Նորություններ
Իտալական Կարմիր խաչի պատվիրակությունը ՀԿԽԸ-ում

Իտալական Կարմիր խաչի պատվիրակությունը ՀԿԽԸ-ում

28.07.2017
Իտալական Կարմիր խաչի պատվիրակությունը ՀԿԽԸ-ում

Հուլիսի 28-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակում նախագահ Մխիթար Մնացականյանն ընդունեց Իտալիայի Կարմիր խաչի ընկերության պատվիրակությանը՝ ընկերության գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Լեոնարդո Կարմենատիի գլխավորությամբ: Հյուրերին ուղեկցում էին նաև ՀՀ ԱԻՆ աշխատակիցներ, Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ: ՀԿԽԸ նախագահ Մ. Մնացականյանը, ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց նախօրեին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ նախարարը Դ. Տոնոյանի մասնակցությամբ կազմակերպված հանդիպման համար:

- Կարծում եմ այսօր շարունակությունն է երեկվա քննարկումների, ուրախ եմ, որ այսօր մեզ միացել են նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի մեր գործընկերները, ինչը, կարծում եմ առավել արդյունավետ կդարձնի մեր աշխատանքը: Առիթն օգտագործելով ուզում եմ ևս մեկ անգամ իմ խորին երախտագիտությունը հայտնել Իտալական Կարմիր խաչին՝ այս տարիների մեր ջերմ համագործակցության, հատկապես՝ սոցիալ-առողջապահական ոլորոտում ցուցաբերած մեծ աջակցության համար: Ես հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի նաև միգրացիայի, Կազմակերպության զարգացման, և այլ ոլորտներում, որոնք իրագործում ենք մեր մանդատների շրջանակներում: Շատ կարևոր է, թե մենք ինչով կարող ենք աջակցել Արտակարգ իրավիճակների նախարարությանը, և համատեղ ուժերով, ինչպես կարող ենք օգտակար լինել մեր շահառուներին: Նշեմ նաև, որ այս տարի ավարտվում է ՀԿԽԸ և Իտալական Կարմիր խաչերի գործունեության մեր համաձայնագիրը, և եթե իտալական կողմը նույնպես գոհ է համատեղ աշխատանքից, ապա մենք հույս ունենք երկարաձգել համաձայնագիրը:

ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը ներկայացրեց, թե ինչ ռազմավարական ոլորտներում է գործունեությունը ծավալում Ազգային ընկերությունը՝ ընդգծելով հիմնական մարտահրավերները, կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը, զարգացման պլաններն ու տեսլականը.

- Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բարձր մակարդակի համագործակցության համար, որ ունենք այսօր Իտալական Կարմիր խաչի հետ: Համաձայնագրի շրջանակներում աշխատել ենք 2014 թվականից սկսած, սակայն նախկինում էլ կազմակերպել ենք համատեղ միջոցառումներ, և տարբեր բնույթի աջակցություն ենք ստացել Իտալական Կարմիր խաչի կողմից, - նշեց նա:

Իտալական Կարմիր խաչի պատվիրակության ղեկավարը նույնպես շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար.

- Շատ տպավորված եմ նրանով, թե ինչ եք անում: Կամավորների թիվը, որ նշեցիք, արդեն ցույց է տալիս, որ դուք ուժեզ Ազգային ընկերություն եք, հույս ունեմ, որ երբ երեք տարուց հանդիպենք ընկերության 100-ամյակի կապակցությամբ, արդեն կկարողանաք նոր հաջողությունների մասին խոսել: Կարծում եմ, որ համաձայնագիրը կրկին կստորագրենք այս տարվա նոյեմբերին՝ Կանոնադրական հանդիպումների ժամանակ:

Իտալական կողմը նշեց որ պատրաստ է ՀԿԽԸ-ին աջակցել հետևյալ ոլորտներոմ՝ սոցիալ-հոգեբանական աջակցություն, աղետներին պատրաստվածություն և արձագանք, Առաջին օգնություն, կամավորների՝ գնահատման հմտությունների զարգացում: Իտալական Կարմիր խաչի պատվիրակությունը Հայաստանում էր ՀՀ ԱԻ նախարարի հրավերով: