Նորություններ
Գյումրիում քննարկվեցին սելավից տուժած...

Գյումրիում քննարկվեցին սելավից տուժած բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման արդյունքները

09.09.2016
Գյումրիում քննարկվեցին սելավից տուժած բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման արդյունքները

Սեպտեմբերի 5-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) «Մարդասիրական օգնության տրամադրում սելավից տուժած բնակչությանը» ծրագրի (այսուհետ Ծրագիր) շրջանակներում Շիրակի մարզի Գյումրի քաղաքում աշխատանքային հանդիպում էր հրավիրել` նվիրված Ծրագրի իրականացման գործընթացին, քաղած դասերին և լավագույն փորձի փոխանակման հնարավորություններին:

Հանդիպմանը մասնակցում էին Շիրակի մարզպետարանի, Շիրակի մարզային փրկարար ծառայության, Արթիկի քաղաքապետարանի և Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի ներկայացուցիչներ, Շիրակի մարզի համայնքների ղեկավարներ, Հայկական Կարմիր խաչի և ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽԿՄ ՄՖ) Եվրոպական գոտու Աղետների կառավարման պատասխանատու՝ Ռուբեն Ռոմերոն:
ՀԿԽԸ Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Է. Ազարյանը համառոտ ներկայացրեց հունիս ամսին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում և Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ս.թ. հունիսին տեղի ունեցած աղետալի սելավի արդյունքում ստեղծված իրավիճակը, ՀԿԽԸ արձագանքը, ինչպես նաև` ԿԽԿՄ ՄՖ Արտակարգ իրավիճակների հիմնադրամի վերաբերյալ տեղեկություններ:

Հանդիպման արդյունքում ներկայացվեցին նաև Ծրագրի արդյունքում ձեռք բերված լավագույն փորձը և քաղած դասերը: Հատուկ նշվեցին Ծրագրի իրականացման ընթացքում կիրառված մոտեցումները, որով կարգավորվում էին օգնության բաշխման ընթացքում խոցելի խմբերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը, ցուցակների թափանցիկությունը և այլն:
Կարևորվեց նաև համայնքապետերի` որպես ՏԻՄ ղեկավարի փորձառու և բանիմաց լինելը քանի որ նրանց հեղինակությունը մեծ նշանակություն ունի համայնքներում արդյունավետ գործունեություն իրականացնելու համար: Ավելին, տեղի բնակիչների ակտիվ ու կամավոր աջակցությունը բաշխման գործընթացին, նույնպես արժանացավ հատուկ ուշադրության:

Կարճաղբյուրի ներկայացուցիչ Գուրգեն Թովմասյանը նշեց, որ համայնքում կարկուտը և հորդառատ անձրևները հաճախակի հանդիպող երևույթներ են, սակայն նման ուժգնությամբ դեռ երբեք չէին ընթացել:

- Համայնքում ոչ մի բնակիչ չի կարողանում հիշել դեպք, երբ հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով նման աղետալի սելավ տեղի ունենա և նման վնասներ հասցնի - նշեց Գուրգեն Թովմասյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հակակարկտային կայանների խնդիրները: Այդ առումով Ախուրիկ համայնքի ղեկավար Վարդիթեր Գասpարյանն առանձնացրեց ռադիոլոկացիոն կայանների անհրաժեշտության խնդիրը, իսկ Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը կարևորեց հակակարկտային կայանների համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը՝ կարկուտին առավել արդյունավետ արձագանքելու համար:

Հանդիպման ավարտին ներկայացվեց նաև ՀԿԽԸ-ի աշխատանքից շահառուների բավարարվածության աստիճանի գնահատման գործընթացը և հիմնական արդյունքները:

Այս հանդիպումը հնարավորություն տվեց Շիրակի և Գեղարքունիքի մարզի ՀԿ և ՏԻՄ-երի միջև արտակարգ իրավիճակներին արձագանքման հարցերի շուրջ փորձի փոխանակում իրականացնել և նոր գործընկերների ձեռքբերել: