Նորություններ
Այսօր Առաջին օգնության համաշխարհային օրն է

Այսօր Առաջին օգնության համաշխարհային օրն է

08.09.2018
Այսօր Առաջին օգնության համաշխարհային օրն է

Սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրն ամբողջ աշխարհում նշվում է որպես Առաջին օգնության համաշխարհային օր: Դրա նպատակն է բարձրացնել կյանքեր փրկելու համար առաջին օգնության գիտելիքների ու հմտությունների կարևորության վերաբերյալ իրազեկությունը, ինչպես նաև ջատագովել, որ դրանք հասանելի լինեն յուրաքանչյուրին:

Տարեկան ավելի քան 1.25 միլիոն մարդ է մահանում ավտովթարի հետևանքով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն, եթե հետևողական քայլեր չձեռնարկվեն, մինչև 2030 թվականը ճանապարհատրանսպորտային պատահարները մահացության 7-րդ հիմնական պատճառը կդառնան։ 

Առաջին օգնությունը արդյունավետ և արագ գործողությունների շարքում կենսական նշանակություն ունեցող այն առաջին քայլն է, որն օգնում է կանխել լուրջ վնասվածքները և մեծացնել փրկվելու շանսերը: Այսպիսով, Առաջին օգնության դասընթաց անցնելն ու համապատասխան գիտելիքներ ձեռք բերելն այն արյդունավետ միջոցն է, որ բարձրացնում է ճանապարհային անվտանգության և՝ վթարի դեպքում, պարզ գործողություններ կատարելու վերաբերյալ իրազեկվածությունը։

Արդեն երկար տարիներ է, ինչ Առաջին օգնությունը Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ռազմավարական ուղղություններից է:

ՀԿԽԸ-ն միակն է երկրում, որ Առաջին օգնության Եվրոպական խորհրդատվական կենտրոնի չափանիշներին համապատասխան դասընթացներ   է          իրականացնում տարբեր տարիքային            և մասնագիտական խմբերի          համար՝          արտակարգ իրավիճակներից և դժբախտ պատահարներից բնակչության   խոցելիությունը նվազեցնելու նպատակով: ՀԿԽԸ Առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնի մասնագետներն իրականացնում են նաև ԱՕ սպասարկում զանգվածային միջոցառումների ժամանակ, ինչպես նաև ծրագրեր` ուղղված երեխաների անվտանգ վարքագծի դաստիարակմանը:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով      և        հանդիսանում       է Կառավարությանն աջակցող կառույց` մարդասիրական ոլորտում: ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառդառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց: