Նորություններ
Փախստականների միջազգային իրավունքը և...

Փախստականների միջազգային իրավունքը և Հայաստանում միգրացիայի օրենսդրությունը

09.11.2015
Փախստականների միջազգային իրավունքը և Հայաստանում միգրացիայի օրենսդրությունը

Նոյեմբերի 2-3-ը Անի պլազա հյուրանոցում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ միասին, “Սիրիահայերի ինտեգրման խթանում” ծրագրի շրջանակներում կազմակերպել էր սեմինար` ”Փախստականների միջազգային իրավունքը և Հայաստանում միգրացիայի օրենսդրությունը” թեմայով:

- Այս հանդիպումը նախաձեռնել ենք ՄԱԿ ՓՀԳ-ի հետ, որպեսզի հենց մասնագետները ներկայացնեն թեման: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի ուղղության շրջանակներում, 2012 թվականից սկսած ակտիվ աջակցություն է տրամադրել Հայաստան տեղափոխված սիրիահայերին` օգնության ծրագրերից անցնելով զարգացման ու ինտեգրման ծրագրերի: Այս ծրագրի շրջանակներում, օրինակ, մենք աշխատաշուկայի հետազոտություն ենք անցկացրել, որպեսզի օգնենք մեր շահառուներին աշխատանք գտնել Հայաստանում, - բացելով հանդիպումն ասաց ՀԿԽԸ Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը, - կարծում եմ այս սեմինարի ընթացքում ստացված տեղեկատվությունը կօգնի փախստականների հետ աշխատանքի ընթացքում:

Սեմինարին մասնակցում էին ոչ միայն անմիջականորեն փախստականների աշխատող պետական մարմինների, ՀԿ-ների ու միջազգային կազմակերպությունների, այլև` Աշխատանքի և սոցիալական ապահովման, Կրթության և գիտության, Առողջապահության նախարարությունների, ինչպես նաև քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Այս կառույցները փախստականների խնդիրներին առնչվում են նրանց ինտեգրման փուլում:

Մասնակիցները ծանոթացան ապաստան հայցողների և փախստականներին վերաբերող միջազգային օրենսդրությանը և փաստաթղթերին, կարգավիճակ ստանալու կարգին, ՀՀ-ում փախստականների վերաբերյալ օրենքին, փախստականների մեծ ներհոսքի դեպքում` երկրի մակարդակում արձագանքման համակարգմանը: