Նորություններ
Մրցանակներ "Խարանը` ճակատագիր" խորագրով...

Մրցանակներ "Խարանը` ճակատագիր" խորագրով շարադրությունների մրցույթում հաղթած դպրոցականներին

29.03.2016
Մրցանակներ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)` Տուբերկուլյոզի համաշխարհային օրվա կապակցությամբ, Աբովյանի Խ. Աբովյանի անվ. Թիվ 1 ավագ դպրոցում և Էստրադային և ջազային արվեստի ստուդիայում կազմակերպել էր շարադրությունների և նկարչական մրցույթ ` «Խարանը` ճակատագիր» թեմայով:

Մարտի 25-ին երկու դպրոցներում էլ լավագույն աշխատանքների հեղինակներն ստացան իրենց մրցանակները:

Մրցույթը հայտարարելուց առաջ ՀԿԽԸ աշխատակիցներն ու կամավորները դպրոցականների համար լուսաբանման դասընթացներ էին անցկացրել, պատմել էին տուբերկուլյոզի և այդ հիվանդների դժվարությունների մասին: Սոցիալական վերաբերմունքը և կարծրատիպերը ձևավորվում են դեռ վաղ մանկությունից: Այն արտահայտությունները, որ մենք լսում ենք փոքր տարիքում, ամրանալով մեր ուղեղում, ամբողջ կյանքի ընթացքում ազդում են մեր վարքի ու հարաբերությունների վրա:
Խարանը նկարագրելու համար հաճախ կիրառվում է «ստիգմա» հունարեն բառը, որը նշանակում է սպի: Հետևաբար, խարանելով, մենք պիտակավորում ու անջնջելի հետք ենք թողնում մարդկան հոգում: Մենք խարանում ենք նաև այն դեպքում, երբ մարդը տառապում է որևէ վարակիչ հիվանդությամբ, օրինակ` տուբերկուլյոզով, համարելով, որ նա սպառնալիք կամ վտանգ է ներկայացնում: Իրականում, մենք բավարար գիտելիքներ չունենք պաշտպանվելու համար և, խարանելով ու խտրականություն ցուցաբերելով, ավելի դժվարացնում ենք հիվանդի ապաքինումը և վերադարձը բնականոն կյանքին:
Այս թեման էր, որ աշակերտները փորձել էին բացահայտել իրենց աշխատանքներում: Սա ևս մի առիթ էր երեխաների համար, մտորելու և թղթին հանձնելու իրենց մտքերը մարդասիրության ու հանդուրժողականության մասին: Դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները, որոնք աշխատել էին երեխաների հետ մրցույթին նախապատրաստվելու համար, նույնպես նշեցին, որ թեման շատ արդիական էր և կարևոր` աշակերտների արժեքային համակարգը ձևավորելու համար:
Խ. Աբովյանի անվ. Թիվ 1 ավագ դպրոցում «Խարանը` ճակատագիր» խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողներն էին.

1. Ղուկասյան Գոռ – 1-ին տեղ, IXա դաս.
2. Աղասարյան Անժելիկա – 1-ին տեղ, Xա դաս.
3. Զաքարյան Նելլի – 2-րդ տեղ, Xբ դաս.
4. Ներսիսյան Արամ – 2-րդ տեղ, Xբ դաս.
5. Ավագյան Սոնա – 3-րդ տեղ, Xա դաս.
6. Սահակյան Լիաննա – 3-րդ տեղ, Xբ դաս.

1982թ. թվականի մարտի 24-ին, տուբերկուլյոզի հարուցիչի հայտնաբերման 100-ամյակի կապակցությամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Տուբերկուլյոզի և թոքերի հիվանդությունների դեմ պայքարի միջազգային միությունը հովանավորեցին Տուբերկուլյոզի դեմ պայքարի առաջին համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները:
1998թ. այն գրանցվեց Միավորված ազգերի Կազմակերպության միջոցառումների ցանկում և նշվում է յուրաքանչյուր տարի մարտի 24-ին: