Եղիր ներգրավված
Մեր կամավորները
Մեր կամավորները
Էլեն Բադալյան․«Ավելի գիտակից ու հասուն դարձա,...

Էլեն Բադալյան․«Ավելի գիտակից ու հասուն դարձա, սկսեցի գնահատել բոլորին»․

Էլեն Բադալյան․«Ավելի գիտակից ու հասուն դարձա, սկսեցի գնահատել բոլորին»․

Լուսանկարչությունը՝ հոբբի, սպորտը՝ տարերք, կամավորությունը՝ ապրելակերպ դարձրած 18-ամյա Էլեն Բադալյանը Հայկական Կարմիր խաչի ընկերության ակտիվ կամավոր է: Սովորում է Երևանի պետական հումանիտար քոլեջի՝ Սպասարկման կազմակերպում և տուրիզմ բաժնում: Էլենի համար ամենահետաքրքիր զբաղմունքը լուսանկարչությունն է, իսկ ամենահետաքրքիր գործը՝ կամավորությունը:


- Եղբայրս կամավոր էր «Loft»-ում, անընդհատ ասում էի, որ ինձ էլ տանի, չէր տանում, ասում էր՝ փոքր եմ: Քոլեջի բարձր կուրսեցիների ֆեյսբուքյան էջերն էի նայում, տեղեկությունների հատվածը՝ տեսնելու, թե ինչով են զբաղվում, շատ շատերի մոտ տեսա,որ կամավորություն են անում Կարմիր խաչում, և այդպես եկա ու ես էլ միացա:Կարճ ժամանակ անց հասկացա ամենակարևորը․ Կարմիր խաչը գիտի գնահատել իր կամավորներին, ու հասկացա, որ ճիշտ տեղում եմ։ Ես կամավոր եմ հանրակացարանաբնակ երեխաների ծրագրում «Smily Club»-ում, որտեղ մենք երեխաների ժամանցն ենք կազմակերպում, նրանց տանում տարբեր վայրեր, ինտերակտիվ դասեր անում, խոսում, քննարկում տարբեր թեմաներ: Հիմնական նպատակը երեխաների բազմակողմանի զարգացումն է: Ծրագերը, քննարկումները նախօրոք որոշում ենք, պատրաստվում: Հաճախ ծնողներս կատակում են՝ ասելով կամավորական աշխատանք պարտադիր պետք է լինի չէ՞, որ մեզ օգնես: Իրականում սա այն միջավայր է, որտեղ դու քեզ կարողանում ես դրսևորել, հանդես գալ քո ամբողջ պոտենցիալով, բացի այդ հասկանում ես ինքդ քեզ, որ ոլորտն է ավելի հոգեհարազատ: Հասկացա, որ կազմակերպչական աշխատանք եմ ուզում անել, և միգուցե բարձրագույն կրթություն այլ ուղղությամբ ստանամ, օֆիսային աշխատանքն իմը չէ:


Մինչև կազմակերպության անդամ չես դառնում, չես հասկանում դրա ամբողջական դերը, ու թե ինչ հսկայական աշխատանք են անում, նայում ես, ասում ես՝ հա′, շատ լավ է, ապրեն, բայց, լինելով անդամ, դու արդեն տեսնում ես, հասկանում, թե այդ արդյունքը ինչ հսկայական ջանքերի շնորհիվ է ձեռք բերվել: Մինչև Կարմիր խաչը ավելի փակ մարդ էի, այժմ շատ նոր ծանոթություններ ունեմ, սիրում եմ շփվել, ավելի ակտիվ եմ, սովորեցի սահմանված ժամանակի մեջ տեղավորվել: Բացի այդ հսկայական գիտելիքներ ձեռք բերեցի դասընթացների շրջանակներում: Ես վստահ կարող եմ ասել, որ լրիվ փոխվել եմ: Ավելի գիտակից ու հասուն դարձա, սկսեցի գնահատել բոլորին, արժևորել տարեցներին, թեկուզ իմ տատիկ- պապիկին սկսեցի ավելի ջերմ վերաբերվել: Կարմիր խաչը նպաստում է, որ երիտասարդներն ավելի գիտակից ու հասուն դառնան, տեսնեն, իմանան, թե ինչպե՞ս շփվեն սոցիալապես անապով ընտանիքի երեխայի հետ, հիվանդի հետ, և ինչպես օգնեն: Մարդասեր ես դառնում, գիտակցությանդ մեջ ընդունում բոլոր մարդկանց հավասար՝ անկախ ամեն ինչից: Բացի այդ առաջնորդության գծեր են արթնանում: Խաչի բոլոր երիտասարդներն էլ պարզ են, ազնիվ, այնպիսին՝ ինչպիսին Խաչն է:

 

Էլիզա Բադալյան
ՀԿԽԸ կամավոր