Նորություններ
Սոցիալ-առողջապահական խնամքի նոր մոդելի...

Սոցիալ-առողջապահական խնամքի նոր մոդելի պլանավորման սեմինար

20.05.2015
Սոցիալ-առողջապահական խնամքի նոր մոդելի պլանավորման սեմինար

Մայիսի 18-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Հրազդան» հյուրանոցում կազմակերպել էր «Համայնքային տնային խնամքի, ադվոկացիայի և առողջապահության խթանում՝ մեծահասակների և կարիքավորների շրջանում» ծրագրի պլանավորման սեմինար, որի նպատակն էր ամփոփել սեմինարին նախորդող շաբաթվա քննարկումներն ու ծրագրել հետագա անելիքները` տարեցների սոցիալական խնամքի նոր մոդելի ներդրման համար:

Հանդիպմանը մասնակցում էին Հայկական Կարմիր խաչի ընկերության աշխատանքային խումբը` Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի ղեկավարությամբ, Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչներ Քրիստինե Ռութչմանը, Սյուզաննա Էգլոֆֆը, Ռաիսա Սինելնիկովան և Լենա Կռիլովան, Տավուշի և Լոռու մարզային մասնաճյուղերի գործադիր տնօրենները և կամավորները, Ավստրիական Կարմիր խաչի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցրերի նախարարության, «Էրեբունի» բժշկական քոլեջի, Շիրակի և Լոռու մարզպետարանների ներկայացուցիչներ:

ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, բացելով հանդիպումը, նշեց.

- Ողջունում եմ այս հանդիպման բոլոր մասնակիցներին` մարզերի ներկայացուցիչներին, դոնորներին: Շնորհակալ եմ այն ներդրման համար, որ բոլորն ունեցել են նախորդ շաբաթ Շիրակի և Լոռու մարզերում անցկացված քննարկումներում: Իրականացվել է գնահատում, որոշվել են ոլորտի բացերը, և մենք, որպես կառավարությանն օժանդակ կառույց` մարդասիրության ոլորտում, պետք է կանգնենք պետության կողքին: Մաղթում եմ մեզ արդյունավետ աշխատանք:

Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչներ Քրիստինե Ռութչմանը նույնպես ողջունեց ներկաներին.

- Տարեցների սոցիալ - առողջապահական խնամքի այս նոր մոդելի ներդրման շնորհիվ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մեծ ցանցի մի մասը կդառնա:

ՀԿԽԸ Առողջապահության բաժնի վարիչ Լուսինե Քոչարյանը ներկայացրեց Շիրակի և Լոռու մարզերում անցկացված քննարկումների արդյունքները և ընթացքում բացահայտված խնդիրները:

Այնուհետև փորձագետները ներկայացրեցին մոդելի սկզբունքը, որը հիմնված է շահառուներին տանը խնամելու գաղափարի վրա: Որքան էլ բարձր մակարդակի բուժսպասարկում առաջարկի հաստատությունը, մարդիկ նախընտրում են իրենց տանը մնալ:

Լոռու և Շիրակի մարզեր, որոնք ընտրվել են պիլոտային ծրագրի համար, ներկայացրեցին իրենց տեսլականը, ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր խոչընդոտներն ու սպասվող արդյունքները:

Փորձագետ Լենա Կռիլովան շեշտեց, որ վերցվելու է միջազգային փորձը, բայց մոդելը հայկական կլինի, որովհետև հաշվի կառնվեն տեղական մշակույթն ու ավանդույթները:

Քննարկվեց նաև շահառուների ընտության հարցը` աշխատանքային տարբերակում ներառված են միայնակ ծերերը, միայնակ ծեր զույգերը և հաշմանդամները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը ողջունեց նոր մոդելի ներդրման գաղափարը, քանի որ դրա կարիքը հանրապետությունում իրոք առկա է,

- ՀՀ-ում 370 000 տարեց կա, որից 200 000-ը հաշմանդամ են, 10 տոկոսը խնամքի կարիք ունի: Այսօր մենք սպասարկում ենք 4000-ին: 1975թ.-ին տնային խնամք է գործում, 80-ականներից ակտիվորեն համագործակցել ենք Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ: Այս մոդելները որոշ չափով նման են իրար:

«Էրեբունի» բժշկական քոլեջի ներկայացուցիչն էլ խոստացավ, որ ուսանողները բավական հետաքրքրված են ծերերին աջակցության ծրագրերով և, ճիշտ համակարգման դեպքում, հնարավոր կլինի հաստատության ուսանողներին ներգավել նաև այս ծրագրում:

Պլանավորման սեմինարի մասնակիցները քննարկեցին նաև կամավորների ներգրավման մոդելի մշակման, դերերի բաշխման և համակարգման այլ հարցեր: Մասնակիցներին ներկայացվեց համայնքների հետ աշխատանքի Հայկական Կարմիր խաչի ընկերության փորձը:

Պլանավորման սեմինարին հաջորդեցին աշխատանքային հանդիպումներ ՀՀ Առողջապահության և Սոցիալական հարցերի նախարարություններում` ծրագրի իրագործման հետագա քայլերը քննարկելու համար: