հարազատների հիշատակի միջոցառումներ։