Եղիր ներգրավված
Մեր կամավորները
Մեր կամավորները
Մարիամ Զորիկյան. Կարմիր Խաչի Մաշան

Մարիամ Զորիկյան. Կարմիր Խաչի Մաշան

Մարիամ Զորիկյան. Կարմիր Խաչի Մաշան

Կարմիր խաչն ինձ տվեց այնպիսի բաներ,որ ո՛չ մի ուրիշ տեղ չգտա: Մարդկային նոր որակներով զինեց: Ես Մարիամ Զորիկյանն եմ, հարուստ` տատիկ - պապիկներով, քույրերով եղբայրներով, հարազատ ու ջերմ պատմություններով, հուշերով:

Կամավորական աշխատանքն ապրելակերպի մի մաս դարձրած Մարիամ Զորիկյանը հինգ տարուց ավելի է, ինչ կամավորական աշխատանքներ է կատարում Հայկական Կարմիր խաչի ընկերությունում, իր ավանդը ներդնելով մարդասիրական մեծ գործում, նվիրումով օգնում, աջակցում է Կարմիր խաչի շահառուներին:


- Կարմիր խաչում ես կամավոր չե՛մ, մեկի համար թոռնիկ եմ, մյուսի համար՝ քույր, իսկ երրորդի համար՝ սատարող, օգնող ձեռքը, - նշում է նա:
Մաշան սովորում է ԵՊՀ-ի Պատմության Ֆակուլտետի մշակութաբանություն բաժնում, միաժամանակ զբաղվում է երաժշտությամբ՝ շեփոր է նվագում, աշխատում, մի շարք երիատասարդական նախաձեռնությունների ակտիվ անդամ է: ՀԿԽԸ կողմից կազմակերպվող ամառային ճամբարի խոհանոցում օգնականի աշխատանքը առիթ դարձավ, ինչպես նաև կամավորներից Ինեսան նպաստեց, որ Մարիամը Կարմիր խաչի աշխատանքներում ներգրավվի:


- Շատ բան չգիտեի Հայկական Կարմիր խաչի մասին, կամ էլ թյուր կարծիք ունեի: Ինեսը՝ ճամբարի անդամ և կամավոր, այնպես հավես ներկայացրեց իրենց ծրագրերը, մոտցեումները, որ ես նույնպես ուզեցա դառնալ այդ ընտանիքի անդամ, իմ ավանդն ունենալ այդ մարդասիրական գործում:

Մարիամը կամավոր-պատասխանատու է հանրակացարանաբնակ միայնակ ծերերի, և հանրակացարանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաների ծրագրում:

- Ես պատասխանատու եմ Չարբախի հանրակացարանի տարեց բնակիչների համար: Դպրոցական տարիներին ամեն օր դասերից հետո գնում էի, այժմ՝ շաբաթը մեկ-երկու անգամ: Տատիկ- պապիկները կյանքիս մի մասն են դարձել, առանց իրենց ես՝ ես չեմ: Այնքան փոխադարձ ջերմություն կա, որ դարձել ենք մի մեծ ընտանիք: Իրենց հետ շատ հավես է անցնում, էնքան բան ունենք պատմելու, կիսվելու, խոսելու, լիքը հետաքրքիր խորհուրդներ են տալիս, մի խոսքով շա՛տ հետաքրքիր է: Քանի որ նրանց մեծ մասը ռուսախոս են, դժվարությամբ են արտաբերում Մարիամ, այդ պատճառով ինձ Մաշա են ասում: Խոսքերով դժվար է այդ հարազատությունը, ջերմությունը արտահայտել, իրենք ինձ համար շատ հարազատ են: Ռուբեն պապիկը ամեն օր ինձ զանգում է, Էմմա տատիկը իմանալով, որ շատ եմ սիրում ժինգյալով հաց, պարբերաբար պատրաստում է ինձ համար: Միշտ,որ գնում եմ տատիկները ինձ համար նվերներ են պատրաստած լինում, հիմնականում չեմ վերցնում, բայց մեկ-մեկ վերցնում եմ, քանի որ շատ են նեղսրտում: Եթե մի շաբաթ չգնամ, կսկսեն անհանգստանալ: Կարմիր Խաչը կյանքս թարմությամբ լցրեց, դարձրեց ավելի հետաքրքիր: Շատ-շատ հետաքրքիր հուշեր ունեմ Կարմիր Խաչի հետ կապված: 


Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագրի շրջանակներում, սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ բաշխելուց բացի, կամավորները միայնակ ծերերին առօրյան հետաքրքիր դարձնելու նպատակով տանում են թանգարաններ, թատրոն, կինո, մշակութային կենտրոններ, իսկ ամռանը՝քաղաքից դուրս:


- Վարդավառի ժամանակ գնացել էինք քաղաքից դուրս, մենք՝երիտասարդներս, որոշեցինք միմյանց վրա ջուր ցանել, մեկ էլ անսպասելիորեն տեսնենք տատիկ - պապիկները մեր ետևից գալիս են՝ մեծ դույլեր ձեռքերին մեզ ջրելու:


Սիրած աշխատանքը, վայրը, հարազատ մարդիկ հաճախ դառնում են այն աղբյուրը, որից մենք ուժ ենք ստանում, լիցքավորվում, զինվում նոր գաղափարներով: Չնայած ծանրաբեռնված առօրյային՝ ուսում, աշխատանք, Մարիամը շարունակում է լինել Հայկական Կարմիր խաչի ակտիվ կամավոր:


- Միշտ ժամանակ գտնում եմ իմ ընտանիք այցելելու: Մի շրջան կար, երբ դասերս շուտ էին վերջանում, ամեն օր դասերից հետո գնում էի հանրակացարանի: Էմմա տատիկը հաց չէր ուտում սպասում էր ինձ, որ միասին ճաշեինք: Ուտելուց հետո այցելում էի մյուս տատիկիս, նա էլ նեղանում էր, որ Էմմա տատիկիս տանը կերել եմ, իսկ իր տանը՝ ո՛չ, ստիպված բոլորի տանը հաց էի ուտում: Այստեղ բոլոր ծերերը միայնակ են չունեն հարազատներ, կամ ունեն,բայց՝ իրենց կողքին չեն: Մենք հարազատների բացն ենք լրացնում: Օրինակ, մի տատիկ ունեինք, որն անընդհատ սպասում էր, որ որդին գալու է իրեն այցի: Որդին 20 տարի առաջ հոր թաղմանն էր եկել, և այլևս չէր երևացել: Ամեն անգամ,երբ դուռը ծեծում էի՝ որդու անունն էր ասում, անընդհատ սպասում էր, որ կգա իր միակ հարազատը: Երբ կարողանում էի ինչ-որ չափով մեղմել իր վիշտը կամ մոռացության տալ մի քանի րոպե, ժպիտ պարգևել, թեթևություն էր իջնում ուսերիս: Անդամակցելով այս մեծ ընտանիքին ես ձեռք բերեցի շատ ընկերներ, բարեկամներ, սկսեցի այլ տեսանկյունից նայել շատ հարցերի, ձեռք բերեցի բազմապիսի գիտելիքներ և հմտություններ: Նաև «Ժպիտների ակումբի անդամ եմ: Այստեղ իմ առաքելությունն այլ է, օգնում եմ, խորհուրդ տալիս երեխաներին՝ որպես մեծ քույր: Շա՛տ-շա՛տ կազմակերպություններում եմ կատարել կամավորական աշխատանքներ, բայց Կարմիր խաչն ինձ տվեց այնպիսի բաներ,որ ո՛չ մի ուրիշ տեղ չգտա: Մարդկային նոր որակներով զինեց: Ես Մարիամ Զորիկյանն եմ՝ հարուստ տատիկ - պապիկներով, քույրերով եղբայրներով, հարազատ ու ջերմ պատմություններով, հուշերով:

Էլիզա Բալայան

ՀԿԽԸ կամավոր