Նորություններ
Համագործակցության հուշագիր ՀԿԽԸ և Իրանական...

Համագործակցության հուշագիր ՀԿԽԸ և Իրանական Կարմիր մահիկի միջև.

11.07.2017
Համագործակցության հուշագիր ՀԿԽԸ և Իրանական Կարմիր մահիկի միջև.

Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Գլխավոր գրասենյակում հուլիսի 11-ին հյուրընկալվել էր Իրանի Կարմիր մահիկի ընկերության (ԻԿՄ) նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիաիի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին ընկերության գործադիր տնօրեն պարոն Վալիփուր Մեհդին, փրկարարական ծառայության ղեկավար Մորթեզա Սելիմին, Սպահան նահանգի Կարմիր մահիկի ընկերության գործադիր տնօրեն Մոմենի Մոշեն, ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ պարոն Սեյեդ Քազեմ Սաջջադը:

Պատվիրակությանը ողջունեց ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը.
- Սիրով ողջունում եմ Ձեզ Հայաստանում, Հայկական Կարմիր խաչի ընկերության կենտրոնական գրասենյակում: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ունի 97 տարվա պատմություն: Հանդիսանալով օժանդակ կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում, Ազգային ընկերությունը չի խնայում իր ջանքերը` կիսելու Շարժման փորձն ու գիտելիքը, ինչպես նաև մոբիլիզացնելու միջոցներ` իր օժանդակ դերը արդյունավետ իրականացնելու համար: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մեծապես կարևորում է Իրանական Կարմիր մահիկի հետ համագործակցությունը և արդեն իսկ ունի համագործակցության փորձ` մասնավորապես աղետներին և արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտում: 
Մենք չենք խնայի մեր ջանքերը` ունենալու բարձր մակարդակի և արդյունավետ համագործակցություն ի նպաստ մեր մարդասիրական առաքելությանը: Համոզված եմ, որ համատեղելով մեր ջանքերը կարձանագրենք նորանոր հաջողություններ` խոցելի խմբերին աջակցելու ճանապարհին:

Կողմերը քննարկեցին ներկա համագործակցությունը, կնախանշեն հետագա ուղղություններն ու համատեղ ծրագրերը: 


ԻԿՄ նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիաին նշեց.
- Եվ տարածաշրջանային, և միջազգային մասշտաբներով մենք հետևում ենք նույն սկզբունքներին և նպատակներին, այլ կերպ ասած՝ մի մեծ ընտանիքի անդամ ենք: Մեր հիմնական նպատակը ժողովուրդներին ծառայելն է՝ հատկապես արտակարգ իրավիճակներում խոցելի խավերին աջակցություն ցուցաբերելը: Մենք ունենք բազմաթիվ ընդհանուր խնդիրներ, որոնց համար կարող ենք ընդհանուր լուծումներ գտնել:

Սեյեդ Ամիր Մոհսեն Զիաին ասաց նաև, որ աշխատանքներից մեկը կարող է լինել Կարմիր Մահիկի, ՀԿԽԸ և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ ջանքերով Երևանում կլինիկա հիմնելը:

- Եկել է ժամանակը, որպեսզի Կարմիր մահիկն իր փորձը ներկայացնի միջազգային հանրությանը, - հավելեց նա: 
Ազգային ընկերություններն արդեն համագործակցության փորձ ունեն, երբ 2016թ. Հայկական կարմիր խաչի ընկերության հրավերով ԻԿՄ միացավ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախաձեռնությանը` հակամարտությունների ժամանակ արձագանքելու Շարժման պլանավորման գործընթացին (Movement Contingency planning):
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ պաշտոնապես ամրագրելու հետագա համագործակցությունը հետևյալ ոլորտներում. աղետների կառավարում, աղետներին նախապատրաստում և արձագանքում, աղետների ռիսկի նվազեցում, արտակարգ իրավիճակներին արձագանքում, հումանիտար աջակցություն աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ, սոցիալ - առողջապահություն, կազմակերպության զարգացում և կարողությունների հզորացում 
Իրանի Կարմիր մահիկի ընկերության պատվիրակությունը ս.թ. հուլիսի 10-ից 12-ը Հայաստանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրավերով: