Նորություններ
Իրազեկման ակցիա` նվիրված Տուբերկուլյոզի դեմ...

Իրազեկման ակցիա` նվիրված Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան

25.03.2013

Մարտի 22-ին, ժամը 13:00-15:00-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն (ՀԿԽԸ) իրազեկման ակցիա է անցկացրեց` նվիրված մարտի 24-ի Տուբերկուլյոզի դեմ պայքարիհամաշխարհային օրվան:

ՀԿԽԸ Առողջապահական բաժնի աշխատակիցները և կամավորները Երևանի պետական բժշկական համալսարանից մինչև Երիտասարդական մետրո ձգվող տարածքում, Աբովյան փողոցի երկայնքով, անցորդներին բաժանեցին տուբերկուլյոզը լուսաբանող տպագիր նյութեր և պատասխանեցին նրանց` հիվանդությանը վերաբերող հարցերին: Ավ. Իսահակյանի արձանի հարևանությամբ տեղադրվել էր տաղավար, որտեղ ևս կարելի է տեղեկանալ տուբերկուկուլյոզով վարակվելու ուղիների և բուժման կազմակերպման մասին:

Երկու ժամվա ընթացքում բաժանվեց մոտ 3000 բուկլետ:

Ամեն տարի աշխարհում գրանցվում է տուբերկուլյոզի մոտ 9 մլն նոր դեպք,  մահանում է 1.6 միլիոն հիվանդ:

Վարակվածների 87 տոկոսը 15-55 տարեկան աշխատունակ տարիքի մարդիկ են, որոնցից 30 տոկոսը` մինչև 24 տարեկանների տարիքային խումբն է:

Տուբերկուլյոզը առողջապահական լուրջ խնդիր է նաև Հայաստանում: 2012թ. տվյալներով Հայաստանում գրանցված է եղել 3437 հիվանդ: 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացնում է Տուբերկուլյոզի դեմ պայքարի Ազգային ծրագրի սողիալ-հոգեբանական աջակցության և կրթական մասը` ՀՀ-ում գրանցված բոլոր` ինչպես ռեգուլյար, այնպես էլ դեղորայքակայուն ՏԲ հիվանդներին տրամադրելով սոցիալ-հոգեբանական աջակցություն և հիվանդության ու բուժման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և տեղեկատվություն:

Ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ Հիմնադրամի կողմից, որի հիմնական ստացողը հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, իսկ ենթաստացողը`ՀԿԽԸ-ն:

Իրազեկման ակցիայի նպատակն էր ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել առողջապահական այս խնդրի վրա և անհրաժեշտ գիտելիքներ ու տեղեկատվություն տրամադրել տուբերկուլյոզի վերաբերյալ: