Նորություններ
Ուսուցիչները պատրաստ են սովորեցնել նաև...

Ուսուցիչները պատրաստ են սովորեցնել նաև դիմակայել աղետներին

10.09.2013

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ "Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ" ծրագրի շրջանակներում այս տարվա հուլիս և օգոստոս ամիսներին, համագործակցելով ԼՈՌԷ փրկարարական ջոկատ ՀԿ-ի հետ, եռօրյա դասընթացներ էր կազմակերպել Երևանի, Վանաձորի, Ստեփանավանի և Դարպաս ու Կուրթան համայնքների  14 դպրոցների 80 ուսուցիչների համար:

Դասընթացների ժամանակ ներկայացվեցին հետևյալ թեմաները՝

  • բնական և  տեխնածին աղետների տեսակները և դրանցից պաշտպանվելու վարքականոնները,
  • դպրոցներում դասավանդման մեթոդներ. խաղեր և ուսուցման ոչ-ավանդական այլ ձևեր,
  • Առաջին օգնության սկզբունքները. արյունահոսություն, կոտրվածքներ, ուշագնացություն, այրվածքներ.
  • Առաջին օգնության դասավանդման մեթոդները դպրոցներում:

Դասընթացներին մասնակցել են տնօրեններ, փոխտնօրեններ, ռազմագիտության, ֆիզիկայի, անգլերենի ուսուցիչներ: Այստեղ իրենց ստացած գիտելիքները ուսուցիչները փոխանցելու են աշակերտներին՝ այդ կերպ նպաստելով աղետներին պատրաստվածության և իրազեկվածության մակարդակը դպրոցներում:  

Ուսուցիչները նշեցին, որ այս դասընթացները շատ օգտակար և անհրաժեշտ են, քանի որ երեխաների անվտանգության ապահովումը դպրոցական առօրյայի առաջնահերթ ու ամենակարևոր բաղադրիչն է: