Նորություններ
Աջակցություն ՄԻԱՎ-ով ապրողներին

Աջակցություն ՄԻԱՎ-ով ապրողներին

27.01.2014

2014թ. հունվարինԵրիտասարդական Կարմիր խաչի կամավորները`Արարատյան Հայրապետական Թեմի «Ցերեկային կենտրոնի» աշխատակիցների հետ միասին, պատրաստեցին ծրագրով նախատեսվածսննդի և հիգիենիկ պարագաների փաթեթները`սոցիալապես առավելխոցելի շահառուներին բաշխելու համար:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Իտալական Կարմիր խաչի աջակցությամբ  2013 թ.-ի սեպտեմբերից իրականացնում է «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագիրը: Ծրագիրը նպատակաուղղված է ՄԻԱՎ-ի արդյունավետ հակազդմանը` բնակչության առավել խոցելի խմբերի  (թմրամիջոցների ներարկային օգտագործողների) շրջանում, և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց բուժման, խնամքի ու աջակցության խթանմանը` քարոզչության միջոցով:

Ծրագրի  շրջանակներում նախատեսվում է իրականացնել`

1.    ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված տեղեկատվական/կրթական աշխատանքներ

Երիտասարդական Կարմիր խաչը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի «Ցերեկային Կենտրոնի» հետ համատեղ իրականացնում է ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված տեղեկատվական-կրթական դասընթացներ բնակչության տարբեր խմբերի համար ( թմրամիջոցների ներարկային օգտագործողներ, բժշկական հաստատությունների աշխատակիցներ, ԲՈՒՀ-երի ուսանողներ, ապագա լրագրողներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայաստանյան թեմերի երիտասարդաց միությունների ներկայացուցիչներ)` հաշվի առնելով այդ խմբերին բնորոշ վարքագծային առանձնահատկությունները և գործունության ոլորտը:

Հանրության շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացման նպատակով մշակվում և տպագրվում են տեղեկատվական նյութեր, որոնք բաժանվում են ուսումնական դասընթացների ընթացքում:

2.    ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրին առնչվող հեռուստատեսային ծրագրերի իրականացում և սոցիալական հարցման անցկացում

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին վերաբերող խնդիրների լուսաբանման, կարծրատիպերից զերծ վերաբերմունքի ձևավորման և վարքագծի փոփոխման նպատակով կազմակերպվում են հեռուստատեսային քննարկումներ և թոք  -շոուներ: Նախատեսվում է նաև սոցիալական հարցման անցկացում թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում:

3.     Սոցիալական աջակցություն` ծրագրում ընդգրկված շահառուներին

«ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագրում ընդգրկված շահառուները թմրամիջոցների ներարկային օգտագործողներն ու ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ են, որոնք բնակվում են Երևանում և Լոռու մարզում: Երևանաբնակ շահառուները Արարատյան Հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոն»-ից են:

Կարիքների գնահատման հիման վրա`ծրագրի շահառուներին տրամադրվում է սոցիալական աջակցություն`սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների տեսքով:

«ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը համագործակցում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի «Ցերեկային կենտրոն»-ի հետ: Վերջինիս նպատակն է՝ նվազեցնել ՄԻԱՎ-ով ապրող և ներերակային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը և նպաստել նրանց ինտեգրմանը, սոցիալական վիճակի բարելավմանը, հոգևոր արժեքների ձեռքբերմանը: Կենտրոնը գործունեություն է ծավալում ինչպես Երևանում, այնպես էլ` մերձակա շրջաններում` բազմաբնույթ աջակցություն տրամադրելով շահառուներին: