ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ
Պատմություն

    Պատմություն

    Կարմիր խաչի մարդասիրական առաքելությունը Հայաստանում գործունեություն է ծավալել դեռևս 1877 թ., երբ էրիվանի նահանգում հիմնվեցին Ֆիննական Կարմիր խաչի հոսպիտալներ, ինչպես նաև 1896 թ., երբ Ամերիկյան Կարմիր խաչի կամավոր Կլարա Բարտոնը օգնություն էր ցուցաբերում Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող աղետի մատնված հայ բնակչությանը: 

     

    1920 թվական... Դժվարին ժամանակներ էր ապրում անկախության ուղին բռնած Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Մի կողմից քայքայված գյուղատնտեսություն և արդյունաբերություն, մյուս կողմից` անընդմեջ պատերազմներ, արդյունքում` բազմաթիվ  փախստականներ Արևմտյան  Հայաստանից, սով, թշվառություն, համաճարակներ` բծավոր, որովայնային տիֆ, խոլերա, մալարիա, դիզենտերիա, որոնք անողոքաբար բազում մարդկային կյանքեր էին խլում: Եվ անկախ այն հանգամանքից, որ բազմաթիվ և բազմապիսի խնդիրների առաջ կանգնած նորանկախ  պետության ներսում Կարմիր խաչի նման կառույց ունենալն այնքան էլ դյուրին գործ չէր, այնուամենայնիվ, մի խումբ հասարակական գործիչներ` բժիշկ, գիտնական, հասարակական գործիչ Սպանդարատ Կամսարականի գլխավորությամբ, հիմք դրեցին Հայաստանի Կարմիր Խաչի ազգային ընկերությանը: 1920 թ. մարտի 19-ին Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտը հաստատեց ընկերության կանոնադրությունը և ընկերությունը ստացավ «Հայաստանի կարմիր խաչի ընկերություն» անունը:

    Նորաստեղծ Հայաստանի Կարմիր խաչի ընկերությունը իր գոյության առաջին օրվանից, չնայած սուղ պայմաններին, ձեռնամուխ եղավ բնակչության տառապանքներն ամոքելու դժվարին գործին: Չնչին միջոցներով ընկերությունը կարողացավ հիվանդանոց բացել Քեշիշքենդում (այժմ` Եղեգնաձոր), բուժական  և մթերային կետ` Նորաշենում: Կարմիր խաչի ակտիվիստները բավականաչափ անելիք ունեին նաև ռազմաճակատում, ուր անգնահատելի օգնություն էին ցուցաբերում հիվանդ ու վիրավոր մարտիկներին:

    Սակայն Հայաստանի Կարմիր խաչի ընկերությանը, ինչպես և անկախ Հայաստանի Առաջին հանրապետությանը, վիճակված չէր երկար ապրել: 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվեցին, իսկ 1921 թ. հոկտեմբերի 15-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ստորագրեց հրամանագիր, որի համաձայն, կարևորելով Հայաստանի Կարմիր խաչի ընկերության գործունեությունը, որոշվեց վերսկսել ընկերության գործունեությունը և արդեն 1922 թ. մայիսին կրկին վերահաստատվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) Կարմիր խաչի ընկերության կանոնադրությունը և նրա գործունեությանն աջակցելու համար որոշվեց ընկերությանը տրամադրել ընդհանուր հարկերի 5%-ը, արտասահմանյան անձնագրերի ձևակերպումներից ստացված գումարի 15%-ը, ժամանցային հիմնարկների եկամուտի 2%-ը, արտերկրից ստացված նվիրատվությունները: 

    Այսպիսով, օգտվելով կառավարության հովանավորությունից և հասարակական ու արհմիութենական կազմակերպությունների աջակցությունից` ՀԽՍՀ Կարմիր խաչի ընկերությունը սկսում է աշխատանքներ ծավալել առաջին հերթին փախստականներին ու որբերին ուղղված նյութական օգնության կազմակերպման գործում: Այն օգնում է Թուրքիայից գաղթած փախստականներին, որբերին, իր իսկ միջոցներով Երևանում, Էջմիածնում բացում է 100-տեղանոց որբանոցներ, հոգում երեխաների բժշկական սպասարկումը, բացում է ծննդատներ, հիվանդանոցներ: Ընկերության համար մեծ ձեռքբերում էին Երևանում կազմակերպված առաջին բուժքույրական դասընթացները, հետագայում ստեղծված երկամյա քույրական դպրոցը:

    1925 թ. ստեղծվում է ԽՍՀՄ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միությունը, որը ներկայացնում էր ազգային ընկերությունների շահերը ԽՍՀՄ կառավարության առաջ, կոորդինացնում էր իր կազմի մեջ մտնող ընկերությունների զանազան գործունեությունը:  ԽՍՀՄ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միության կազմի մեջ մտնում էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ՀԽՍՀ Կարմիր խաչի ընկերությունները և  Ադրբեջանի, Ուզբեկստանի Կարմիր մահիկի ընկերությունները: 

    Հայրենական Մեծ պատերազմը խախտեց ժողովրդի կյանքի ռիթմը: Ռազմաճակատն ու թիկունքը պայքարում էին «ամեն ինչ ռազմաճակատի, ամեն ինչ հաղթանակի համար» նշանաբանով: Պատերազմի բոլոր տարիներին Հայաստանի Կարմիր խաչ ընկերությունը անգնահատելի ծառայություն է մատուցել երկրի պաշտպանության և հիվանդ ու վիրավոր զինվորներին օգնություն ցույց տալու գործում: Ընկերությունը սատարում էր հանրապետություն ներգաղթած ընտանիքներին, ծնողազուրկ երեխաներին: Կարմիր խաչի հարյուրավոր կամավորներ օգնում էին վիրավորներին, սրտացավությամբ հոգում որբերի առողջության ու դաստիարակության մասին: Ընկերության հազարավոր անդամներ մասնակցում էին կամավորական ջոկատների աշխատանքներին:

     

    Պատերազմի ավարտից հետո առաջ եկան նոր խնդիրները: Անհրաժեշտ էր ամրապնդել ընկերությունը, օգնել առողջապահական մարմիններին, ավելացնել դոնորների թիվը, օգնել քաղաքացիներին` պատերազմում կորած հարազատներին որոնելու գործում: Խաչականները արժանապատիվ շատ գործ են կատարել, նրանցից շատերը արժանացել են պատվոգրերի: Այդ տարիներին Ընկերությունն ուներ մոտ վեց հարյուր հազար անդամ, այսինքն` հանրապետության ամեն չորրորդ քաղաքացի Կարմիր խաչի ընկերության անդամ էր:

     

    1988 թվականի Սպիտակի երկրաշարժն իր զգալի ազդեցությունը թողեց Հայկական Կարմիր խաչի ընկերության վերակազմավորման ու զարգացման վրա: ՀԿԽԸ-ն առաջին իսկ օրերից ներգրավված էր Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (այն ժամանակ՝ Լիգա) և միջազգային այլ կազմակերպությունների ու անհատների կողմից Հայաստան ուղարկվող ահռելի ծավալների հասնող մարդասիրական օգնության հայթայթման, համակարգման և տրամադրման աշխատանքներում։ Հսկայածավալ այդ աշխատանքի շնորհիվ Ազգային ընկերությունը հնարավորություն ունեցավ յուրացնելու ու տեղայնացնելու ողջ աշխարհի փորձը՝  աղետների ռիսկերի կառավարումը դարձնելով  իր ռազմավարական կարևորագույն ուղղություններից մեկը։

     

    1988 թ. դեկտեմբեր... Սպիտակի երկրաշարժը ցնցեց ամբողջ աշխարհը` 25.000 զոհ, 19.000 վիրավոր, ավերված տներ, դպրոցներ, հիվանդանոցներ: Երկրաշարժն ընդգրկեց Հայաստանի տարածքի 40%-ը` շուրջ 1 մլն բնակչությամբ: Դեկտեմբերի 8-ի երեկոյան Կարմիր խաչի մարդասիրական օգնությամբ բեռնված ինքնաթիռն առաջինը վայրէջք կատարեց Հայաստանում:

    1988-ին միջազգային հանրության հավաքագրված ռեսուրսների և տրամադրված օգնության ծավալները աննախադեպ էին՝ 268 միլիոն դոլարին համարժեք մարդասիրական օգնություն, 1200 ժամանակավոր ապաստան, 8 հիվանդանոց և պոլիկլինիկա, վերականգնողական կենտրոն, դպրոցներ, մանկապարտեզներ, բնակելի թաղամասեր՝ Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում ու Ստեփանավանում, զարգացման երկարաժամկետ ծրագրեր՝ և այդ ամենը   Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման 46 Ազգային ընկերությունների միավորված ջանքերի շնորհիվ։  Հսկայական ակտիվություն ցուցաբերեց ԽՍՀՄ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միությունը, որն իր օգնության ծրագրերով առաջիններից մեկը շտապեց աղետի գոտի:

    Երկրաշարժից ընդամենը 10 օր անց որոշում կայացվեց Երևանում կառուցել Միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոն, որը պետք է սպասարկեր հենաշարժողական համակարգի վնասվածքներով տառապող հաշմանդամներին:

    1992 թ. օգոստոսին շահագործման հանձնվեց ժամանակակից սարքավորումներով հագեցած, միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող, նախկին ԽՍՀՄ-ում իր տեսակի մեջ միակը համարվող կենտրոն, որը կառուցվեց Կարմիր խաչի 26 ազգային ընկերություների և 6 կառավարությունների միջոցներով:

     

     

    1993 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը  1993 թվականի մարտի 31-ին միացել է պատերազմի զոհերի պաշտպանության մասին Ժնևի 1949 թ․ օգոստոսի 12-ի կոնվենցիաներին և 1977 թվականի հունիսի 8-ի Լրացուցիչ արձանագրություններին ու ելնելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժման կանոնադրությունների դրույթներից, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ճանաչվեց որպես կամավորության սկզբունքով գործող, Կարմիր խաչի ազգային միակ, անկախ և ինքնավար ընկերություն, որը համագործակցում է հանրապետության իշխանությունների հետ մարդասիրական հարցերում և որն իրականացնում է իր գործունեությունը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժման հիմնարար սկզբունքներին համապատասխան։

     

    1995թ․-ին՝ կազմակերպությունը ճանաչվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից, ինչպես նաև դարձավ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ։

     

    100 տարի անց Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ իր 11 մարզային, մեկ տարածաշրջանային, և 52 համայնքային մասնաճյուղերի ցանցով, փորձառու և նվիրված անձնակազմով, տարեկան կտրվածքով մոտ 3000 կամավորներով, աջակցող կառույց է պետական մարմիններին մարդասիրական ոլորտում:

     

    ՀԿԽԸ գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններն են, Աղետների կառավարում, Բնակչության տեղաշարժ, Առաջին օգնություն, Որոնում ծառայություն, Սոցիալ-առողջապահություն, Երիտասարդների հիմնախնդիրներին  արձագանք, Մարդասիրական արժեքների տարածում:

    ՀԿԽԸ առաքելությունն է

    Նվազեցնել ազգաբնակչության խոցելիությունը մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ: Նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են ազգաբնակչության խոցելիության պատճառ դառնալ: Ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

     

    ՀԿԽԸ նպատակն է

    Կազմակերպության հիմնական նպատակն է կանխարգելել և թեթևացնել մարդային տառապանքները` անկախ ազգությունից, ռասսայական, սեռային, դասակարգային պատկանելությունից, կրոնական և քաղաքական հայացքներից:

     

     

     

    Պատմական տարեթվեր

     

    1920  ՀՀ Պառլամենտը վավերացրեց ՀԿԽԸ կանոնադրությունը

     

    1921  ՀԿԽԸ ժամանակավոր դադարից հետո վերսկսեց գործունեությունը

     

    1922 Խորհրդային Հայաստանի Ժողկոմխորհի որոշմամբ շարունակվեց ՀԿԽԸ գործունեությունը և վերահաստատվեց կանոնադրությունը

     

    1925  ՀԿԽԸ դարձավ ԽՍՀՄ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների դաշինքի անդամ

     

    1992  ՀԿԽԸ 14-րդ համագումարում ՀԿԽԸ հռչակվեց՝  որպես Հայաստանի Հանրապետությունում գործող Կարմիր խաչի միակ ազգային ընկերություն

     

    1992  Հայաստանի Հանրապետությունում բացվեց ՀԿԽԸ «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնը

     

     

    1993  Հայաստանի Հանրապետությունում միացավ  1949թ. Ժնևի   4 Կոնվենցիաներին և դրա  1977թ. առաջին և երկրորդ Լրացուցիչ արձանագրություններին

     

     

    1993  ՀՀ նախագահի հրամանագրով ՀԿԽԸ ճանաչվեց՝ որպես կամավորության սկզբունքով գործող, Կարմիր խաչի ազգային միակ, անկախ և ինքնավար ընկերություն

     

    1995 ՀԿԽԸ ճանաչվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից

     

    1995 ՀԿԽԸ դարձավ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ

     

    1997 Սոլֆերինո նահանգի Կարմիր խաչի թանգարանում տեղադրվեց ՀԿԽԸ հուշաքարը

     

    2002 Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն ընդունեց «Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանշանների գործածության և պաշտպանության մասին» ՀՀ օրենքը

     

    2005 թվականին ՀԿԽԸ նախագահության որոշմամբ հաստատվեցին Հայկական Կարմիր խաչի ընկերության 11 մարզային և 1 տարածքային մասնաճյուղերի կանոնադրությունները

     

    2011 Հայաստանի Հանրապետությունը միացավ Ժնևի  կոնվենցիաների 2005թ. 3-րդ լրացուցիչ արձանագրությանը: