Նորություններ
Հայտարարվեցին նոր մրցույթներ

Հայտարարվեցին նոր մրցույթներ

28.08.2016
Հայտարարվեցին նոր մրցույթներ

Oգոստոսի 26-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ Կլիմայի հայկական հարթակի անդամ կազմակերպությունների հանդիպում, որտեղ հայտարարվեցին երեք նոր մրցույթներ՝ «Փոքր հարմարվողական ծրագրերի իրականացում», «Նպատակային ուսումնասիրությունների նախապատրաստում և մշակում» և «Բնակչության իրազեկման բարձրացմանն ուղղված գործողությունների իրականացում՝ որպես թիրախ համարելով դպրոցները և երիտասարդներին» թեմաներով: Աշխատանքային հանդիպման ընթացքում մասնակիցները տեղեկացան յուրաքանչյուր մրցույթի մանրամասներին և ստացան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ համապատասխան մրցույթներին դիմելու համար:

Հարկ է նաև նշել, որ «Փոքր հարմարվողական ծրագրերի իրականացում» մրցույթի համար հիմք է հանդիսանում Լոռու մարզի Մարգահովիտ, Մեծ Պառնի և Շիրակի մարզի Բասեն համայնքների համար մշակված «ԿՓՀ` տեղական մակարդակում» գործողությունների պլանը: Այս առումով բոլոր հարմարվողականության փոքր ծավալով ծրագրերը, որպես Տեղական մակարդակում ԿՓՀ գործողությունների պլանի մաս, քննարկվեցին համապատասխան համայնքներում և, համայնքային հանդիպումների արդյունքում` առաջնահերթության սկզբունքով, ներառվեցին գործողությունների պլանում:

Հաջորդ` «Նպատակային ուսումնասիրությունների նախապատրաստում և մշակում» թեմայով մրցույթը հիմնված է լինելու յուրաքանչյուր համայնքում իրականացվող ամենաարդյունավետ հարմարվողական փոքր ծրագրերի արդյունքների վրա: Ակնկալվում է, որ այն կազմակերպությունը, որը հաղթող կճանաչվի այդ մրցույթում սերտորեն կաշխատի հարմարվողականության փոքր ծրագրեր իրականացնող կազմակերպություն հետ՝ քաղած դասերը, դրանց այլ կոնտեքստում առավել արդյունավետ օգտագործելու հնարավորությունները և տեղական մակարդակից ազգային մակարդակ ծրագրերի ընդլայնելու հնարավորությունները բացահայտելու նպատակով: