Նորություններ
«Խաչականները» չեն հեռանում առանց օգնելու...

«Խաչականները» չեն հեռանում առանց օգնելու...

30.11.2017
«Խաչականները» չեն հեռանում առանց օգնելու...

- Զանգը տվեցին: Կանգնեցի՝ բացեմ, բայց կանգնեցի ու ընկա: Մտածում էի՝ գոնե զանգը տվողը չգնա, մի կերպ ներս մտնի, օգնի - պատմում է Կարինե տատը, ով Հայկական Կարմիր խաչ ընկերության «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագրի շահառուներից մեկն է:

 

Զանգը տվողը «խաչականներն» էին, իսկ նրանք չեն հեռանում՝ առանց օգնելու: Ծրագրի  հիմնական նպատակն է բարելավել տարեցների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց և հաշմանդամների կյանքի որակը` առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավման միջոցով: Նախնական հետազոտությունները պարզել են, որ տարեցները և սահմանափակ կարողություններով անձինք ցանկանում են լինել որքան հնարավոր է անկախ ու ստանալ խնամք և աջակցություն՝ մնալով տանը, մասնակցել համայնքային ակտիվ կյանքին՝ հնարավորություն ունենալով օգտակար լինել իրենց գիտելիքներով ու հմտություններով: Այսպիսով Հայկական Կարմիր խաչի թիմը՝ բուժքույրը և տնային խնամք իրականացնողը, պարբերաբար այցելում են միայնակ տարեցներին: Այդ օրը Կարմիր խաչի աշխատակիցները հարևանի օգնությամբ բացում են դուռը, Կարինե տատին տանում հիվանդանոց: Մինչ այդ Կարինե տատը անկողնային հիվանդ էր, բայց Հայկական Կարմիր խաչի թիմի շնորհիվ  արդեն քայլում է: Դժվարությամբ, բայց քայլում է: Այդ օրվանից սկսած Նարինեն (բուժքույր) ու Գայանեն (տնային խնամք իրականացնող)  Կարինե տատի հյուրերն են դարձել:

 

 -  Շաբաթական 3 անգամ այցելում են, միշտ զանգում են՝ տեսնեն՝ ի՞նչ  է պետք, առևտուր են անում ու գալիս: Ինձ ապահովում են սննդով, դեղերով ու, քանի որ տնակում եմ ապրում, նաև վառելիքով՝ փայտով, օգնում են վարժություններ անեմ, որ ավելի լավ քայլեմ: Նրանց օգնությամբ արդեն հաշմանդամության կարգ ունեմ, վերջերս էլ այնպես արեցին, որ եռամսյա միանվագ սոցիալական օգնություն ստացա՝ 18 հազար դրամի չափով: Մինչև Կարմիր Խաչի հայտնվելը ոչ թոշակ էի ստանում, ոչ նպաստ: Մի քանի անգամ դիմել եմ սոցիալական, բայց…բայց չօգնեցին:

 

1988 թիվը Կարինե տատի կյանքում երկու հետք թողեց: Առաջինը երկրաշարժից եղավ՝ տունն ավերվեց, ու նա սկսեց ապրել այս տնակում: Երկրորդն էլ աղջկա ամուսնանալը եղավ, նրան փախցրեցին ու Կարինե տատը մնաց մենակ…մենակ՝ տնակում:

Կարինե տատի տնակում ջուրն արդեն վաղուց ոչ թե ծորակից է գալիս, այլ հարևանների տված շշից: Ինչպես ինքն է ասում՝ ծորակից ջուր չի գալիս, բայց հո՞ հարևաններից բարություն գալիս է: Բայց մեր տատիկին բախտը միայն հարևանների բարությամբ ու խաչականների օգնությամբ չէր շրջապատել: Նա անտարբերության զոհ էլ է դարձել.

-  Մի քանի ամիս առաջ խանութի ճանապարհին ոտքս որոշեց ինձ չպահել (ժպտում է) , ընկա: 2 մետր այն կողմ հարևաններից երկուսը (մարդ ու կին) իրենց աղջկա հետ կանգնած էին, - հասկանալով պատմության ավարտը՝մտքումս խնդրում էի հարևաններին՝մոտենան, օգնեն, թեև գիտակցում  էի, որ խնդրանքս ուշացած էր. - Չմոտեցան…լացեցի… բայց չմտածես՝ ցավից էի լացում, չէ՜, ես ցավին դիմանում եմ, բայց մարդկային անուշադրությանը այդպես էլ դիմանալ չսովորեցի:

 

Պատմեց պատմությունն ու ինձ խնդրեց անպայման գրել: Նա չէր ուզում տխրեցնել իր պատմությամբ, այլ ցանկանում էր, որ որքան հնարավոր է շատ մարդ կարդա պատմության վերջաբան-խորուրդը. «Վատություն մի արեք, ձեր ցավը տանեմ, ընկածին ոչ թե տրորեք ու անցեք, այլ մի փոքր գոնե բարձրացրեք»:  Մի անգամ էլ խնդրեց, որ այս պատմությունն անպայման գրեմ: Հետո իր օրինակն էլ բերեց, թե ինչպես են իր արած բարի քայլերը բումերանգի պես ետ վերադարձել.

- Երբ դեռ կարողանում էի նորմալ քայլել, անտառ էի գնում ու ինչ բերում էի (մասուր, բանջար, փայտ), միշտ մի մասը տալիս էի հարևաններին. գուցե մեծ բան չեմ արել, բայց նրանք դրանից ուրախացել են, իմ այդ լավությունն էլ ինձ Կարմիր խաչով ու խաչականների միջոցով ետ վերադարձավ:

Ու ինձ թվաց, եթե մարդկայնությունն ու կարեկցանքը հանկարծ այս պատմությունները կարդան, գուցե որոշեն ներկա ստանալ…գուցե՞…չէ՜, հաստա՜տ:

Վարժություններ անելու ժամանակն էր: Հեռախոսը վերցրի, որ նկարեմ, երբ տեսա ինչպես է Կարինե տատը «ջղայնանում», որ ավելի թույլ բռնեն, որ արդեն շատ են օգնել…որ այսօր ուզում է ավելի շատ ինքն իրեն օգնի…ու Կարինե տատը «պահանջեց», որ 2 օգնականից մնա միայն մեկը, այն էլ օգնի միայն առողջ ոտքի կողմից… Ժպտացինք, Կարինե տատն էլ ժպտաց:

Դրսից տնակն էի նկարում, երբ հարևանուհին տեսնելով մեզ, ասաց.

 - Կարի՞ն, արդեն նկարվում ես, հա՞… ծիծաղեցինք, Կարինե տատն էլ ծիծաղեց:

 

Արուս Հովհաննիսյան

ՀԿԽԸ կամավոր