Նորություններ
«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ամանորյա...

«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ Երևանում

18.12.2014

Նոյեմբերի 17-ին, Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի բացումը: Այն կազմակերպվել էր ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից` Հայկական Կարմիր խաչի ընկերության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի աջակցությամբ:

Այս անգամ արդեն ավանդական դարձած ցուցահանդեսին մասնակցում էին նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության շահառուները, որոնք սեփական եկամտաբեր գործունեությունն սկսելու համար տարբեր գործիքներ են ստացել ու այժմ արդեն որոշ հաջողություններ ունեն այդ ոլորտում:

Իրենց աշխատանքներն էին ներկայացրել ձեռագործի սիրիահայ վարպետները, հրուշակագործներ, ոսկերիչներ ու արծաթագործներ: Իրենց ապրանքատեսակները ներկայացրել են նաև Հայաստանում արտադրություն հիմնած սիրիահայերը, այդ թվում` կոշիկի, շամպունի և այլն:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հաջողություն մաղթելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ նշեց.

- Դուք ձեր հայրենիքում եք, ձեր հողի վրա և ձեր տանը, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դուք զարգացնեք ձեր գործը, կատարելագործեք ձեր հմտություններն ու նոր ձեռքբերումներ և նոր ստեղծագործական մտահաղացումներ կյանքի կոչեք:

Լրագրողների հետ զրույցում ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանն ասաց.

- Մեր հայրենակիցները շատ արժանապատիվ են: Նրանք մեզ ասում էին. «Տվեք մեզ հնարավորություն, որպեսզի մենք կարողանանք ինքներս վաստակել մեր ապրուստը»: Հաշվի առնելով նրանց կարծիքը` մենք մեր ծրագրերում ներառեցինք եկամտաբեր գործունեության բաղադրիչը, ինչը ենթադրում է և համապատասխան գործիքների տրամադրում, և բիզնես դասընթացների կազմակերպում:

Ցուցահանդեսը տևելու է մինչև դեկտեմբերի 19-ը: