Նորություններ
Իսլանդական Կարմիր խաչի Գլխավոր քարտուղարն...

Իսլանդական Կարմիր խաչի Գլխավոր քարտուղարն այցելեց ՀԿԽԸ

22.04.2015
Իսլանդական Կարմիր խաչի Գլխավոր քարտուղարն այցելեց ՀԿԽԸ

Ապրիլի 23-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը հանդիպեց Իսլանդական Կարմիր խաչի Գլխավոր քարտուղար Հերման Օտտոսսոնին և Աղետների ծառայության ծրագրերի ղեկավար Գուդյոն Սվանսոնին:

Այցի նպատակն էր ծանոթանալ Հայկական Կարմիր խաչի ընկերության գործունեությանը:

Գլխավոր քարտուղարը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց ՀԿԽԸ գործունեության ռազմավարական ուղղությունները, մարդասիրական ոլորտում աշխատելու դժվարությունները, այսօրվա մարտահրավերներն ու ծրագրվող քայլերը:

ԻԿԽ Գլխավոր քարտուղարն էլ իր հերթին ներկայացրեց Իսլանդական Կարմիր խաչի գործունեությունը: Այնուհետև զուգահեռներ անցկացվեցին երկու երկրների Ազգային ընկերությունների գործունեության դաշտի նմանությունների ու տարբերությունների և զարգացման հեռանկարների միջև:

ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը շեշտեց, որ Իսլանդական Կարմիր խաչի հետ համագործակցությունը շատ արդյունավետ է եղել, և հույս հայտնեց, որ այն շարունակական կլինի:

2014թ. Իսլանդական Կարմիր խաչի ֆինանսավորմամբ և ԿԽՄՖ աջակցությամբ իրականացվել է «Թվային կամուրջ նախաձեռնություն» ծրագիրը, որի շրջանակներում համակարգչային տեխնիկա է ձեռք բերվել ՀԿԽԸ Գլխավոր գրասենյակի և մարզային/տարածքային մասնաճյուղերի համար: Մասնաճյուղերն ապահովվել են նաև ինտերնետային կապով, ստեղծվել է տվյալների առցանց բազա` կամավորների, շահառուների, դոնորների ու ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը համակարգելու համար:

Ծրագրի արդյունքները և առցանց բազան հյուրերին ներկայացրեց ՀԿԽԸ Երիտասարդական բաժնի վարիչ Կատարինա Վարդանյանը:

Այցի շրջանակներում ՀԿԽԸ Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը` ԻԿԻ Գլխավոր քարտուղար Հերման Օտտոսսոնին և Աղետների ծառայության ծրագրերի ղեկավար Գուդյոն Սվանսոնին ուղեկցեց նաև Արարատի մարզի Լուսառատ համայնք, որտեղ ՀԿԽԸ աջակցությամբ վերականգնվել էր դպրոցի շենքը, ՀԿԽԸ Ստեփանավանի տարածքային մասնաճյուղ, ինչպես նաև Լոռու մարզի ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղ նրանց ներկայացրեց Աղետների կառավարման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: