Նորություններ
Աղետների ռիսկի նվազեցման իրավական հիմքերը

Աղետների ռիսկի նվազեցման իրավական հիմքերը

18.02.2015

Փետրվարի 18-ին, «Անի Պլազա» հյուրանոցում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպել էր աշխատանքային հանդիպում` «Իրավական կոմպոնենտի համալրումը ԱՌՆ քաղաքային համայնքներում ծրագրին» թեմայով:

Հանդիպմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարության, ԱՌՆԱՊ հիմնադրամի, ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի, Օքսֆամ Հայաստանի, ՄԱԶԾ-ի. «Սեյվ դը չիլդրենի», Վորլդ վիժնի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչներ:

Բացելով հանդիպումը, ՀԿԽԸ Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց օրակարգը, հղում կատարեց «ԱՌՆ քաղաքային համայնքներում» ծրագրին, որին լրացնող իրավական բաղադրիչն էլ օրվա հանդիպման թեման էր:

ԿԽԿՄ Միջազգային ֆեդերացիայի իրավական հարցերով գլխավոր մասնագետ Տեսսա Քելին, ողջունեց ներկաներին` նշելով.

-  Շատ հաճելի է այս ծրագրի շրջանակներում ևս մեկ անգամ լինել Հայաստանում: Կարծում եմ, որ բոլոր ներկաները մեծ ներդրում կունենան այս հանդիպման ընթացքում: Կարծում եմ, որ այս ծրագրի ձեռքբերումներից է նաև այսքան տարբեր մասնագետների ներգրավումը` քաղաքային միջավայրում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներում:

Հանդիպման առաջին մասում ԱՌՆ փորձագետ Գուրգեն Բոշյանը ներայացրեց «Իրավական կոմպոնենտի համալրումը ԱՌՆ քաղաքային համայնքներում» ուսումնասիրության իրականացման գործընթացը, որին հաջորդեց իրավական փորձագետ Սամվել Առաքելյանի նույն թեմայով զեկույցի, հիմնական արդյունքների ու առաջարկությունների ներկայացումը:

Զեկույցներից հետո հանդիպման քառասունից ավելի մասնակիցները բաժանվեցին երեք խմբի` քննարկելու օրենսդրության մեջ առկա բացերն ու դրա կիրառման ոլորտում առկա ամենամեծ խոչընդոտները վաղ ազդարարման համակարգերի, ԱՌՆ կրթության և շենք-շինությունների խոցելիության նվազեցման ոլորտում:

ԱՌՆ քաղաքային համայնքներում

Ամբողջ աշխարհում ուրբանիզացիային և կլիմայի փոփոխությանն առնչվող միտումները, ինչպես նաև քաղաքային համայնքների արագ և չնախատեսված զարգացման հանդեպ հարմարվողականության թույլ կարողությունները և ենթակառուցվածքները դարձնում են վերջիններիս ավելի աղետավտանգ և ռիսկային: Հետևաբար, այս խնդիրն առաջնային է դառնում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների համար՝ ընդգրկվելու քաղաքային համայնքներում ԱՌՆ գործընթացում,որպես տեղական մակարդակում գործուն ազգային ընկերություններ:

2014թ. փետրվարից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Իրանական Կարմիր մահիկի ընկերության ֆինանսավորմամբ և ԿԽՄՖ  օժանդակությամբ սկսեց «ԱՌՆ քաղաքային համայնքներում»  ծրագրի իրականացումը: Ծրագիրը նպատակ ուներ արձագանքել քաղաքային համայնքներում աղետների ռիսկի վերաբերյալ աճող մտահոգություններին և աջակցել Ազգային ընկերության կարողությունների զարգացմանը՝ քաղաքային համայնքներում աղետների ռիսկերի նվազեցման ու կառավարման նպատակով:

Ծրագրի շրջանակներում իրականացվել է «ԱՌՆ քաղաքային համայնքներում» ուսումնասիրությունը, որտեղ բացահայտվել են քաղաքային համայնքներին բնորոշ վտանգները, քաղաքային և գյուղական համայնքների առանձնահատկությունները ԱՌՆ համատեքստում:

Քաղաքային համայնքների առանձնահատկությունների,  քաղաքային ու գյուղական համայնքների տարբերությունների՝ վտանգների, խոցելիության, խնդիրների, ենթակառուցվածքների և ծառայությունների համատեքստում բացահայտման նպատակով իրականացված ուսումնասիրությունը հստակ սահմանում է Երևան քաղաքի համատեքստը, ռիսկային գոտիները և հիմնական վտանգները: Այն նաև օգնեց Երևան քաղաքում թիրախային վարչական տարածքների ընտրությանը:

Ուսումնասիրության արդյունքների և մշակված ռիսկային քարտեզի հիման վրա իրականացվել է Խոցելիության և կարողությունների գնահատման գործիքի գործնական փորձարկում` Աջափնյակ համայնքում:

«ԱՌՆ քաղաքային համայնքներում» ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները  2014թ. սեպտեմբերին շրջեցին Աջափնյակ համայնքի շենքերում` տարածելով  Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի կողմից մշակված Հիմնական ուղերձները:

Իրազեկման նյութի շնորհիվ, որը ԿԽՄՖ կողմից մշակվել է հատուկ աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ իրազեկվածությունը բարձացնելու համար, բնակիչները կծանոթանան տարբեր աղետները կանխարգելելու, ինչպես նաև աղետների ժամանակ գործելու վարքականոններին:  Ընդհանուր առմամբ տարածվել է 5200 իրազեկման նյութ: