Ինչ ենք անում
Ֆոնդահայթայթման ակցիաներ
«Նվիրիր Հույս»

«Նվիրիր Հույս»

«Նվիրիր Հույս»

2017 թ. դեկտեմբերին ՀԿԽԸ-ն մեկնարկեց «Նվիրիր Հույս» ֆոնդահայթայթման ակցիան: Ակցիայի շրջանակներում Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի ամանորյա տոնավաճառում հիմնվել էր «Հույսի խանութ»: Շուրջ 50 կամավորներ աջակցում էին ակցիայի իրականացմանը` ամեն օր հերթապահելով տնակում:

Հանրային ակցիայի ժամանակ մարդիկ գնում էին փոստային քարտեր և նվիրում «Հույս»` երեք տարբեր ուղղություններով`

-         Ջերմություն` հանրակացարանաբնակ միայնակ տարեցներին

-         Առաջին օգնության դասընթացներ` սահմանամերձ համայնքների բնակիչների համար

-         Սեր և հոգատարություն` հանրակացարանաբնակ անապահով երեխաներին

Բացի Հյուսիսային պողոտայում գտնվող տաղավարից, կամավորները մասնակցեցին նաև մի շարք Ամանորյա տոնավաճառների և ցուցահանդեսների:

Ակցիան սոցիալական մեդիայում հայտնի է  հետևյալ հեշթեգերով` #IsupportArmRedCross #ԱջակցումեմՀայկականԿարմիրԽաչին #GiveHopewithArmRedCross

Ակցիայի ժամանակ մեծ էր նաև կորպորատիվ հատվածի աջակցությունը` Joomag Armenia, PicsArt Armenia ընկերությունների հետ մեկնարկեցինք #ITforHumanity նախագիծը, որի շրջանակում IT ոլորտի ընկերությունները միավորում են իրենց ջանքերը` հանուն մարդասիրական ծրագրերի:

Ակցիայի խթանմանը միացան նաև ՀԲԸՄ սկաուտական խմբակը և գրող Գրիգը:

Ակցիան ամփոփվեց 2018 թվականի հունվարին: Հանրային ներդրումների շնորհիվ հավաքագրվեց 1 736 650 դրամ, որից`

1)   Ջերմություն` հանրակացարանաբնակ միայնակ տարեցներին - 928 270 դրամ

Երևան, Հրազդան և Աբովյան քաղաքների 120 հանրակացարանաբնակ միայնակ տարեցներին փետրվար և մարտ ամիսներին տրամադրվել են սննդային փաթեթներ։

2)   Առաջին օգնության դասընթացներ` սահմանամերձ համայնքների բնակիչների համար - 363 060 դրամ

Տավուշի մարզի Բերքաբեր, Վազաշեն և Բաղանիս գյուղերի դպրոցների 150 երեխաների և ուսուցիչների համար մարտ և ապրիլ ամիսներին կազմակերպելու ենք Առաջին օգնության, անվտանգ վարքագծի և ականներից պաշտպանության դասընթացներ ու վարժանքներ։

3)   Սեր և հոգատարություն` հանրակացարանաբնակ անապահով երեխաներին - 445 320 դրամ

Երևան, Հրազդան և Աբովյան քաղաքների 70 հանրակացարանաբնակ երեխաների համար ապրիլ և մայիս ամիսներին կկազմակերպենք էքսկուրսիաներ և կրթական միջոցառումներ։

Ծրագրերի իրականացման վերաբերյալ տեղեկությունները կհաղորդվեն հետագա հաշվետվությունների միջոցով: