Նորություններ
Մեկնարկեց "Առողջ սերունդ" ծրագրի նոր փուլը

Մեկնարկեց "Առողջ սերունդ" ծրագրի նոր փուլը

29.01.2013

Նոյեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակում  ՀԿԽԸ-ի  և «Աշտարակ-Կաթ» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:

Այն ստորագրեցին «Աշտարակ-Կաթ» ընկերության գործադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը և ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը:

Երկու ընկերությունների կողմից համատեղ իրականացվող «Առողջ սերունդ» ծրագիրը մեկնարկել է 2011 թվականի մայիսից: Դրա շնորհիվ 10-14 տարեկան 1600 երեխա` Երևանի և մարզերի 34 դպրոցներից, իրազեկվել է այն մասին, թե ինչ է առողջ ապրելակերպը, առողջ սնունդը և սննդակարգը, շրջակա միջավայրի պաշտպանութունը, ինչ վնաս են հասցնում ծխախոտն ու ալկոհոլը:

ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանն իր խոսքում նշեց.

- Ուրախալին այն է, որ կորպորատիվ հատվածը սկսել է ավելի հաճախ անդրադառնալ հասարակության խնդիրներին` արձագանքելով հասարակական կազմակերպությունների նախաձեռնություններին և իրականցնելով համատեղ ծրագրեր, որոնց հաջողության գրավականն է կազմակերպությունների մասնագիտական կարողությունների ներդրումը:

Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունն ու անհրաժեշտությունը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ու «Աշտարակ-Կաթը» որոշել են շարունակել իրենց համագործակցությունն` դեռահասների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի տարածման ոլորտում:

«Աշտարակ-Կաթ» ընկերության գործադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը, շեշտելով համագործակցության կարևորությունը, ասաց.

 - «Առողջ սերունդ» ծրագրի առաջին փուլը հաջողությամբ իրականացված է: Այդ են վկայում ստացվող արձագանքներն ինչպես մասնակից դպրոցականներից, այնպես էլ դպրոցի ուսուցիչական կազմից և ծնողներից: Ուրախ եմ նշել, որ ծրագրի երկրորդ փուլը մեկնարկում է այսօրվանից: