Նորություններ
Երևանի և ՀՀ մարզերի լրագրողները մասնակցեցին...

Երևանի և ՀՀ մարզերի լրագրողները մասնակցեցին «Կլիմայի փոփոխությանն առնչվող խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ներում» թեմայով դասընթացին

04.07.2014

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը համատեղ կազմակերպեցին երկօրյա դասընթաց նվիրված լրագրողների կողմից կլիմայի փոփոխությանն (ԿՓ) առնչվող խնդիրների լուսաբանմանը` Կլիմա Իստ պիլոտային ծրագրի և «Կլիմայի արևելյան հարթակ» ծրագրի իրականացման շրջանակներում:

2014թ. հուլիսի 2-3-ը 15 լրագրողներ Երևանից, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերից լրացուցիչ գիտելիքներ ստացան կլիմայի փոփոխության և բնապահպանական այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են ԿՓ ազդեցությունը Հայաստանում, ԿՓ մեղմումը և ԿՓ նկատմամբ հարմարվողականության բարձրացումըը, ԿՓ հետ կապված հաճախակի օգտագործվող հասկացություններն ու տերմինները և այլն: Ֆիլմերի դիտումը, խմբային աշխատանքները և պատրաստված զեկույցները առնչվում էին ԿՓ և դրա ազդեցությանը, մասնավորապես` գլոբալ տաքացմանը, վտանգավոր օդերևութաբանական երևույթներին, ջրային ռեսուրսների, անտառի և գյուղատնտեսության խոցելիությանը: Մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ նույնպես մասնակցեցին դասընթացին: Հիմնական փորձագետներն էին` Կլիմայի փոփոխության կոնվենցիայի ազգային համակարգող` Արամ Գաբրիելյանը և Հայաստանի Օրուհս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու` Մարի Չաքրյանը:

Ի լրումն նշված թեմաների վերաբերյալ բացատրություններին և քննարկումներին` լրագրության և բնապահպանության ոլորտի փորձագետները կարևորեցին, թե ինչպես լրագրողները կարող են ներկայացնել ԿՓ և բնապահպանական խնդիրները հասարակությանը մատչելի և տեղեկատվական լեզվով` օգտագործելով թե´ ավանդական, թե´ այլընտրանքային լրատվամիջոցներ: Ավելին, շեշտվեց, որ լրատվամիջոցները կարող են աջակցել բնապահպանական ծրագրերի ընթացիկ ջանքերին` հանրությանը ներկայացնելով տեղեկատվական որակյալ նյութեր, այսպիսով բարձրացնելով հանրային իրազեկվածությունը հրատապ թեմաների շուրջ: 

Դասընթացին նաև ներկայացվեցին և քննարկվեցին Հայաստանում Կլիմա Իստ պիլոտային ծրագրի (ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում/իրականացվում է ՄԱԶԾ կողմից) և «Կլիմայի արևելյան հարթակ» ծրագրի (ֆինանսավորվում է Եվրոպական միության, Ավստրիական զարգացման համագործակցության, Ավստրիական Կարմիր խաչի ու Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից և իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից) նպատակները և գործողությունները: