Ինչ ենք անում
Աղետների կառավարում
Իրականացված ծրագրեր
Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ...

Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ Հարավային Կովկասում

Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ Հարավային Կովկասում

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2010թ. ապրիլից իրականացրել է 15 ամիս տևողությամբ` «Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ Հարավային Կովկասում» ծրագրի առաջին փուլը: Ծրագիրն իրականացվել է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության բաժնի, Դանիական և Իսլանդական Կարմիր խաչերի համաֆինանսավորմամբ և ԿԽ և ԿՄ ՄՖ օժանդակությամբ: Ծրագրի անցկացման համար, որպես թիրախ ընտրվել էին Շիրակի մարզի 9 համայնքներ և 32 դպրոցներ: Թիրախային համայնքներ էին` Առափի, Նոր Կյանք, Սառնաղբյուր, Բենիամին, Անուշավան, Ազատան, Փանիկ, Պեմզաշեն, Մեծ Մանթաշ:

Ծրագրի շահառուներն էին` 14.800 դպրոցականներ և նրանց հարազատները` 44.400, ինչպես նաև 9 համայնքների 24.965 բնակիչներ: Ծրագիրն իրագործվել է հետևյալ 4 ուղղություններով`

1. Համայնքների` աղետներին արձագանքման և ռիսկերի նվազեցման կարողությունների զարգացում,
2. Բնակչության իրազեկման բարձրացում` հատկապես դպրոցներում, աղետներին պատրաստվածության ուսումնական ծրագրերի միջոցով,
3. Աղետների կառավարման ոլորտում մարզային համակարգման հզորացում,
4. Հարավային Կովկասում աղետների կառավարման ոլորտում համագործակցության հզորացում:

Առաջին ուղղության շրջանակներում թիրախային ինը համայնքներում իրականացվել է աղետների նկատմամբ խոցելիության և կարողությունների գնահատում (ԽԿԳ)` ուղղված համայնքների վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտմանը: Գնահատման արդյուքների հիման վրա ՀԿԽԸ թիմը Շիրակի մարզային Փրկարարական ծառայության (ՇՓԾ) հետ համատեղ մշակել է ԽԿԳ զեկույց, որն իր մեջ ներառում է տվյալ համայնքի աղետներին նախապատրաստման ու կանխարգելման գործողությունների պլան և ռիսկային գոտիների քարտեզ:

Շիրակի մարզում ձևավորվել են ինը Համայնքային թիմեր (ՀԹ), որոնց կազմում ընդգրկված են 180 անդամներ (յուրաքանչյուր թիմում` 20 անդամ): ՀԹ-ին համապատասխան գիտելիքներ տալու և նրանց պատրաստվածության բարձր մակարդակը ապահովելու համար ՀԿԽԸ-ն կազմակերպել է «Աղետների կառավարման հիմունքներ», «Մարդասիրական օգնության տրամադրում» և «Փրկարարական հիմունքներ և առաջին օգնություն» թեմաներով տեսական և գործնական դասընթացներ: Որպես դասընթացների ավարտական փուլ` կազմակերպվել են ուսումնական խաղ վարժանքներ թիրախային բոլոր ինը համայնքներում` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի փրկարար ծառայության և «ԼՈՌԷ փրկարարական ջոկատ» ՀԿ-ի հետ համատեղ:
Յուրաքանչյուր ՀԹ-ին տրվել է փրկարարական գույք (սաղավարտ, պարան, բահ, բարձրախոս և այլն) և հանդերձանք (բաճկոն, տաբատ և այլն): Մարզային գործընկերների համար կազմակերպվել է Կլիմայի փոփոխության և Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) թեմայով սեմինար:

Ծրագրի երկրորդ ուղղության շրջանակներում շահառու 32 դպրոցների 150 ուսուցիչների համար ՀԿԽԸ թիմը` «ԼՈՌԷ» փրկարարական ջոկատի հետ համատեղ կազմակերպել է հատուկ դասընթացներ` Առաջին օգնություն, ԱՌՆ և նման այլ թեմաներով: Այնուհետև դասընթացին մասնակցած յուրաքանչյուր ուսուցիչ իր դպրոցի 100 աշակերտի համար կազմակերպել է հատուկ դասընթաց, որի ընթացքում աշակերտներին բաժանվել են ծրագրի շրջանակներում մշակված և տպագրված` ԱՌՆ և Կլիմայի փոփոխության թեմաներով ուսումնական նյութերը:
Աշակերտներին բաժանվել է նաև «Աղետի ընտանեկան պլան» թերթիկ-ուղեցույցը` իրենց ընտանեկան պլանը մշակելու համար, որի հիման վրա էլ կազմակերպվել են մրցույթներ: Մրցույթում հաղթող բոլոր 96 երեխաները պարգևատրվել են խրախուսական մրցանակներով:

Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է նաև Դեկտեմբերի 7-ին նվիրված հանրային միջոցառում, որի ընթացքում տեղ է ունեցել «Աղետի ընտանեկան պլանի» եզրափակիչ մարզային փուլը:

Երրորդ ուղղությամբ ստեղծվել է մարզային համակարգման հանձնաժողով, անցկացվել են հանդիպումներ: Իրականացվել է Շիրակի մարզում ԱՌՆ ոլորտում գործող կազմակերպությունների քարտեզագրում և տպագրվել է տեղեկագիր:
ՀԿԽԸ-ն` Շիրակի մարզային և տեղական իշխանությունների հետ համատեղ, ստեղծել է Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Շիրակի մարզային համակարգման հանձնաժողովի կանոնակարգ:

Չորրորդ ուղղության շրջանակներում ՀԿԽԸ-ն, Օքսֆամ ՄԲ հայաստանյան մասնաճյուղը Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամը (ՄԱՄՀ/ՅՈՒՆԻՍԵՖ) կազմակերպել են երկու հանդիպում` միասին ներկայացնելու ծրագրի միջանկյալ և վերջնական արդյունքներն ու ձեռքբերումները: Ինը թիրախային համայնքներում բնակչության հետ կազմակերպվել են հանդիպումներ` ներկայացնելու ծրագրի միջանկյալ և վերջնական արդյունքներն ու ձեռքբերումները: Անցկացվել են նաև տարածաշրջանային համագործակցության հանդիպումներ Վրաստանում: ՀԿԽԸ ներկայացուցիչները մասնակցել են հանդիպումներին, կիսել իրենց լավագույն փորձը և քննարկել ծրագրի ընթացքն ու ձեռքբերումները:

Ծրագրի իրականացման ընթացքում ՀԿԽԸ-ն սերտորեն համագործակցել է մի շարք պետական և ոչ պետական կառույցների, այդ թվում` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ Պաշտպանության Ազգային Ծառայության և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Շիրակի մարզային և տեղական իշխանությունների, Շիրակի փրկարար ծառայության, «ԼՈՌԷ» փրկարարական ջոկատ ՀԿ-ի և Արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հետ: