ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ
Մեր մասին

    Մեր մասին

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շահույթ չհետապնդող իր անդամների շահերի ընդհանրության հիման վրա կազմավորված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Կարմիր Խաչի միակ ազգային ընկերությունն է, որը չի հետապդնում կրոնական, արհեստակցական, քաղաքական նպատակներ, չի հարում որևէ քաղաքական հոսքի: Այն իր գործունեությունն իրականացնում է երկրի ամբողջ տարածքում և իր կանոնադրական նպատակներն ու խնդիրներն իրականացնելու նպատակով ստեղծել է մարզային, տարածքային և համայնքային մասնաճյուղեր: Կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում:

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, լինելով Կարմիր խաչի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Կարմիր խաչի հիմնարար սկզբունքներով և հանդիսանում է կառավարությանն օժանդակ կազմակերպություն` մարդասիրական ոլորտում: ՀԿԽԸ-ի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

    Ընկերությունը բաց կազմակերպություն է, որին կարող են անդամագրվել բոլոր ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձիք` անկախ ռասսայից, սեռից, դավանանքից, գույքային կամ այլ դրությունից, ովքեր ընդունում են ՀԿԽԸ կանոնադրությունը, նրա նպատակներն ու խնդիրները և ցանկանում են մասնակցել կամ նպաստել նրա գործունեությանը: Մինչև տասնչորս տարեկան անչափահասները ընկերությանը կարող են անդամագրվել իրենց ցանկությամբ` օրինական ներկայացուցչի դիմումի համաձայն: Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափասները, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չեն ճանաչված, ընկերությանը կարող են անդամագրվել իրենց դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

    ՀԿԽԸ անդամները կարող են լինել շարքային, կամավոր, պատվավոր և հովանավոր:

    Շարքային անդամների ընդունումն իրականացվում է վերջինիս կողմից համապատասխան մասնաճյուղին ներկայացված դիմումի համաձայն: Շարքային անդամները վճարում են տարեկան անդամավճար:

    Կամավոր անդամ է համարվում այն անձը, ով ցանկություն է հայտնել անշահախնդիր ծառայություններ մատուցել ՀԿԽԸ-ին: Ներկայումս Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ունի կամավորների հոծ բանակ, որոնք մասնակցում են զանազան բնույթի ծրագրերի իրականացմանն ուղղված խոցելի և կարիքավոր մարդկանց կարիքների բավարարմանը: Կամավորների շնորհիվ է, որ ՀԿԽԸ իրականացրել և շարունակում է իրականացնել իր մարդասիրական առաքելությունը:

    ՀԿԽԸ պատվավոր անդամի կոչումը շնորհվում է ՀԿԽԸ նախագահության կողմից այն անձանց, ովքեր բացառիկ ծառայություններ են մատուցել կազմակերպությանը:

    ՀԿԽԸ հովանավոր անդամի կոչումը շնորհվում է ՀԿԽԸ նախագահության կողմից պետական և հասարակական այն ականավոր գործիչներին, ովքեր մշտապես օժանդակում են զարգացմանը և նպատակների ու խնդիրների իրականացմանը:

    Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը, աղետալի երկրաշարժից հետո ստեղծված ծանր իրադրությունում լավագույս փոխառելով արտասահմանյան մի շարք ազգային ընկերությունների փորձն ու հմտությունները և օգտագործելով իր պրոֆեսիոնալ ու կազմակերպչական կարողությունները, կարողացավ համեմատաբար կարճ ժամանակահատվածում հսկայական առաջընթաց ապրել` դառնալով հմուտ ու հուսալի գործընկեր այդ ընկերությունների և բազմաթիվ այլ կազմակերպությունների համար:

    Իրականացնելով կազմակերպչական անհրաժեշտ փոփոխություններ` ՀԿԽԸ-ն այսօր Հայաստանի Հանրապետությունում գործող ամենախոշոր և ամենահեղինակավոր մարդասիրական կազմակերպությունն է, որն օժանդակում է հասարակության սոցիալապես անապահով խավերին, տարածում է մարդասիրական գաղափարները, ինչպես նաև իրականացնում օրենքով նախատեսված հանրօգուտ այլ գործունեություն` աջակցելով մարդկանց անկախ ազգությունից, ռասսայական, սեռային, կրոնական, դասակարգային պատկանելությունից և քաղաքական հայացքներից: