Նորություններ
Նոր նախաձեռնություններ Տավուշի երեխաների համար

Նոր նախաձեռնություններ Տավուշի երեխաների համար

11.09.2017
Նոր նախաձեռնություններ Տավուշի երեխաների համար

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), որպես առաջնահերթություն սահմանելով մարզային մասնաճյուղերի զարգացումը,  այս տարվա մայիսից նոր նախաձեռնություններ է սկսել Տավուշի մարզում, քանի որ այն սահամամերձ է և, այդ պատճառով՝ հատկապես խոցելի: Նախաձեռնությունները հիմնականում երեխաներին են ուղղված.  ՀԿԽԸ Տավուշի մարզային մասնաճյուղը՝ Իջևանում, Դիլիջանում, Նոյեմբերյանում և Բերդում իրականացնում է «Երեխաների կայուն զարգացում»  սոցիալ-հոգեբանական աջակցության  ծրագիրը: Այն իրագործվում է 15 կամավորների միջոցով, և արդեն 8-14 տարեկան 100 շահառու ունի, որոնք մարզի տարբեր համայնքներից են, այդ թվում նաև՝ Իջևանի ՍՕՍ-մանկական գյուղից: 

ՀԿԽԸ կամավորները, անցնելով դասընթացներ, ձեռք բերելով համապատասխան գիտելիքներ և հմտություններ, երեխաների համար ութ պարապմունք են անցկացնում, որոնց ընթացքում քննարկում են, թե ինչ իրավունքներ ու կարիքներ ունեն երեխաները, ինչ դեր կարող են ունենալ իրենց համայնքի կյանքում, ինչ է բռնությունը և ինչպես պետք է խուսափել դրանից:

Կամավորները, երեխաների համար ընկերական և վստահության մթնոլորտ ստեղծելով՝ հնարավորություն են տալիս նրանց իրենց շրջապատի երևույթների մասին կարծիք ձևավորելու, դրանք ճիշտ ընկալելու և վերարտադրելու: Պարպմունքները նպաստում են նաև երեխաների ընդհանուր զարգացմանը,  նրանց՝ հասակակիցների և մեծերի հետ շփվելու հմտություններ տալիս, դարձնում ավելի համարձակ, զարգացնում հանդուրժողականությունը և խթանում  խնդիրներին կառուցողական մոտեցումների ցուցաբերումը:

Դասընթացներից բացի նախատեսված են նաև էքսկուրսիաներ մարզի տեսարժան վայրեր:

- Իմ առաջին փորձն էր ու շատ հաճելի էր շփվել նման երեխաների հետ: Դասընթացների ընթացքում զգում ու գիտակցում ես, թե որքան  խոր ներաշխարհ  ունեն ու ինչքան առաջ գնալու տեղ ունեն, քանի որ արտահայտում են այնպիսի  մտքեր և ուշադրություն են դարձնում այնպիսի հարցերին, որ մենք ինքներս,  միգուցե չնկատենք: Նրանց հետ շփվելիս օրդ լցվում է մանկական անկեղծ ժպիտով և ջերմությամբ: Ոչ միայն մենք են նրանց ինչ-որ մի բան սովորեցնում, այլ ինքնրս էլ նրանցից շատ բան ենք սովորում, - ասում է ծրագրի կամավոր Անի Բարխուդարյանը:

- Երեխաների կայուն զարգացման ծրագիրը հնարավորություն է տալիս երեխաներին ճանաչելու և գնահատելու իրենց կյանքը մեկ այլ՝ սոցիալ-հոգեբանական տեսանկյունից: Ծրագրի ընթացքում և ինչու ոչ՝ արդյունքում, երեխաները փորձում են բարձրաձայնել, գնահատել իրենց առօրյայում հանդիպող իրադարձությունները, խնդիրները, գտնել դրանցում իրենց դերն ու նշանակությունը և փորձել ինքնուրույն (այլոց իրավունքները չխախտելով՝ իրենց իրավունքները պաշտպանելու միջոցով) գտնել խնդիրների լուծման ուղիներ: Դասընթացավարներին այս ծրագիրը հնարավորություն է տալիս տեսական գիտելիքներից զատ ձեռք բերել պրակտիկ հմտություններ և ուղեցույցի յուրաքանչյուր կետն օգտագործել որպես առօրյա գործունեության անբաժան մաս: Հանդիպում-պարապմունքները սովորաբար անց են կացվում մեծ ոգևորության և բուռն քննարկումների պայմաններում: Յուրաքնաչյուր նոր հանդիպում երեխաներին թույլ է տալիս իրենց ուժերն ու հնարավորությունները բացահայտել նոր կողմերից, - ավելացնում է կամավոր Աննա Հախվերդյանը:

Տավուշի մարզային մասնաճյուղի կամավորները որոշեցին նաև իրենց սեփական մտահղացումներով հանդես գալ և տիկնիկային թատրոն բեմադրեցին, որով հանդես են գալիս տարբեր համայնքներում:  Հրշեջ - փրկարարի տիկնիկը նրանց սովորեցրեցնում է, թե ինչ պետք է անել տարբեր աղետների՝ երկրաշարժի, ջրհեղեղի ու սողանքի դեպքում:

Օգոստոսի 16-ին նրանք ծրագրում ներգավված Դիլիջանի  երեխաների համար տիկնիկային ներկայացում էին բեմադրել:

- Հիմա արդեն գիտեմ, որ սողանքի դեմ պայքարելու համար պետք է շատ ծառեր տնկել, իսկ ջրհեղեղի դեպքում բարձրանալ վերևի հարկ, -  ոգևորված ասում էր 10-ամյա  Ալեքսը, որ ամենաակտիվն էր, ու առաջին շարքից անընդհատ մասնակցում էր բեմադրության հերոսների հետ հարց ու պատասխանին:

Այս ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնց աջակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և Դանիական Կարմիր խաչը, նպատակ ունեն զարգացնելու Տավուշի մարզային մասնաճյուղի կամավորական ներուժը, ներգրավելու նոր կամավորների և հզորացնելու նրանց կարողությունները՝ այդ կերպ նպաստելով մասնաճյուղից գործունեության ընդլայնմանը:

Հարցազրույցները՝ ՀԿԽԸ Տավուշի ՄՄ կամավոր Արինա Պարոնյանի