ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ
Պատմություն

    Պատմություն

    Կարմիր խաչի մարդասիրական առաքելությունը Հայաստանում գործունեություն է ծավալել դեռևս 1877 թ., երբ էրիվանի նահանգում հիմնվեցին Ֆիննական կարմիր խաչի հոսպիտալներ, ինչպես նաև 1896 թ., երբ Ամերիկյան կարմիր խաչի կամավոր Կլարա Բարտոնը օգնություն էր ցուցաբերում Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող աղետի մատնված հայ բնակչությանը: Կարմիր Խաչի պատմությունը վկայում է որ Ազգային ընկերությունների կազմավորումը  ժամանակագրական իմաստով շատ հաճախ համընկնում է տվյալ երկրի` ռազմական գործողությունների մեջ գտնվելու  հետ: Եվ սա տրամաբանական է, քանի որ Կարմիր Խաչի նպատակն ի սկզբանե հիվանդ ու վիրավոր մարտիկներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելն էր: Այս առումով բացառություն չկազմեց նաև Հայկական Կարմիր Խաչի ընկերության կազմավորումը:

    1920 թվական... Դժվարին ժամանակներ էր ապրում անկախության ուղին բռնած Հայաստանը: Մի կողմից քայքայված գյուղատնտեսություն և արդյունաբերություն, մյուս կողմից` անընդմեջ պատերազմներ, արդյունքում` բազմաթիվ  փախստականներ Արևմտյան  Հայաստանից, սով, թշվառություն, համաճարակներ` բծավոր, որովայնային տիֆ, խոլերա, մալարիա, դիզենտերիա, որոնք անողոքաբար բազում մարդկային կյանքեր էին խլում: Եվ անկախ այն հանգամանքից, որ բազմաթիվ և բազմապիսի խնդիրների առաջ կանգնած նորանկախ  պետության ներսում Կարմիր խաչի նման կառույց ունենալը այնքան էլ դյուրին գործ չէր, այնուամենայնիվ, մի խումբ հասարակական գործիչներ` բժիշկ, գիտնական, հասարակական գործիչ Սպանդարատ Կամսարականի գլխավորությամբ, հիմք դրեցին Հայաստանի Կարմիր Խաչի ազգային ընկերությանը: 1920 թ. մարտի 19-ին Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտը հաստատեց ընկերության կանոնադրությունը և ընկերությունը ստացավ "Հայաստանի կարմիր խաչի ընկերություն" անունը:

    Նորաստեղծ Հայաստանի Կարմիր Խաչի ընկերությունը իր գոյության առաջին օրվանից, չնայած սուղ պայմաններին, ձեռնամուխ եղավ բնակչության տառապանքներն ամոքելու դժվարին գործին: Չնչին միջոցներով ընկերությունը կարողացավ հիվանդանոց բացել Քեշիշքենդում (այժմ` Եղեգնաձոր), բուժական  և մթերային կետ` Նորաշենում: Կարմիր Խաչի ակտիվիստները բավականաչափ անելիք ունեին նաև ռազմաճակատում, ուր անգնահատելի օգնություն էին ցուցաբերում հիվանդ ու վիրավոր մարտիկներին:

    Սակայն Հայաստանի Կարմիր խաչի ընկերությանը, ինչպես և անկախ Հայաստանի հանրապետությանը, վիճակված չէր երկար ապրել: 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվեցին, և ինչպես անկախ Հայաստանում գործող մի շարք կառույցներ, այնպես էլ Հայաստանի Կարմիր խաչի ընկերությունը ժամանակավորապես դադարեց իր գործունեությունը:

    1921 թ. հոկտեմբերի 15-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ստորագրեց հրամանագիր, որի համաձայն, կարևորելով Հայաստանի Կարմիր խաչի ընկերության գործունեությունը, որոշվեց վերսկսել ընկերության գործունեությունը և արդեն 1922 թ. մայիսին կրկին վերահաստատվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) Կարմիր խաչի ընկերության կանոնադրությունը և նրա գործունեությանն աջակցելու համար որոշվեց ընկերությանը տրամադրել ընդհանուր հարկերի 5%-ը, արտասահմանյան անձնագրերի ձևակերպումներից ստացված գումարի 15%-ը, ժամանցային հիմնարկների եկամուտի 2%-ը, արտերկրից ստացված նվիրատվությունները: 

    Այսպիսով, օգտվելով կառավարության հովանավորությունից և հասարակական և արհմիութենական կազմակերպությունների աջակցությունից` ՀԽՍՀ Կարմիր խաչի ընկերությունը սկսում է աշխատանքներ ծավալել առաջին հերթին փախստականներին ու որբերին ուղղված նյութական օգնության կազմակերպման գործում: Այն օգնում է Թուրքիայից գաղթած փախստականներին, որբերին, իր իսկ միջոցներով Երևանում, Էջմիածնում բացում է 100-տեղանոց որբանոցներ, հոգում երեխաների բժշկական սպասարկումը, բացում է ծննդատներ, հիվանդանոցներ: Ընկերության համար մեծ ձեռքբերում էին Երևանում կազմակերպված առաջին բուժքույրական դասընթացները, հետագայում ստեղծված երկամյա քույրական դպրոցը:

    1925 թ. ստեղծվում է ԽՍՀՄ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միությունը, որը ներկայացնում էր ազգային ընկերությունների շահերը ԽՍՀՄ կառավարության առաջ, կոորդինացնում էր իր կազմի մեջ մտնող ընկերությունների զանազան գործունեությունը: ԽՍՀՄ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միության կազմի մեջ մտնում էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ՀԽՍՀ Կարմիր խաչի ընկերությունները և  Ադրբեջանի, Ուզբեկստանի Կարմիր մահիկի ընկերությունները: 

    Հայրենական Մեծ պատերազմը խախտեց ժողովրդի կյանքի ռիթմը: Ռազմաճակատն ու թիկունքը պայքարում էին "ամեն ինչ ռազմաճակատի, ամեն ինչ հաղթանակի համար" նշանաբանով: Պատերազմի բոլոր տարիներին Հայաստանի Կարմիր խաչ ընկերությունը անգնահատելի ծառայություն է մատուցել երկրի պաշտպանության և հիվանդ ու վիրավոր զինվորներին օգնություն ցույց տալու գործում: Ընկերությունը սատարում էր հանրապետություն ներգաղթած ընտանիքներին, ծնողազուրկ երեխաներին: Կարմիր խաչի հարյուրավոր կամավորներ օգնում էին վիրավորներին, սրտացավությամբ հոգում որբերի առողջության ու դաստիարակության մասին: Ընկերության հազարավոր անդամներ մասնակցում էին կամավորական ջոկատների աշխատանքներին:

    Պատերազմի ավարտից հետո առաջ եկան նոր խնդիրները: Անհրաժեշտ էր մրապնդել ընկերությունը, օգնել առողջապահական օրգաններին, ստվարացնել դոնորների շարքերը, օգնել քաղաքացիներին` պատերազմում կորած հարազատներին որոնելու գործում: Հայաստանի Կարմիր խաչի ընկերության խաչականները արժանապատիվ շատ գործեր են կատարել, նրանցից շատերը արժանացել են պատվոգրերի: Այդ տարիներին Ընկերությունն ուներ մոտ վեց հարյուր հազար անդամ, այսինքն` հանրապետության ամեն չորրորդ քաղաքացի Կարմիր խաչի ընկերության անդամ էր:

    1988 թ. դեկտեմբեր... Սպիտակի երկրաշարժը ցնցեց ամբողջ աշխարհը` 25.000 զոհ, 19.000 վիրավոր, ավերված տներ, դպրոցներ, հիվանդանոցներ: Երկրաշարժն ընդգրկեց Հայաստանի տարածքի 40%-ը` շուրջ 1 մլն բնակչությամբ: Դեկտեմբերի 8-ի երեկոյան Կարմիր խաչի ընկերության առաջին ինքնաթիռը վայրէջք կատարեց Հայաստանում:

    1988 թվականի Սպիտակի երկրաշարժն իր աննախադեպ ազդեցությունը թողեց Հայկական Կարմիր Խաչի ընկերության վերակազմավորման ու զարգացման վրա: Աղետի գոտում սկսեցին խոշոր մարդասիրական ներդրումներ կատարվել: Հայաստանում գործունեություն էին ծավալում միջազգային բազմաթիվ մարդասիրական կազմակերպություններ:

    Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան (այն ժամանակ` Լիգա), մասնավորապես, աղետի կապակցությամբ իր ամբողջ գոյության ընթացքում ամենամասշտաբային ներդրումները կատարեց: Հսկայական ակտիվություն ցուցաբերեց ԽՍՀՄ Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միությունը, որն իր օգնության ծրագրերով առաջիններից մեկը շտապեց աղետի գոտի: Բավականին ակտիվ գործունեություն սկսեցին ծավալել նաև Կարմիր Խաչի մի շարք ազգային ընկերություններ: Այս և նմանատիպ այլ կազմակերպություններ իրենց գործունեությունը Հայաստանում ծավալում էին Հայկական Կարմիր Խաչի ընկերության (ՀԿԽԸ) միջոցով:

    Երկրաշարժից ընդամենը 10 օր անց որոշում կայացվեց Երևանում կառուցել Միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոն, որը պետք է սպասարկեր ողնաշարային վնասվածքներով տառապող հաշմանդամներին:

    1992 թ. օգոստոսին շահագործման հանձնվեց ժամանակակից սարքավորումներով հագեցած, միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող, նախկին ԽՍՀՄ-ում իր տեսակի մեջ միակը համարվող կենտրոն, որը կառուցվեց Կարմիր Խաչի 26 ազգային ընկերություների և 6 կառավարությունների միջոցներով:

    Կենտրոնն այսօր էլ շարունակում է իր աշխատանքը, որտեղ իրենց բուժումն են ստացել ու շարունակում են ստանալ հազարավոր հաշմանդամներ: Այժմ կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները ողնուղեղի, ողնաշարի, հենաշարժական ապարատի հիվանդությունների բուժումն է, ընդհանուր և հետվնասվածքային վերականգնումը, հիվանդների մասնագիտական ուսուցումը, սոցիալ-հոգեբանական վերականգնումը, սանատոր-կուրորտային բուժումը: Այն նաև հսկայական աշխատանքներ է տանում հաշմանդամներին արհեստներ սովորեցնելու ուղղությամբ: Այս ամենը նպաստում է, որ հաշմանդամները հնարավորին չափ արագ ինտեգրվեն հասարակությանը և դառնան նրա լիարժեք անդամներ: