Եղիր ներգրավված
Մեր կամավորները
Մեր կամավորները
Անի Զարգարյան․ Կամավորի օբյեկտիվում...

Անի Զարգարյան․ Կամավորի օբյեկտիվում սոցիալական խնդիրներն են

Անի Զարգարյան․ Կամավորի օբյեկտիվում սոցիալական խնդիրներն են

Կարմիր խաչի կամավորները հետաքրքրությունների լայն շրջանակ ունեն՝ մոտիվացիայի տարբեր աղբյուրներ: Կինոման, ֆոտոսիրահար Անի Զարգարյանը սոցիալական խնդիրներին նայում է իր ֆոտոխցիկի օբյեկտիվից՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության սոցիալական նախաձեռնությունների է մասնակցում։

- Կարմիր խաչի շնորհիվ ավելի տեղեկացված եմ, մարդկանց խնդիրներն այն աստիճան չէի տեսնում, ինչպես հիմա։ Նախկինում եթե ինչ-որ անօգնական մարդ էի տեսնում փողոցում, կարող է անցնեի, գնայի։ Հիմա այլ կերպ եմ մտածում՝ եթե իրեն չօգնեմ, բա մյուսներին կկարողանա՞մ, - պատմում է նա։

Անին ավարտել է Հայաստանի ազգային ագրային համալսարանի տեխնոլոգիական  բաժինը, մասնագիտությամբ ինժիներ-տեխնոլոգ է, աշխատում է որպես քիմիկոս, բայց  կամավորություն սկսելու շարժառիթներից մեկն իր կողմից արված լուսանկարներն են եղել․

- Տավուշի մարզում՝ սարի վրա կային  փոքրիկ տնակներ, դրանք  զարդարված  էին  հետաքրքիր նկարներով: Շրջակայքում երեխաներին խաղում՝ հնամաշ շորերով, երևի անգամ խաղալիքներ չունեին, բայց նրանց աչքերում այնքան ոգևորություն կար: Ոչ ինտերնետ ունեին, ոչ հեռախոս, ոչինչ չունեին ու երջանիկ էին:  Այդ նկարներով ես շնորհավորել էի իմ բոլոր ընկերների Նոր տարին: Դրանից հետո անընդհատ նայում էի այն նկարներին, և ուզում էի ինչ-որ բանով օգնել նրանց:

 Այդ ժամանակ էլ ծանոթացել է Կարմիր խաչի կամավորներին մեկի հետ, եկել գրասենյակ և հասկացել, որ սա է այն տեղը, որից պետք է սկսել: Հիմա «Ժպիտների ակումբի» ակտիվ կամավորներից է, որի շրջանակներում  հանրակացարանաբնակ  երեխաների համար  ժամանցային և ընդհանուր զարգացմանն ուղղված տարբեր միջոցառումներ են նախաձեռնում, օգնում դասերը պատրաստել։

- Ինչպես բոլոր կամավորները, այնպես էլ ես, ուզում եմ իմ գիտելիքների գոնե  1%-ը փոխանցել երեխաներին, այդպիսով ինչ-որ բանով օգտակար լինել, - ասում է Անին, - Կարմիր Խաչի կամավորները շատ հասուն և պատրաստված մարդիկ են, նրանցից ամեն անգամ նոր գիտելիքներ եմ ստանում: Բոլորը մարդամոտ են, իրար նկատմամբ շատ սրտացավ, ամեն ինչ պատրաստ են անել այս երեխաների համար, սա մի մեծ «ընտանիք» է:

Լուսանկարիչ, կինոման, քիմիկոս, արշավների սիրահար կամավորի բուռն առօրյաում միշտ էլ ժամանակ է գտնվում Կարմիր խաչի համար: Կամավորությունն էլ այսպես է սահմանում․

- Մենք պատրաստ ենք օգնել անշահախնդիր, հասկանալ կողքինի խնդիրը, ցավը: Կամավորության շնորհիվ բազմաթիվ նոր ընկերներ, գիտելիքներ, հմտություններ ես ձեռք բերում: Սա կամավորական առաջին փորձս է, սակայն կարծում եմ վերջինը չի լինի: