ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ
Հիմնարար սկզբունքները

    Հիմնարար սկզբունքները

    Շարժումը, որն ստեղծվել է մարտադաշտում վիրավորներին առանց խտրականության օգնություն ցուցաբերելու նպատակով, ընդլայնել է իր առաքելությունը և այժմ գործունեություն է իրականացնում տարբեր ոլորտներում: Այդ գործունեությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտ էր սահմանել Շարժման գործունեության առանցքային դրույթներ` սկզբունքներ, որոնք կհանդիսանան վարքագծի չափորոշիչներ և ընկած կլինեն Շարժման գործունեության հիմքում:

    Դեռ 1875 թվականին Գուստավ Մուանիեն խոսում էր գործունեության 4 հիմնարար սկզբունքների մասին` կանխատեսում, համերաշխություն, կենտրոնացում, ընդհանրություն: 1955 թվականին Ժան Պիկտեն Շարժման սկզբունքների մասին իր աշխատության մեջ շարադրում է 17 սկզբունք` դրանք բաժանելով հիմնարար սկզբունքների, որոնք բացատրում են Շարժման էությունն ու առաքելությունը, պայմանավորում Շարժման կառուցվածքն ու նրա գործունեության համակարգը:

    Դրա հիման վրա 1965 թ. Վիեննայում կայացած 20-րդ միջազգային համաժողովում ընդունվեցին Շարժման 7 հիմնարար սկզբունքները: Այնուհետև դրանք ընդգրկվեցին Շարժման Կանոնադրության նախաբանում: Հիմնարար սկզբունքները վարքագծի չափորոշիչներ են, որոնք ընկած են Շարժման գործունեության հիմքում և Շարժման գործունեության առանցքային դրույթներն են:


    Մարդասիրություն

    Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի Միջազգային Շարժումը, ծնվելով մարտի դաշտում վիրավորներին առանց խտրականության աջակցություն ցույց տալու ցանկությունից, իր միջազգային և ազգային իրավասությունների շրջանակներում ջանում է ամենուրեք կանխել և մեղմացնել մարդկային տառապանքը, ձգտում է պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, պահանջում է հարգել նրան: Շարժումը նպաստում է բոլոր ժողովուրդների միջև փոխըմբռնման, բարեկամության, համագործակցության և հարատև խաղաղության հաստատմանը:

     

    Անկողմնակալություն

    Շարժումը ոչ մի խտրականություն չի դնում ազգության, ռասսայի, կրոնական դավանանքների, դասակարգային կամ քաղաքական կարծիքների տեսանկյունից: Այն ջանում է նվազեցնել անհատների տառապանքները` առաջնորդվելով բացառապես նրանց կարիքներով: Թեև խտրականություն չդնելու պահանջը հենց սկզբից արտացոլվել է Ժնևի կոնվենցիաներում, իրավիճակից ելնելով, առաջնայնություն է տրվում առավել անհետաձգելի դեպքերին: Անկողմնակալություն դրսևորելու նպատակով Կարմիր խաչի անդամը պետք է ջանա մի կողմ թողնել համակրանքներն ու հակակրանքները:

     

    Չեզոքություն

    Համընդհանուր վստահությունը շարունակաբար վայելելու նպատակով Շարժումը ձեռնպահ է մնում հակամարտության կողմերից որևէ մեկին պաշտպանելուց և երբևէ քաղաքական, ռասսայական, կրոնական կամ գաղափարական բնույթի հակամարտություններին միջամտելուց: Սա ենթադրում է գաղափարական և ռազմական չեզոքություն: Ընդհարումների կամ խռովությունների դեպքում չեզոքությունը ենթադրում է չգործել այնպես, որ այս կամ այն կողմերին ռազմական գործողություններ ծավալելու հնարավորություն ընձեռվի: Գաղափարական չեզոքությունը ենթադրում է ձեռնպահ մնալ քաղաքական, կրոնական կամ այլ կարգի վեճերից, քանի որ ինչ դիրք էլ գրավի Կարմիր խաչը կամ Կարմիր մահիկը, խաթարվելու է Շարժման նկատմամբ բնակչության մի մասի վստահությունը, որն էլ խոչընդոտելու է նրա գործունեությանը:

     

    Անկախություն

    Շարժումն անկախ է: Ազգային ընկերությունները, մարդասիրական ծառայություններ իրականացնելիս լինելով իրենց կառավարությունների օգնականները և ենթարկվելով իրենց համապատասխան երկրների օրենքներին, պետք է մշտապես պահպանեն իրենց անկախությունը, որպեսզի միշտ կարողանան գործել Շարժման սկզբունքներին համապատասխան: Անկախության սկզբունքը նշանակում է, որ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի Ազգային ընկերությունները պետք է մերժեն քաղաքական, գաղափարական, տնտեսական կարգի ցանկացած միջամտություն: Շարժումը պետք է կախված չլինի նաև հասարակական կարծիքից: Պաշտոնապես ճանաչված լինելով իրենց պետությունների կողմից` որպես մարդասիրական ոլորտում պետական իշխանություններին օժանդակողներ, Ազգային ընկերությունները պետք է առաջնորդվեն իրենց կանոնադրությամբ:

     

    Կամավորություն

    Իր գործունեության ընթացքում Շարժումը իր առաջնորդվում որևէ շահով: Շարժման ծրագրերի շրջանակներում կատարվող գործը պետք է արվի բացառապես անշահախնդիր`մարդասիրական նպատակներին նվիրվածությամբ:

     

     

     

    Եզակիություն

    Յուրաքանչյուր երկրում կարող է գործել Կարմիր Խաչի կամ Կարմիր Մահիկի միայն մեկ ընկերություն: Այն պետք է բաց լինի բոլորի համար և իր մարդասիրական գործունեությունը ծավալի երկրի ամբողջ տարածքում: Ազգային ընկերության եզակիության հանգամանքը ԿԽՄԿ-ի կողմից ճանաչման պայմաններից մեկն է:

     

     

     

    Համընդհանրություն

    Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի Միջազգային Շարժումը, որտեղ բոլոր ընկերություններն ունեն հավասար իարվունքներ և պարտավոր են օգնել իրար, համընդհանուր է: Շարժման սկզբունքներից է, որ իր բաղկացուցիչ կազմակերպությունների միջև հարաբերությունները լինեն արդարացի, յուրաքանչյուրն օգտվի հավասար իրավունքներից, ունենա հավասար պարտականություններ: Նրանց համագործակցությունը դրսևորվում է հատկապես խոշոր ու անսպասելի աղետների ժամանակ: Հիմնարար սկզբունքները բխում են մեկը մյուսից, դրանք կազմում են Շարժման գաղափարախոսության անկյունաքարը և այդ սկզբունքներին հետևելու, դրանք հարգելու պատասխանատվությունն ընկած է Շարժման բոլոր անդամների վրա: