Նորություններ
ԱՕ մրցումներ Տավուշում

ԱՕ մրցումներ Տավուշում

06.09.2019
ԱՕ մրցումներ Տավուշում

Պայթուն, ավտովթար, արդյունքում՝ արյունահոսություն, օտար մարմին՝ վերքի մեջ, սիրտ-թոքային վերակենդանացման կարիք, շնչուղիների խցանում, նաև օձի կծած, կրծքահեղձուկի նոպա․ ինչպե՞ս ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել այս դեպքերում։

Օգոստոսի 30-ին Տավուշի մարզի սահմանամերձ ութ համայնքների կամավորական թիմերն Իջևանում ցուցադրեցին իրենց հմտությունները՝ տարածաշրջանային մրցումների ժամանակ։ Յուրաքանչյուր կայանում թիմերին հետևում ու նրանց գործողությունները գնահատում էին Հայկական Կարմիր խաչի ընկերության առաջին օգնության հրահանգիչները, որոնք մինչ այդ դասընթացներ էին անցկացրել Բարեկամավան, Դովեղ, Վաղանիս, Ոսկեպար, Սևքար, Բերքաբեր, Ներքին Ծաղկավան, Վազաշեն համայնքների բնակիչների համար։

Դասընթացները և տարածաշրջանային մրցումները տեսական գիտելիքներ ձեռք բերելու և դրանք գործնականում կիրառելու համար են: Ծրագիրն իրականացվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցության շրջանակներում: Նպատակն է առաջին օգնության գիտելիքներ և հմտություններ սովորեցնել տեղի բնակչությանը՝ ստեղծելով պատրաստված անձնանց խումբ, որոնք անհրաժեշտության դեպքում կկարողանան ցուցաբերել առաջին օգնություն, տուժածին տեղափոխել հիվանդանոց, քանի որ սահմանամերձ գյուղերում շտապօգնությունը հաճախ դժվար հասանելի է:

Տուժածները Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներն էին, որոնք 3 ժամ շարունակ անձնվիրաբար կատարեցին կոտրվածք, կտրվածք և շոկ ունեցող վիրավորների դերեր։

Մրցումներում առաջին տեղը զբաղեցրեց Վազաշենի թիմը, երկրորդ տեղը՝ Դովեղի, երրորդ տեղը՝ Բարեկամավանի թիմը:

Մասնակիցները և կամավորները ստացան նվերներ: Մրցանակներ ստացան նաև լավագույն Առաջին օգնողները և Լավագույն ավագները։