Կապի մեջ եղեք հարազատների հետ՝ COVID-19 համաճարակի ժամանակ

30.03.2020
Կապի մեջ եղեք հարազատների հետ՝ COVID-19 համաճարակի ժամանակ

Կորոնավիրուսի պանդեմիան և դրա հետևանքները բացասաբար են ազդում ընտանեկան կապերի վրա, քանի որ իրականացվող համընդհանուր լայնածավալ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում սահմանափակվում է տեղաշարժը, փակվում են սահմանները և սահմանվում է կարանտին՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով:


Այս իրավիճակում, երբ աճում է վախի ու անորոշության զգացողությունը, ավելի քան երբևէ կարևոր է դառնում Ընտանեկան կապերի վերականգնման ծառայությունների աշխատանքը նրանց համար, ովքեր բաժանվել են իրենց հարազատներից։ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) «Որոնում» ծառայությունը պատրաստ է արձագանքել այս իրավիճակում։

 

Մենք կոչ ենք անում նրանց, ում հարազատները գտնվում են արտերկրում, հավաստիանալ, որ ձեր հարազատը մենակ չէ և դուք ունեք այն մարդկանց կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլ. փոստ), որոնք մշտական կապի մեջ են Ձեր հարազատի հետ։ Բացի այդ, մենք առաջարկում ենք, որպեսզի Ձեր հարազատն էլ Ձեր կոնտակտային տվյալները տրամադրի այդ մարդկանց (ընկերներ, հարևաններ, գործընկերներ, գործատու)՝ խնդրելով կապ պահել այն դեպքում, եթե հաղորդակցությունն անհնարին դառնա ձեր միջև: Սա պետք է արվի ընտանեկան կապերի հնարավոր խզումը կանխելու նպատակով:

 

Խորհուրդ ենք տալիս նաև Հայաստանում բնակվող օտարերկրացիներին, մասնավորապես, ովքեր Հայաստանում են գտնվում առանց ընտանիքի անդամների, գործել նույն կերպ։ Խնդրում ենք, տրամադրեք ընկերոջ, հարևանի կամ գործընկերոջ կոնտակտային տվյալները Ձեր երկրում գտնվող հարազատներին և հակառակը:

 

Եթե արդեն կորցրել եք կապը Ձեր սիրելիների հետ, դիմեք ՀԿԽԸ «Որոնում» ծառայություն՝

ք. Երևան, Պարոնյան 21/1, հեռ.՝ +374 60 625066, էլ․ փոստ՝ [email protected]։


Առո´ղջ եղեք:

Եղե´ք կապի մեջ։